Մեր ապահովության երաշխիքը

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Քաղաքագետների պնդմամբ` հետխորհրդային երկրների բնակիչները մի ընդհանուր բնութագիր ունեն` դա կորուստն է ապահովության այն զգացումի, որը Խորհրդային Միության բնակիչներն ունեին: Մարդկանց կյանքի սովորական ընթացքը միանգամից փոխվեց, լավ կրթությունն ու անհատական արժանիքները դադարեցին լինել կյանքում առաջ գնալու և նյութապես շատ թե քիչ ապահովված լինելու պայման: Իսկ առավել դժվար ճանապարհ բաժին հասավ Հայաստանին, որովհետև փլուզվող հսկա երկրի ավերակների մեջ մենք հայտնվեցինք պատերազմական իրավիճակում:

- Ի՞նչ է մտածում այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեր երկրի մասին, ի՞նչ պետք է փոխվի մեր կյանքում, որպեսզի մարդիկ Հայաստանում իրենց ապահով զգան: Այս հարցին խնդրեցինք պատասխանել մի քանի քաղաքացու:

Էդիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ապրանքագետ

- Ես այն մարդկանցից չեմ, ովքեր առիթ են փնտրում, որ հայրենիքից հեռանան, դրա համար էլ ուզում եմ, որ Հայաստանում կյանքը բարելավվի: Իմ անելիքն իմ հողում ապրելն ու աշխատելն է, ինչ վերաբերում է պայմաններին` դրանք ստեղծելը իշխանությունների պարտականությունն է: Մենք ընդամենը 25 տարի ենք անկախ, բնական է, որ դա հաջողության հասնելու համար փոքր ժամանակահատված է, պետք է ավելի համբերատար լինենք: Մի հարց է անբացատրելի` այդ կարճ ժամանակում ոմանք ինչպե՞ս կարողացան հարստանալ: Պարզ է, որ դրան հասել են անօրինական ճանապարհով, ամբողջ ժողովրդի հաշվին: Եթե դա չլիներ` մեր երկիրն ավելի հարուստ ու ապահով կլիներ: Ինձ համար հենց դրանք են կարևոր` մարդը կարողանա արժանապատիվ ապրել ու պատերազմի վտանգ չզգա: Որպեսզի մեր Հայաստանում կյանքը լավանա, պետք է միասնական լինենք: Շատերի կարծիքով մեզ պակասում է արդարությունը: Կոռուպցիան ու կամայականությունը տարածված են, բայց իմ կարծիքով մեզ ամենից շատ խանգարում է անհամերաշխությունը: Օրինակ, ո՞ւմ են պետք այսքան կուսակցություններն ու կազմակերպությունները, որոնք պայքարում են իրենց քաղաքական շահի, ոչ թե երկրի զարգացման համար: Դրանց էլ ավելացրած` աղանդներն ու ամեն կարգի թափթփուկները, որոնք մեկ էլ տեսար` հայտնվեցին Բաքվում ու սկսեցին հակահայկական հիմարություններ դուրս տալ: Մեզ միշտ խանգարել են դավաճանները, հիմա էլի նույն ցավով ենք տառապում: Մենք էլ փոխանակ մեր հերոսների մասին ներբողներ ասենք, ավելի շատ դավաճաններից ենք խոսում: Մի քանի անգամ նույնիսկ բանավեճի մեջ եմ մտել մարդկանց հետ, ովքեր պնդում էին, թե դավաճանությունը մեր արյան մեջ է: Այսինքն, ես կարծում եմ, որ մեր երկրում ընդհանուր մթնոլորտն է անտանելի: Պակաս-պռատին էլ կարելի է դիմանալ, ցուրտ ու երաշտին էլ, եթե կուզեք իմանալ` թշնամու հարձակումներին էլ: Բայց եթե ներսում հաշտություն չկա, հաջողությունը մեր դուռը չի թակի: Ես ուզում եմ ապրել այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն մեկը կարող է իր կարծիքը հայտնել, և որտեղ մեկը մյուսին հարգում է:

Անժելա ՄԱՐԿՈՍՅԱՆ. մանկավարժ

- Իմ հայրենիքում ես ինձ ապահով ու երջանիկ կզգամ, եթե տեսնեմ, որ արժանավոր մարդիկ են գնահատվում, ոչ թե պաշտոնյաների ծանոթներն ու բարեկամները, կամ նրանք, ում երեսն ավելի պինդ է: Սրա վտանգն այն է, որ երբ տաղանդները տեսնում են անտաղանդներն են հաջողության հասնում, մեծ-մեծ գումարներ վաստակում, հուսահատվում են, էլ չեն ուզում ստեղծագործել: Սրա պատճառով մեր երկիրը նմանվում է նավի, որտեղ ով ասես կարող է իրեն նավապետ հռչակել: Սա դեռ մշակույթի բնագավառում, հապա գիտությունը... Որքան գյուտեր ու հայտնագործություններ են ննջում պաշտոնյաների դարակներում: Շատ եմ լսել ու կարդացել, որ արևի էներգիայով կարելի է ջեռուցում ապահովել: Գուցե մեր երկրի տնտեսական զարգացման ապագան հենց արևն է, իսկ Հայաստանում, ինչքան գիտեմ, արևոտ օրերի թիվը տարվա մեջ միջինից բարձր է: Ով իմանա, հնարավոր է, որ վաղն ամբողջ աշխարհն սկսի անմիջականորեն արևից էներգիա ստանալ, և նավթի ու գազի կարիքն այլևս չզգացվի: Որ մտածում եմ` նավթի ու գազի պատճառով ինչքան արյուն է թափվել երկրագնդի վրա, քանի-քանի ազգ ու պետություն է տուժել... Ինչքան գիտեմ` հայերի ցեղասպանության հիմքում նույնպես նավթագազային շահերն են եղել, չնայած այդ մասին շատ քիչ է խոսվում:

Ջուլիետա ԱԴԱՄՅԱՆ. նախկին կապավոր

- Ե՞րբ ապահով կզգա՞մ, երբ վստահ լինեմ, որ որդիներս սեփական տանիք ունեն: Երկու որդիս էլ արցախյան պատերազմին մասնակցել են: Մեկի տեսողությունը շատ է թուլացել: Իսկ հիմա ծանր պայմաններում են ապրում, երկուսն էլ` վարձով: Իրենց երեխաներին պահելու համար կայուն աշխատանք էլ չունեն, իսկ ես ու ամուսինս արդեն ծերացել ենք, հազարումի հիվանդություն ունենք, ամբողջ օրը հիվանդանոցների դռներին ենք: Եթե տղաներս տուն ու աշխատանք ունենային, մենք էլ ձեռքից եկածն անեինք ու օգնեինք, ամեն ինչ լավ կլիներ: Ամուսինս ամբողջ օրը լուրեր է լսում ու գլուխն օրորում` այս ինչ ենք դարձել, այս ուր ենք գլորվում Բայց դե, հույսս չեմ կորցնում: Ավելի ծանր օրեր ենք տեսել ու դիմացել ենք: Տեսնեի` թոռներս իրենց նպատակին հասել են, էլ դարդ չէի ունենա:

Աղվան ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. լուսանկարիչ

- Մի քանի տարի Եվրոպայում ապրելուց հետո վերջերս եմ Հայաստան վերադարձել: Իմ հայրենակիցներին ուզում եմ ասել, որ մեր աղքատ, թշնամու թիրախ դարձած հայրենիքից լավ տեղ աշխարհում չկա: Ես լուրերին հետևում եմ ու տեսնում եմ, թե մեր երկրում ինչքան անարդարություններ են կատարվում, ինչքան շտկելու բան կա, որքան ջահել կյանքեր են հակառակորդի ստորություններին զոհ գնում: Բայց մտածում եմ` հայի բախտն էլ դա է, մեզ միշտ են ուզեցել այստեղից դուրս քշել ու կողոպտել: Չեմ ասում հաշտվենք, ստրուկի նման ապրենք: Ընդհակառակը` պետք է պայքարենք մեր բնօրրանում միշտ ապրելու համար: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Այն արժեքները, որ մեր ազգն է ստեղծել, քիչ երկրներում կգտնեք: Բայց ինձ համար գլխավորն այլ բան է` միջանձնային հարաբերությունները: Հայը սրտաբաց, կարեկից, բարեկամասեր մարդ է: Ինչքան էլ տխուր կամ հուսահատ լինես, բարեկամդ կամ ընկերդ սփոփող խոսքերով հուսահատությունդ կցրի: Մնում է, որ մեր կառավարման համակարգում նույնպես ազգային որակները ներդրվեն, ոչ թե դրսից պարտադրվողը: Ծիծաղելի է, երբ մեզ ժողովրդավարություն են սովորեցնում: Մեր արքաները երբեք կամայական որոշում ներ չեն կայացրել` միշտ վճռական խոսքն ասել է Ավագանին: Ուզում եմ ասել` մի քիչ ջանք գործադրելով կարող ենք մեր երկիրը դարձնել այնպիսի պետություն, որտեղ ոչ միայն Հայաստանի քաղաքացիները կուզենան ապրել, այլև աշխարհով մեկ ցրված հայերը: Իսկ դրանց հասնելու համար պետք է սկսել ընտրությունները չկեղծելուց: Մի քանի հազար դրամով ձայնը վաճառող մարդը երբեք լավ չի ապրելու ու միշտ դժգոհելու է երկրի վիճակից, իր վիճակից, անիծելու է աշխարհն ու իր բախտը: Հայաստանում կա մի ահավոր երևույթ. պաշտոնը չարաշահածները, պետության հաշվին հարստություն կուտակածները, տարբեր հանցանքներ կատարածներն իրենց արարքների համար երբեք չեն պատժվում, աշխատանքից հանգիստ ազատվում են ու գնում արտասահմաններ` կուտակածը վայելելու: Ես ապագայի հանդեպ լավատես եմ, հավատում եմ, որ ներքին տարաձայնությունները հարթելու միջոցով հնարավոր կլինի իրական արդյունքների հասնել:

Ռազմիկ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ. սոցիալական ոլորտի աշխատող

- Որպեսզի երկրի բնակչությունն իրեն ապահով զգա, պետք է այդ երկիրը տնտեսապես զարգացած լինի, ռազմապես էլ պաշտպանված: Ես ոչ մի հույս չունեմ, թե Հայաստանում մոտ ժամանակներս տնտեսական թռիչք կարձանագրվի, կամ որ ադրբեջանցիների ախորժակը կփակվի: Իհարկե, ես իմ երկիրը սիրում եմ ու ոչ մի տեղ չեմ արտագաղթի, բայց կուզենայի, որ սկսված բարեփոխումները կանգ չառնեին: Մտահոգությունս այն է, որ մեզանում շատ մեծ հաջողությունների է հասել վարկաբեկման համակարգը: Հենց որ մեկը փորձում է մի լավ գործ անել, չորս կողմից հարձակվում են, բամբասանքներ տարածում, հորինովի փաստեր ասպարեզ գցում` մինչև որ մարդուն հեղինակազրկում են ու պաշտոնից հեռացնում: Այսօր դա այնքան հեշտ է: «Ֆեյսբուքում» մի ստատուս ես գրում, ընկերներդ դրա տակ մեկնաբանություններ են գրում, տարածում են, ուրիշներն են արձագանքում, ու գնաց... Իմ երազած Հայաստանը, որտեղ ինքս կցանկանայի ապրել, որտեղ կուզենայի, որ երեխաներս ու նրանց երեխաներն ապրեն, պետք է լինի հարուստ, ունենա պաշտպանված սահմաններ, ծերության հասած մարդիկ էլ ամեն ինչով ապահովված լինեին: Մեր հարևանուհուն հիշեցի, որ ապրում է քառասուն հազարի կարգի գումարով, ձմեռը չի համարձակվում գոնե մի սալօջախ միացնի, թե չէ հացի ու ամենօրյա անհրաժեշտ դեղերի փողի չի հերիքի: Իմ երազած Հայաստանում երիտասարդները պետք է բանակ գնան միայն ու միայն թրծվելու, իսկական տղամարդ դառնալու համար, ոչ թե կույր գնդակներին զոհ դառնալու:

Սուրեն ՀԱԿՈԲՅԱՆ. նախկինում ինժեներ, այժմ թոշակառու

- Ես ինձ ապահով կզգամ, եթե ապրեմ այնպիսի պետության մեջ, որը կառավարում են ազնիվ, բանիմաց ու հայրենասեր անհատները: Ուրիշ ասելիք չունեմ: Եթե քեզնից բարձր դիրք զբաղեցնող մարդուն չես հարգում, ինչպե՞ս կարող ես նրա մտադրությունները ազնիվ համարել ու նրա ասածով շարժվել: Դրա համար էլ մեր երկրում ոչ մի գործ առաջ չի գնում: Մարդիկ դիրքի են հասնում ծանոթ-բարեկամների ու առած դիպլոմների շնորհիվ: Իսկ եթե փորձես թափ տալ, երկու տառից բացի ուրիշ գիտելիք չես գտնի: Իսկ, այ, մեծ ախորժակ հաստատ կտեսնես:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ