Սա կոչվում է համաժողովրդական սեր


Ո՞ր պաշտոնյան չէր նախանձի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարուհուն: Իհարկե, ոչ թե նրա առողջությունը, այլ` առողջությունը վերականգնելու համար նրան իրենց երիկամը նվիրելու պատրաստակամությունը:

Հնդկաստանի սոցցանցերի օգտատերերը զանգվածաբար պատրաստակամություն են հայտնում իրենց առողջ երիկամներից մեկը նվիրաբերել Սուշմա Սվարաջին: Վերջինս համացանցային իր էջում անկեղծացել էր տվիթյան ընկերների հետ, որ նախապատրաստվում է երիկամի փոխպատվաստման:

54-ամյա նախարարուհին տառապում է շաքարախտով, ինչի արդյունքում երիկամները չեն գործում:

Սոցցանցի ընկերների մտահոգ արձագանքներն ու ի սրտե առաջարկներն, ինչ խոսք, մեծ բալասան են տիկնոջը, բայց նախևառաջ` նման վերաբերմունքը նրա իսկ աշխատանքի գնահատականն է ու գոհունակությունն այդ աշխատանքից:

Բի-բի-սի-ն զրուցել է օգտատերե-րից մեկի` 24-ամյա ինժեներ Քերմաջ Շարմայի հետ ու մեջբերել նրա խոսքը.

- Ես շատ երջանիկ մարդ եմ և կարող եմ իմ երիկամն առաջարկել տիկին Սվարաջին: Նա այնքան շատ բան է արել Հնդկաստանի բնակիչների համար` և´ երկրի ներսում, և´ արտասահմանում: Նա նույնիսկ կիրակի օրերին է բացում նախարարությունը, որ աշխատի մեզ համար:

Սումաշա Սվարաջը ոչ թե ընդհանրական նամակով, այլ անհատապես պատասխանել է իրեն օգտակար լինել բոլոր ցանկացողներին` խորին շնորհակալություն հայտնելով և առողջություն մաղթելով: