Անարդարների մեջ լինել արդար, մեղավորների մեջ` անմեղ


 

Վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունը առավել տեսանելի ձևով շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած քաղաքականությանը` լինել հնարավորինս հրապարակային և թափանցիկ: Սկզբունքներ, որոնք հատկապես վերջին տարվա ընթացքում իրականացված և շարունակաբար իրականացվող բարեփոխումների տրամաբանական շարունակութ յունն են: Այս առումով Ոստիկանության ղեկավարությունը հատկապես կարևորում ու առաջնային է համարում համակարգի և լրատվամիջոցների միջև փոխհամագործակցության սերտացումը, գործընկերային ջերմ հարաբերությունները: Հենց դրան էր միտված ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախաձեռնութ յամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված երկօրյա սեմինարը` «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով:

Լրագրող և ոստիկան... առաջին հայացքից միգուցե թվացյալ «հակամարտող» կողմեր, անվերջանալի թվացող «պայքար»: Մի կողմից տեղեկատվության հետ զգույշ վարվելու անհրաժեշտություն, մյուս կողմից` ամեն եղանակով սենսացիա փնտրելու, առաջինը լինելու` երբեմն նույնիսկ արդարացված մարմաջ և շատ հաճախ անզգուշությամբ, հաճախ էլ միտումնավոր աղավաղված փաստերի հրապարակում:

Ինչպես ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է նկատում.

- Մենք բոլորս նույն տեսակն ենք, բոլորս մարդիկ ենք, որ ապրում ենք մի երկրում: Ոչ մենք ենք ձեզնից լավը, ոչ դուք` մեզնից: Ցավոք սրտի, որդը կա և´ մեր շարքերում, և´ ձեր շարքերում: Կա և´ չարը, և´ բարին, կա և´ արդարը, և´ անարդարը:

Մենք մարդկային տեսակ ենք և պիտի փորձենք անարդար լինելով` արդար լինել և մեղավոր լինելով` լինել անմեղ: Չէ՞ որ ճշմարտությունը ոչ թե այն է, ինչ կարող ես ասել, այլ այն, թե ի´նչ պետք է ասել: Ես ակնկալում եմ, որ այս օրերի ընթացքում մենք ավելի լավ կհասկանանք միմյանց: Մեր նպատակը մեկն է. ես` որպես մարդ, որպես քրիստոնյա, որպես ոստիկանապետ, ասում եմ` ոստիկանությունը լինելու է անաչառ և ազնիվ: Ոստիկանության գործունեությունը բխելու է օրենքի շահերից: Խնդրում, առաջարկում եմ, որ մեր փոխհարաբերություններն ազնիվ լինեն: Երբ կտեսնեք, որ մեր պարագայում անազնվություն կա, առաջինը քարը նետեք իմ ուղղությամբ: Քարկոծելը հեշտ է: Սպիները բուժելն է դժվար: Ես գիտեմ, որ երբեք արդարության չենք հասնելու: Բայց պիտի կարողանանք տրամաբանական նվազագույնի հասցնել անարդարությունը: Գիտեմ, որ մեր համակարգը երբեք կատարյալ չի լինելու, բայց լինելու է իր տրամաբանության մեջ: Ես գիտեմ, որ այսօր ոստիկանությունը գնում է այս ճանապարհով, որպեսզի տարիներ հետո, երբ մենք մեր համազգեստը հանենք, քաղաքացին տեսնի, որ դրա մեջ այնուամենայնիվ մարդ է եղել, ոչ թե դատարկություն: Մեր սկզբունքներին մենք չենք դավաճանում: Սայթաքումներ լինելու են, մեր շարքերում գտնվելու են և´ կաշառակերներ, և´ բանսարկուներ, և´ անարդարներ, բայց պետք է շտկենք, ոչ թե չարախնդանք:

Ցավոք, միգուցե մեզանում սրտացավության պակաս կա, չարություն ու չարակամություն: Մինչդեռ պետք է պայքարել ոչ թե ընդդեմ, այլ հանուն ինչ- որ բանի: Ոստիկանապետի խոսքերով`

- Մենք այնքան ենք պայքարել, տպավորությունն այնպիսին է, որ ամեն տեղ է այդ պայքարը` անգամ շնչելիս ու արտաշնչելիս: Պայքարը եղավ տարիներ առաջ, ավարտվեց, անցան այդ ժամանակները, հիմա պետք է աշխատել:

Ես խորին համոզմունք ունեմ, որ մեր ճնշող մեծամասնությունը լավատես է: Ես ակնկալում եմ ձեր օգնությունը: Ինչ-որ մի սահման կա, երբ ինչքան էլ ցանկությունդ մեծ և ընտրածդ ճանապարհը ճիշտ լինեն, ինչ-որ տեղ կանգ ես առնում: Դրա համար նոր սնունդ, նոր ուժ, նոր խթանիչ է պետք: Ես խնդրում եմ, որ դուք խթան հանդիսանաք: Մեր նպատակը պիտի լինի մարդասիրությունը, մեր զավակների, մեր երկրի վաղվա օրը: Պիտի նպատակ դնենք, որ «զոռբայությամբ», ուժի գործադրմամբ, անարդարությամբ չհասնենք մեր ցանկալի նպատակներին: Ոչ մի արդար գործ չես կարող անարդար ճանապարհով իրականացնել: Արդարությունդ կստվերես, կարող ես սայթաքել, կարող ես սխալվել: Այդ սայթաքում ների ու սխալների համար ես ձեր օգնությունն ու աջակցությունն եմ խնդրում, որ ձեր ձայնը հասնի մեր ոստիկանին: Հասնի ոչ թե լրագրողական աղաղակով, այլ ոստիկանի հետ աշխատելով: Մեր նպատակը, ոստիկանական գործունեության մեջ իմ նպատակը, իմ քաղաքականությունը ուղղված է միայն դրան` անարդարների մեջ փորձել լինել արդար, մեղավորների մեջ` լինել անմեղ: Այս դեպքում միայն Տիրոջ օրհնությունը կստանանք և խաղաղ կապրենք, իսկ ամենամեծ ձեռքբերումը մարդկանց համար` ըստ իս, դա հոգու խաղաղութ յունն է: Բոլորիդ ցանկանում եմ հոգու խաղաղություն: ծեծելուց ու թալանելուց: Ամենադժվար ու վատ երևույթն է:

Պետք է գտնել ոսկե միջինը

Համաժողովի շրջանակներում մեզ հետաքրքող հարցերն ուղղեցինք Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության բաժնի պետ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԻՆ և Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Արա ՖԻԴԱՆՅԱՆԻՆΚ

- Որո՞նք են մեր ժամանակներին բնորոշ ամենամեծ տարածում ունեցող հանցագործությունները և դրանք ծնող պատճառները:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ - Ցավալի է, բայց պետք է փաստեմ, որ հափշտակություններն են ավելացել, ինչը կարծում եմ` սոցիալական խնդիրներով է պայմանավորված: Դա արատավոր երևույթ է, որը չի կարելի ամբողջությամբ սոցիալական ծագումով պայմանավորել: Եթե մենք հայացք ենք ձգում պատմությանը, անգամ ԽՍՀՄ տարիներին, 90- ականներին և նույնիսկ մեր օրերում հանցագործությունները կրկնվում են և նույնաբնույթ են: Օրինակ` գողությունները: Պարզապես, ավելի շատ այդ հանցագործությունները ծնող պատճառների մեջ պետք է խորամուխ լինել: Միշտ չէ, որ սոցիալական խնդիրները մղում են ավազակության: Կարելի է ինչ- որ տեղ հասկանալ, ինչ-որ տեղ մեղմ վերաբերվել դիցուք` երեխայի ուսման վարձը վճարելու համար գողություն կատարածին, բայց երբ գողություն է կատարում` շքեղ մեքենա ձեռք բերելու համար, սա չի կարելի անվանել սոցիալական խնդրով պայմանավորված հանցագործություն: Ցավալի է, իսկապես հափշտակություններ շատ են արձանագրվում: Կարելի է առանձնացնել նաև մարմնական վնասվածքների պատճառումը, ինչը ևս բավական մեծ թիվ է կազմում հանցագործությունների հանրագումարում: Հիմնականում այս 2 խումբ հանցատեսակները ես կառանձնացնեի, որոնք գոնե իմ պրակտիկայում շատ են հանդիպում. հատկապես` մեր օրերում:

Արա ՖԻԴԱՆՅԱՆ - Եթե անդրադառնանք հայաստանյան իրավիճակին, բնականաբար հիմնական հանցագործությունները տնտեսական բնույթ են կրում: Մասնավորապես, մեր օրերում շատ տարածված են բնակարանային գողությունները, ինչը գաղտնիք չէ, և կարծում եմ` բոլորն էլ քաջատեղյակ են այդ մասին: Ինչ վերաբերում է աշխարհին, վերջին շրջանում շատ մեծ տարածում են գտել համակարգչային հանցագործությունները: Դրանք վերաբերում են ամենատարբեր բնագավառների, որոնց սկսում ենք հետզհետե անդրադառնալ և առնչվել նաև մենք: Մասնավորապես թիվ մեկ խնդիրը տվյալների ու հատկապես անձնական տվյալների գողությունն է: Այդ տվյալների միջոցով հանցագործները հաջողեցնում են տիրել թե´ տվյալ անձի բանկային փաստաթղթերին և դրամական միջոցներին, թե´ կատարել տարբեր տեսակի գործարքներ: Եթե անդրադառնանք բնակարանային գողություններին, ապա պետք է նշեմ, որ դա լուրջ խնդիր է նաև որոշ եվրոպական երկրներում: Տարբեր հանդիպումների ժամանակ առիթ եմ ունեցել առնչվել նման երևույթների և օրինակների հետ: Տարբեր եվրոպական երկրներում գործում են տարբեր հանցավոր խմբեր, որոնք զբաղվում են բուն բնակարանային գողություններով: Մյուս հանցագործությունները, որ առավել տարածված են աշխարհում, կապված են զենք-զինամթերքի, թմրա-նյութերի, ինչպես նաև անձանց ապօրինի շրջանառությունների հետ, որոնք նույնպես զգալի եկամուտ են բերում հանցավոր աշխարհին: Նշենք նաև այդ եկամուտների օրինականացումը, այսինքն` փողերի լվացումը, ինչը ևս բավական մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում:

- Ինչպե՞ս կգնահատեք Ոստիկանության և զանգվածային լրատվամիջոցների միջև համագործակցությունը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ. Վերջին շրջանում հատկապես խիստ դրական եմ գնահատում: Հավատացնում եմ ձեզ, ինքս էլ բազմաթիվ առիթներ եմ ունեցել քրեական գործերում հրապարակումներ, տեղեկություններ ներկայացնելու: Ընդ որում` յուրաքանչյուր գործով լրատվամիջոցներին է ներկայացվել հնարավոր առավելագույն տեղեկատվությունը տվյալ ժամանակի համար:

- Համակարգի կողմից այդ համագործակցության սերտացմանը միտված աշխատանքները նկատելի են. ինչպե՞ս կգնահատեք լրատվամիջոցների դերն այս առումով:

- Լրագրողները շատ դեպքերում կարող են առանձին մտքեր, խոսքեր ձևափոխել. ընդ որում` խիստ սուբյեկտիվ մոտեցումներով, առանց օբյեկտիվ հիմքերի: Հիմնական խնդիրը սա է: Ես չեմ պնդում, թե ոստիկանական կողմը կատարյալ է իր աշխատանքում, մենք ևս ունենք խնդիրներ, ինչպես ցանկացած համակարգ, ցանկացած ոլորտ: Սակայն որպես կողքից դիտող անձ շատ դեպքերում խնդիրներ նկատում եմ նաև լրատվական համակարգում: Չճշտված տեղեկատվության հրապարակում, աղավաղված խոսքեր, շատ դեպքերում ամբողջ մտքի մեջ ընտրում են մեկ նախադասություն կամ բառ` մարդուն մեղադրելով այդ մտքի համար: Մինչդեռ ամբողջական խոսքի համատեքստում այդ բառը կամ արտահայտությունը բոլորովին այլ իմաստ են ունենում: Նմանատիպ խնդիրներ ունենք և երկուստեք պետք է փորձենք նմանատիպ հավաքների միջոցով գտնել ոսկե միջինը, գտնել այն բանալին, որը կնպաստի խնդիրների շտկմանը, որպեսզի հասարակությունը, շարքային քաղաքացին չստանա աղավաղված, կամայականորեն ձևափոխված տեղեկատվություն: Այս ամենով հանդերձ` խոստովանեմ, որ վերջին շրջանում Ոստիկանության և լրատվամիջոցների համագործակցության մեջ բավական մեծ առաջընթաց եմ տեսնում: Ես երկար տարիների փորձ ունեմ և օրինակ` 5-7 կամ 10 տարի առաջ, ավելին` անգամ 1-2 տարի առաջ այս պատկերը չունեինք:

Արա ՖԻԴԱՆՅԱՆ. - Կարծում եմ` այս պահի դրությամբ մենք կարող ենք բավական լուրջ առաջընթաց արձանագրել, քանզի Ոստիկանությունը բավական բաց է այսօր: Ավելին, կարծում եմ` ամենաբաց պետական կառույցներից մեկն է: Իսկ պատճառը թե´ Ոստիկանության այսօրվա ղեկավարությունն է և թե´ լրատվամիջոցների հետաքրքությունը համակարգի հանդեպ:

Վերջին շրջանում նաև նկատել եմ, որ լրատվամիջոցներն առավել հաճախ են հրապարակավ ներկայացնում Ոստիկանության դրական քայլերը և աշխատանքները: Միանշանակորեն ավելի շատ, քան նախկինում: Գուցե դրական քայլերը հիմա ավելի շատ են, քան նախկինում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ