2017-ը` կրթության տարի


Բարեբախտաբար` որոշ երկրներում սկսել են կարևորել կրթությունը: Հասկանալի է, որ 21-րդ դարում բոլորն ունեն կրթօջախներ հաճախելու, առավել ևս` վկայականներ ստանալու իրավունք և հնարավորություն: Սակայն դատելով ամենուր հանդիպող ամենատարբեր մասնագիտություններ ու պաշտոններ ունեցողներից շատերի մտավոր ունակություններով, ակնհայտ է դառնում, որ ոմանք կրթություն ստանալը նույնացնում են կրթօջախում ֆիզիկական ներկայություն ապահովելու հետ:

Արատավոր այդ երևույթի վտանգները զգացել են Վրաստանում, և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվլին նորընտիր խորհրդարանի հենց առաջին նիստում 2017-ը հայտարարել է Կրթության տարի: Նա հայտարարել ու պարտավորեցրել է անհապաղ փոփոխություններ սկսել, որովհետև`

- Ժամանակ չկա, որ Վրաստանի ապագայի շինարարությունը հետաձգվի տասնյակ տարիներ:

Հիշեցնենք, որ ընթացիկ` 2016-ը Մարգվելաշվլին հայտարարել էր Եվրոպական պետություն, 2015-ը` Կանանց տարի:

Երևի թե` ըստ կարևորության. կանայք մայրեր են և սերունդ են ծնում ու դաստիարակում, Եվրոպական պետություն դառնալով` Վրաստանը հստակեցրել է իր ուղին, իսկ այդ ուղիով դեպի ապագա կարելի է գնալ միայն կրթված հասարակություն ունենալով: