ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԱՎԵԼԻ ՈՒՇ


Ինչ-որ սարք է խափանվել ազգս դարից-դար տեղափոխող տապանի շարժիչ համակարգում, և գնալով ահագնանում են փրկության ազդականչերը: Ահագնանում են` նախազգուշացնելով մոտալուտ վթարի մասին: Իսկ մի՞թե վթար չէ հարկադիր այս կանգառը, որտեղ հայտնվել ենք արդեն շուրջ 25 տարի: Կանգառում սովորաբար համապատասխան ուղղությամբ գնացող փոխադրամիջոցի են սպասում: Մե՞նք ինչի ենք սպասում. ճշտե՞լ ենք, թե ո՞ր երթուղին մեզ բարեհաջող ու ապահով մինչև հաջորդ դարի ափ կհասցնի:

Չգիտենք ու չենք էլ կարողանում ճշտել, որովհետև մի աչքով դեպի հյուսիս ենք նայում, մյուսով` դեպի արևմուտք: Կիսաշիլ դարձած` շարունակում ենք օտարներից ուշադրություն մուրալ: Մեր սեփական շահերն օտարների գրպանը դրած` ուրախանում ենք, եթե մեզ չեն քարկոծում: Ու այսպես սպասում ենք, թե ո՞վ կբարեհաճի շենացնել մեր տունը, թե ո՞ր կողմից փչող քամին կջերմացնի մեր սառած հոգիները:

Անկախության քննությունը թեև շատ թանկ գնով, բայց հաջողությամբ հանձնեցինք, և հետայդու սկզբնավորվեց այս ճանապարհը, որը դեպի ոչ մի տեղ չի տանում: Իսկ մենք ուզո՞ւմ ենք դուրս գալ արդեն ճահճի գարշություն տարածող հարկադիր այս կանգառից: Ճի´շտ եք ասում` դուրս բերող է պետք, բայց ո´չ երբեք օտարների «դդում-կառ քերը», որոնք հեքիաթային վերջաբանի հանգույն` միշտ անհետանում են, երբ ղողանջում են իրականության զանգերը: Այդ զանգերը յուրաքանչյուրի շահն է ու որոնածը ստացած լինելու ազդանշան: Իսկ մեր շահը շարունակում է մնալ «մի օր» կոչվող անորոշ ապագայի մոխիրների տակ:

Գուցեև շատ ենք ուշացել և հաստա´տ կարելի էր ավելի վաղուց «պեղել» այդ մոխիրն ու լալահառաչ սպասումների, խրոխտաձայն միմյանց պարսավելու փոխարեն այդ` ազգային շահը որպես դրոշ պարզեինք Հայաստան մեր տան երկնակամարում: Կարելի էր, իհարկե, շատ ավելի վաղուց այդ անել, սակայն այլևս հապաղելու ժամանակ չի մնացել: Եվ սահմանների անառիկությունն իրենց կյանքով ու արյամբ պաշտպանող տղաներից հետո կհերոսանա այն անհատը, ով կասի`

- Ժողովուրդ, հասկացել եմ ցավդ, համոզվել եմ, որ լավ նավարարը թույլ չի տա նավը խորտակվի` քանի դեռ այն փրկելու հույս կա: Ես անվնաս` ափ եմ հանելու մեր տապանը:

Եվ ասի ոչ թե գեղեցիկ բառերով, նախընտրական խոստումներ շռայլող ճառասացի պաթոսով, այլ` գործնական առաջին քայլով:

Ո՞րը կարող է լինել այդ քայլը: Բոլո´րը գիտեն. պետք չէ նույնիսկ սոցիոլոգ կամ հասարակական կարծիքն ուսումնասիրող մարդիկ վարձել: Նույնիսկ հեքիաթային թագավորների նման աղքատի հագուստ պետք չէ հագնել` հանրության կարծիքը լսելու համար:

Փառք Աստծո, խոսքի ազատությունը մեզանում միակ կայացած «ոլորտն» է: Ահավասիկ` առաջին կարծիքը. թափանցիկ հավասարություն: Սա կուլակաթափության առաջարկ չէ, բայց եկեք օգնենք իրենց փողերի ձեռքը կրակն ընկած օլիգարխ-հարստահարողներին, թող վեցանիշ թվերով ազգային տուրք վճարեն: Համ պետբյուջեն կհարստանա, համ էլ հոգեառ հրեշտակին կբացատրեն, որ կուտակել էին` երկրի նեղ օրվա համար:

Կամ, տարատեսակ բարեգործներ ու բարեգործական հիմնադրամներ կան: Թող հայեցողաբար բարեգործություն անելու փոխարեն նույն գումարները բաշխեն այնպես, որ բոլորին մաս հասնի: Դիցուք, մի քանիսի ուսման վարձերը վճարելու փոխարեն թող նախատեսված գումարը փոխանցեն բուհերին` բոլորի ուսման վճարները պակասեցնելու պայմանով: Չէ՞ որ բարեգործության դիմաց իրենք ևս որոշակի շահաբաժին ունեն:

Եվ կամ` պետական նպաստները. բոլորը գիտեն, թե որքան պայմանական է անապահովության շեմը որոշելը: Ի՞նչ կարիք կա ինչ-որ միավորներ գումարել ու հանել, երբ անապահով են նաև նպաստառու ճանաչվածներից 1000-2000 դրամ ավելի ստացողները: Գուցե նպաստ կոչվող հավելավճարով պետբյուջեն մարի դիցուք` ամսական 80.000-ից ցածր եկամուտ ունեցողների հոսանքի ու գազի (թեկուզ դրանցից միայն մեկի) վարձը…