Իսկ արժե՞ Դեղին Ցուլի ճաշակով ապրել


Աստղագետներն այսպես են բնութագրում գալիք 2009 թվականը: Նրանց հաշվարկներով` Դեղին Ցուլը հաջողություններ է խոստանում հատկապես արդյունահանման և բնապաշարների մշակման, գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներին, ինչպես նաև հողատերերին և անշարժ գույքի սեփականատերերին: Իհարկե` եթե բոլորի նման նրանք էլ տնտեսելու և ճիշտ ծրագրելու ունակություն ունենան: Առանձնապես ծանր կարող են լինել հունվարը և օգոստոսը: Ասել է թե` չպետք է թույլ տալ, որ Ծննդյան տոներն ու ամառային արձակուրդները բթացնեն զգոնությունը և հաշվարկելու կարողությունը, որովհետև մանավանդ այդ ընթացքում են հավանական ֆինանսական դժվարությունները` բնական աղետներով պայմանավորված: Եվ աստղագետները խորհուրդ չեն տալիս 2009-ին Թուրքիա, Հոլանդիա, Չինաստան, Սիրիա, Հասարակածային Աֆրիկա և խաղաղօվկիանոսյան կղզիներ, Ֆրանսիա, Չեխիա, Ավստրիա ու Սիցիլիա այցելել. ծայրահեղ դեպքում` գոնե չափազանց զգուշավոր պետք է լինել: Ինչ վերաբերում է ամանորյա հանդերձին, ապա ցանկալի են համարվում պայծառ երանգները` դեղինը, ոսկեգույնը, ավազագույնը, բաց կիտրոնագույնը, վառ սրճագույնը: Կարելի է նաև բաց վարդագույն, մեղմ կանաչ և ծովային ալիքի գույնի զգեստներ կրել: Բայց ճիշտ կլինի հրաժարվել սև, մուգ դարչնագույն, նարնջագույն և վառ կարմիր հագուստներից: Խորհուրդ չի տրվում նաև Ամանորի գիշերը փայլուն, արհեստական քարերով հագուստ և կոշիկ կրել կամ փաթաթվել մորթեղենով: Ցանկալի են արծաթյա, հատկապես սպիտակ ոսկյա և պլատինե շքեղ զարդերը, դաջվածքներն ու բացառիկ դիմահարդարանքը: Ո՞վ գիտե, Դեղին Ցուլը, երևի, նման արտառոցություններ է սիրում: *** Այնուամենայնիվ, յուրաքանչյուրն ինքը թող որոշի` արժե՞ Դեղին Ցուլի ճաշակով ապրել…