Երբ պաշտոնյան օրինակելի չէ


 

Մեզանում պաշտոնյաներից (ու հատկապես` բարձրաստիճան) սովորաբար դժգոհում են, չարախոսում, ոմանց պաշտոնանկությունը պահանջում: Խոսքը ժողովրդի ու լրատվամիջոցների մասին է, որոնց կարծիքը գրեթե նշանակություն չունի:

Մեզանում պաշտոնյաները հեռացվում են` կա´մ իրենց ղեկավարած ոլորտը հիմնիվեր ավիրելուց, կա´մ աղաղակող չարաշահումներ հայտնաբերելուց հետո: Իսկ ահա Չինաստանում պետծառայողին պաշտոնանկ են արել` հասարակական վայրում անվայելուչ պահվածքի համար: Չէ´, նա հարբած չի եղել, տուրուդմփոց չի սարքել: Բայց նրա արարքն էլ պակաս եղկելի չէ. ժպտացել է մի վթարի վայրում, ուր 36 մարդ էր զոհվել: Ներկաներից ոմանք չեն հապաղել լուսանկարել անհեթեթ այդ ժպիտն ու տարածել համացանցում (տեղեկացրել է BBC-ն` վկայակոչելով տեղական լրատվամիջոցների հրապարակումները): Համացանցային օգտատերերին ևս զայրացրել է պաշտոնյայի երջանիկ դեմքը, և դատափետումների տարափի ներքո հանկարծ աչքի է զարնել նրա թևի թանկարժեք ժամացույցը: Եվ նրա ժպիտը մոռացած` բոլորը սկսել են հետաքրքրվել նրա եկամուտներով:

Կրքերը մեղմվել են միայն այնժամ, երբ պետծառայողը հեռացվել է աշխատանքից` «թանկարժեք ժամացույց ունենալու և աշխատանքային պարտականությունների լուրջ խախտումների համար»: