ՍԵՐ` ՄԱՐԴՈՒ ՀԱՆԴԵՊ


Սեր` մարդու հանդեպ. եթե հակիրճ, ապա այսպես կարելի է ձևակերպել Ֆելիքս Բախչինյան մտավորականի սերմանածը£ Ու այդ սերը հենց իր էությունից է հորդում` համակելու շրջապատողներին£ Ինչպես մի առիթով (կատակով ,թե լուրջ) նկատեց գրողի ակնարկային հերոսներից մեկը` գրելով մարդու մասին, Ֆ. Բախչինյանը նաև պարտավորեցնում է դառնալ կամ մնալ այնքան շիտակ ու արդարամիտ, որպիսին Ֆելիքսն է ճանաչել քեզ£ Պատահական չէ, որ հատկապես Նանսենի անվամբ նա կնքեց իր ստեղծած հիմնադրամը. մեծ մարդասերի, հայերիս մեծ բարեկամի գործն ու հոգու կրակները նա իր հեղինակած գրքերով ու նաև «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալներով է բաշխում բոլոր նրանց, ում կեցվածքում, ում կենսագրության մեջ լուսավոր կետեր է հայտնաբերում£ Իսկ մարդկանց ճանաչելու ու գնահատելու արվեստը մեր գրչընկերոջ համար նույնպես բնատուր է` ինչպես ամեն ինչի մեջ լավը որոնելու եզակի ունակությունը£ Եվ բեղուն իր գրչով ու հետևողականորեն, հոգու ձայնին ունկնդիր` Ֆելիքս Բախչինյանը շարունակում է ստեղծագործությունների էջերում պահ տալ իր իսկ որոնած, սեփական հայացքով (բայց` ոչ հայեցողաբար) գտած մեր ժանակակիցների կերպարները£ Նրա համար անկարևոր չեն երբևէ ասված անկեղծ խոսքը կամ շատերին անհաղորդ թողած որևէ արարք£ Վկայությունը բազում այն գիրք-գրքույկներն են, լրագրային այն հրապարակումները (ի դեպ` նաև «Ավանգարդ» թերթում), որոնք «Ձոն մարդեղենի» խորագիրը կարող էին կրել£ Պատահական չէր, որ նորերս նրա հեղինակած` մեկ տասնյակից ավելի գրքերի շնորհանդեսը ոչ այլուր, քան Արարատյան թեմի առաջնորդարանում էր կազմակերպել. այն էլ` թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռնարկմամբ£ Բազմամարդ սրահում հավաքված նույնիսկ միմյանց անծանոթ մարդիկ այդ երեկո իրենց բարեկամներով շրջապատված էին զգում£ Իսկ շնորհանդեսի հերոսը այդօր նույնպես փորձում էր ընդհատել մեծարանքի խոսքերն իր հասցեին£ Եվ հրատարակված գրքերն էլ, հյուրընկալ տանտիրոջ առատաձեռնությամբ նվիրում էր բոլոր ցանկացողներին£ Ոչ այն նպատակով, որ ընթերցող էր որոնում, այլ` որպեսզի հնարավորինս շատերն իր հերոսներին ճանաչեն այնպես, ինչպիսին նրանց տեսել է Ֆելիքս Բախչինյանի մարդասեր հայացքը£ Առողջ եղի°ր, սիրելի բարեկամ ու Ամանորը թող ստվարացնի այն մարդկանց շարքերը, ում հոգիներում դու նորից գտնելու ես քո որոնած լույսը£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ