ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնական այցը Սլովակիա


Սլովակիայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՍՀ պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է համագործակցություն հետևյալ հիմնական ոլորտներում` ռազմական կրթություն և զինվորական անձնակազմի մասնագիտացված ուսուցում, ռազմական բժշկություն, խաղաղապահություն, պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում փորձի փոխանակում և այլն: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը այցելել և ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայի կենտրոնում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանին: Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայից մեկնել է Հունգարիա, որտեղ նույնպես նախատեսված են քննարկումներ երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: