ՇԱՀՈՒՅԹԻ ՈՒ ՇԱՀԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ


 

Պարույր Սևակը կասեր.    «Անկեղծ ասած` այս ամենից ես հոգնել եմ»:

Գուցե մենք էլ ենք հոգնել, գուցե մեր ընթերցողն էլ է արդեն հոգնել` տեսնելով, թե ինչպես ենք անհանգստանում «Զվարթնոց» օդանավակայանում ոչ մի կերպ չլուծվող թնջուկի, «Արմավիա»-«Զվարթնոց» շարունակվող հակամարտության համար: «Արմավիան» չի վճարում` Էռնեկյանը «կատաղում» ու կարգադրում է փակել օդանավակայանը: Բաղդասարովը մի քիչ վճարում է` Էռնեկյանը Նազարի նման «գյադեք, էս կողմն անցեք» է ասում ու թույլ տալիս թռիչքները…

Մանկական խաղ կարող էր այս ամենը դիտարկվել, եթե խնդիրը չվերաբերեր պետության անվտանգությանը, հազարավոր մարդկանց, ի վերջո` երկրի հեղինակությանը: Հոկտեմբերի 16-ից մինչև օրս «Զվարթնոց» օդանավակայանում անորոշ վիճակ է տիրում. մերթ թռիչքներ են իրականացվում, մերթ` արգելվում` «մուկն ու կատու» խաղը դարձնելով ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի հիմնասկզբունքը: Այս ամենից տուժում են ուղևորները, ովքեր դարձել են երկու ընկերության շահամոլության ու քմահաճույքների, հեռահար նպատակների թիրախն ու գերին:

Մարդկանց իրավունքները ոչ ոք չի հարգում ու չի ճանաչում, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում անամոթաբար լռում են, ջայլամի հոգեբանությամբ առաջնորդվում` այդպես էլ չուզենալով գոնե ձևի համար հետաքրքրվել, հուշել, միջոցներ ձեռնարկել: Էռնեկյանի մտքով չի անցնում ներողություն խնդրել ուղևորներից, Բաղդասարովը շատ վաղուց արհամարհում է հայաստանցի ուղևորներին, նրանց դիտարկում լոկ իբրև շահույթ ապահովող, բայց ոչ երբեք արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր իրավունքներ ունեն, ովքեր շտապում են, կամենում են թռչել… Եթե օտարերկրացի Էռնեկյանն այսպես իրեն պահեր ցանկացած եվրոպական երկրում, ապա շատ վաղուց դատարանի առջև կկանգներ ու ստիպված կլիներ կորցնել ընկերությունը: Բայց նա Հայաստանում է, ուր կարող է նաև կաշառքով լուծել ցանկացած հարց, կարող է Քաղավիացիայի վարչության պետին անգամ թույլ չտալ մոտենալ օդանավակայանին, որովհետև այս պետն էլ իր հերթին է արհամարհում հայաստանցիներին ու մտածում միայն սեփական բիզնեսի մասին…

Զգացական ամեն մի պոռթկում մի կողմ թողնելով, ասենք, որ այս ամենի մեջ կա մի խաղ, որն էլ մոսկվաբնակ Բաղդասարովին թույլ է տալիս իրեն Հայաստանում պահել այնպես, ինչպես նրա ծննդավայր քաղաքի բնակիչները` հայերի հանդեպ: Մեզ հաջողվեց ճշտել, որ «Արմավիայի» ընդամենը երեք միլիոն դոլար կազմող պարտքը չնչին գումար է Բաղդասարովի ունեցվածքի համեմատությամբ: Նա Ռուսաստանում ահռելի հարստություն ունի, բանկերում մեծ գումարներ ունի, ուստի կարող էր շատ հանգիստ վճարել այդ պարտքը: Սակայն նա դա չի անում, որպեսզի ընկերությունը սնանկ ճանաչվի, ազատվի բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորություններից: Ավելին, սնանկ ճանաչված ընկերությունն էլ այս դեպքում կգնի Էռնեկյանը` պաշտոնապես ցույց տալով, թե շատ քիչ գումար է վճարել սնանկացած ձեռնարկությանը: Իսկ իսկական գործարքները կլինեն կուլիսներում, կձևակերպվի քիչ, կվճարվի շատ: Բայց ոչ թե հրապարակավ, այլ ներքին պայմանավորվածություններով: Կշահեն բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն ստվերային գործարքին: Կարծում ենք, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությանն էլ ինչ-որ բան խոստացվել է այս ամենից: Սա է իրականությունը, ուստի «մուկն ու կատու» խաղալով և արհամարհելով Հայաստանն ու հայաստանցիներին, երկու հոգի սկսել են «բակլան խաշած էլ ցանել»: Զարմանալի է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը և հատկապես վարչապետը քննարկման նյութ չեն դարձնում այս ամենը, չեն կամենում խնդիրը տեղափոխել օրինական դաշտ: Չեն անում` հավանաբար տեղյակ լինելով, թե ինչ խաղ են խաղում «Արմավիան» և «Զվարթնոցը»…

Մնում է, ուրեմն, երկինք նայել ու Աստված կանչել, որ երկու շփացած մեծահարուստներ շուտ հասնեն իրենց նպատակների իրագործումին…