ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ԾՊՏՅԱԼ ՕԼԻԳԱ՞ՐԽ Է
ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանի թեման վերջին օրերին չի իջնում տպագիր և էլեկտրոնային մամուլի էջերից: Եթե այս մարդու դեմ գրեին միայն իշխանական լրատվամիջոցները, ապա կարելի կլիներ ենթադրել, թե պատվեր են կատարում, թե իշխանությունները որոշել են հարձակում գործել իբրև թե ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ: Սակայն մայրաքաղաքի «Սեգաֆրեդո» թանկարժեք սրճարանում մշտապես սուրճ վայելող, Ազատության հրապարակի տարածքում էլ սրճարան ունեցող քաղաքական գործիչը, պարզվում է, նաև ծպտյալ օլիգարխ է, ով հիմա էլ ՀԷԿ է կառուցում` վտանգ սպառնալով շրջակա միջավայրին:
Այսօր արդեն Քոքոբելյանի դեմ են դուրս եկել նաև Գետահովիտ գյուղի բնակիչները, քանի որ այս պատգամավորն ու նրա ընտանիքը ավելացրել են գյուղում առկա սողանքները, մեծացրել մարդկանց կյանքին սպառնացող վտանգը: Ողջ գյուղը երկրի իշխանություններից պահանջում է դադարեցնել «Խաչաղբյուր 2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները, կանգնեցնել նաև «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի գործունեությունը:
Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Աղեկյանը հրավիրված մամլո ասուլիսում ասել է.
- Մենք ունենք ջրի խնդիր` կապված «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երի հետ. վտանգվում է Իջևան քաղաքի և Գետահովիտ համայնքի խմելու ջրի հարցը: Գետի ավազանն այնպիսին է, որ գոյանում է մեծ տարածքում. գետը հոսում է արևմուտքից արևելք, ու ավազանը ձևավորվում է գետի վերին հատվածներում, ներքևում գրեթե ջրեր չկան: Այսինքն` խմելու ջրերը վերին հատվածներից մտնում են ընդերք` մաքրվելով դուրս են գալիս գետափնյա հատվածներում: Եթե ջրերը լցնում են խողովակների մեջ, բնականաբար այլևս ընդերք չեն մտնի, որպես խմելու ջուր պիտանի չեն լինի, ու կկտրվի մեր ջուրն ամբողջությամբ:
Այս ՀԷԿ-ի օգտակար գործողության գործակիցը գյուղացիները զրո են գնահատում, քանի որ այն չի կարող փոխել սոցիալ-տնտեսական վիճակը, սակայն կարող է շրջակա անտառը տանել չորացման: Գետի ջրազրկումը կբերի հիվանդություններ, կապականի օդը... «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը ստացել է Խաչատուր Քոքոբելյանը. այն հանդիսացել է նրա սեփականությունը, սակայն վախենալով, որ կարող է բացահայտվել իր իրական դեմքը, նա դիմել է Հանրային հարաբերությունները կարգավորող հանձնաժողովին և թույլտվություն ստացել վաճառել իրեն պատկանող «Մեգաէներջի» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասը:
Քոքոբելյանի ՀԷԿ-ը, փաստորեն, վտանգ է սպառնում նաև արգելավայրին, որը կարող է շուտով կորցնել իր նշանակությունն ու դեմքը: Այս ամենը, սակայն, պատգամավոր-դե մոկրատին չի հետաքրքրում: Նա շարունակում է իր կուտակած գումարները բազմապատկել` մտքում ծիծաղելով բնապահպանների և գյուղացիների վրա, որոնք ցանկանում են օրինականություն հաստատել, օգտվել անտառից, որը նրանց ապրուստն է հոգում:
Մենք փորձեցինք բացատրություններ ստանալ նաև Խաչատուր Քոքոբելյանից, սակայն նրա հեռախոսահամարը չէր պատասխանում, իսկ ԱԺ-ում հանդիպել չհաջողվեց: Որոշեցինք մտնել Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» այն պահին, երբ նա սուրճ է խմում, սակայն տեսնելով նրան ոչ մենակ, մանավանդ` Դավիթ Շահնազարյանի ընկերակցութ յամբ, ձեռնպահ մնացինք: Հույս ունենք, որ այս հրապարակումից հետո նա մեզ կպատասխանի և կպարզի, թե ի՞նչն է պատճառը, որ ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ նա գործում է թիկունքից և անազնիվ քայլերն իր համար դարձնում է կենսական անհրաժեշտություն...