2009-ը նաև նոր նախագահի նորամուտով կնշանավորվի Միացյալ Նահանգներում
Հոռետեսորեն տրամադրված որոշ շրջանակներում հակված են կարծել, թե գալիք տարվա առաջին կիսամյակում արյունալի իրադարձություններ են սպասվում աշխարհում: Ընդհուպ մինչև` միջուկային «շոուներ», որոնք էլ հենց կարող են ԱՄՆ-ին մղել` աշխարհը վերաձևելու նոր փորձ կատարել: Այդ պարագայում, իհարկե, Ռուսաստանը լուսանցքում չի մնա: * * * Ռուսական մամուլը սենսացիոն անկեղծություն է որակել դեռ մինչև վերջերս սենատոր Ջո Բայդենի այն հայտարարությունը, թե առաջին կես տարում Օբամայի կառավարությանը ծանր փորձություններ են սպասվում: Օբամայի կողմից փոխնախագահ ընտրված Բայդենը հոկտեմբերի 19-ին նաև ասել է, որ միջազգային ճգնաժամի 4-5 սցենար կա, որոնցից մեկի սկզբնաղբյուրը կդառան Միջին Արևելքը, Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան կամ Ռուսաստանի Դաշնությունը: Նա խոսել է և Պակիստանի ու, իհարկե, Ալ-Քաիդայի մասին: Նախկին սենատորը կարծիք է հայտնել, որ Օբաման ստիպված է լինելու նախ մաքրել Ամերիկայի տնտեսության ավգյան ախոռները, այլապես ներկա ճգնաժամը ոչ միայն ֆինանսական, այլև համակարգային բնույթ է կրելու: Իր ունկնդիրներին նա կոչ է արել«ամուր ձգել գոտիները»` դժվար ժամանակներ են լինելու: Թեև Օբաման նրա այդ ելույթը վերագրել է հռետորական չափազանցությունների, այնուամենայնիվ, չարագուշակ զարգացումներ ակնկալողները հակված չեն դրանք սոսկ խոսքեր համարել: * * * Վկայակոչելով ամերիկյան անկախ վերլուծաբան Մայքլ Հոսսուդովսկիի` հոկտեմբերի 31-ին տպագրված մի հրապարակումը («Երկրորդ սեպտեմբերի 11-ը. ամերիկյան ռազմական դոկտրինի անքակտելի մասը», կարծիք է ձևավորվել, թե ԱՄՆ-ի վերնախավը համոզված է, որ իրենց երկրին նոր ահաբեկչություն է սպառնում: Իսկ ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավար Մայքլ Չերտոֆֆը 2008-ի ապրիլին հայտարարել էր, որ գիտության ու տեխնիկայի նվաճումները ահաբեկչական ամենափոքր խմբերին անգամ թույլ են տալիս հարյուր հազարավոր մարդիկ սպանել: Դիկ Չեյնին էլ, մայիսի 26-ին, Ուէյսթփոյնթի ռազմական ակադեմիայում է անկեղծացել` - Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ մենք նորից հարձակման չենք ենթարկվի: Ավելին, 2007-ի օգոստոսին «Ֆոքս նյուս» հեռուսաալիքով իր հարցազրույցում Ստյու Բիկովսկին հայտարարել է, թե Ամերիկան «նոր սեպտեմբերի 11-ի» կարիքն ունի, որովհետև մոռացել է, թե ով է իր թշնամին: Որովհետև հասարակությունը նորից պառակտվել է և տառապում է հակառազմական տրամադրություններով: Իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունների նախօրյակին Օբաման ու Մակքեյնը համերաշխորեն խոսել են նոր «սեպտեմբերի 11-ի» վտանգի մասին: * * * Տերը չարասցե, բայց հնարավո՞ր է սպասվող այդ ահաբեկչությունը միջուկային լինի: Նման վարկածի հնարավորությունը չբացառողները վկայակոչում են Բայդենի աղմկահարույց անկեղծությանը հաջորդած մեկ այլ հայտարարություն, որի հեղինակը Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսն է: Նա ասել է, որ իրեն «անհանգստացնում են տասնյակ հազարավոր միջուկային հին ականները, միջուկային հրետանային ռումբերը», քանզի, ըստ նրա` հավանաբար ռուսներն էլ պատկերացում չունեն, թե որքան շատ են նման ռազմամթերքները և որտեղ են դրանք գտնվում: Եվ ռուս վերլուծաբանները օրինական հարցադրում են կատարում. բացառվո՞ւմ է, արդյոք, ահաբեկչական պայթյունը` 2009-ի առաջին կիսամյակում: Դիցուք` մուսուլման ները 90-ականներին, ասենք` ՌԴ-ում կամ անկայուն Պակիստանում գտել ու հափշտակել են մարտական նման մի արկ: Դաժան փորձություն կլինի դա նոր Նախագահի համար: Բայց նաև հարմար առիթ` արտակարգ դրություն և պատերազմ հայտարարելու համար: