Կոչեմ ապրողաց Գրեղեն կոթող


Արցախյան գոյամարտը բյուր բազում կյանքեր խլեց, բայց նաև հերոսներ ծնեց` անմահությանը հանձնելով անունները խիզախ նահատակաց, ովքեր վասն հայրենյաց` զոհասեղանին դրեցին ամենաթանկն ու անփոխարինելին… Բայց նրանց անունները` հավերժին ի պահ, սերունդներին փոխանցել է պետք: Եվ շնորհակալ այդ գործն ի սկզբանե արժանապատվորեն է ստանձնել նաև` ազատամարտիկ Աշոտ Չախոյանի նման արծիվ որդի կորցրած, անհուսաբեկ մի Մայր, ում հոգին հավասարաչափ կսկծում է մեր բոլոր զոհերի համար: Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» ռադիոհաղորդաշարն ամենամեծ լսարան ունեցողներից է: Հաղորդաշար, որի ունկնդիրներից յուրաքանչյուրը համակվել ու համակվում է ցավախառն նույն հպարտությամբ. հայրենիքի նվիրյալները սոսկ իրենց մայրերի զավակները չեն` Երկրի°նն են, Ժողովրդի°նը: Իր պրպտուն մտքի և ցաված, բայց չդառնացող հոգու հառաչից ծնված դիմանկարները Գոհար Մարտիկյանն ամփոփել է նույնանուն` «Ապրելու բանաձև» գեղարվեստական վիպերգում, որի երրորդ գիրքն արդեն ընծայվել է ընթերցողին: Գրքի տեսքով վիպերգը ներկայացնելու նախաձեռնությունն, ի դեպ, Արմեն Ամիրյանինն է: Իսկ այս գիրքը տպագրվել է Արցախյան գոյամարտի 20-ամյակի առիթով` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հովանավորությամբ: Խիստ խորհրդանշական է հերոսացած ազատամարտիկների լուսեղեն կերպարներն ամփոփող բնաբանը` «Այս է իմ պատհուէրը, որ սիրէք միմեանց, ինչպէս եւ ես սիրեցի ձեզ: Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ»: Ավետարան ըստ Հովհաննեսի ԳԼ. ԺԵ 12 Սա, ասես, նաև Գ. Մարտիկյանի հորդորն է ու ցանկությունը: