«ԵՍ ԳՏԵԼ ԵՄ ԻՄ ՄԵԾ ՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»


 

Ականավոր քանդակագործ, ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ ՍՈՂՈՅԱՆԻ հետ ամեն հանդիպումը լավատեսական նոր լիցքեր է հաղորդում: Նրա հետ մեր զրույցն, անշուշտ, նույն լավատեսությամբ կհամակի նաև ընթերցողին:

- Հայրենիքի` Հայաստանի հանդեպ Ձեր սերն օրավուր բազմապատկվում է: Ինչպե՞ս դա կբացատրեք:

- Ես միշտ էլ Հայաստանի ու հայրենիքիս հետ եմ եղել: Երբեք մտքով ու հոգով չեմ հեռացել: Ինչ քանդակել եմ` Հայաստանն է եղել աչքերիս առաջ: Շատ հաճախ Հայաստանը` կնոջ գեղեցիկ տեսքով ու էությամբ: Սակայն հիմա, երբ արդեն 75 տարիս վաղուց լրացել է, ավելի եմ կապվել Հայաստանին, հաճախ եմ կարոտում: Երևի ապրած տարիների հետ մեծանում է և խորանում կարոտը...

- Գյումրեցի եք, ու գիտեմ, որ առանձնակի սեր եք տածում բնօրրան քաղաքի հանդեպ: Հասցնու՞մ եք լինել Գյումրիում:

- Ցավոք` ոչ միշտ: Գյումրին ինձ համար լոկ քաղաք չէ: Իմ արմատների պատմությունն է, մեր երկրի պատմությունն է: Մեր ցավերն ու վշտերը, մեր ուրախությունները խտացվել են այս քաղաքի կերպարի մեջ: Աստված գյումրեցիներին ամեն ինչից շատ է տվել` և´ վիշտ, և´ ուրախություն: Ես մի քանի քանդակներ եմ դրել Գյումրիում, որոնց մեջ երկու նվիրական աշխատանք կա` «Դուդուկահարը» և «Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերին» կոթողը: Երկուսի մեջ էլ հոգուս ցավն է: Առաջինը, որը ստեղծել եմ տղաներիս հետ, հին դուդուկահար է` շրջապատված թոռներով: Դուդուկահարը Գյումրու յուրատեսակ խորհրդանիշն է: Ես չեմ սիրում Գյումրի այցելել մի քանի ժամով կամ օրով: Ուզում եմ այնտեղ երկար մնալ, տեսնել հարազատներիս ու ընկերներիս, շնչել քաղաքի օդը, զգալ նրա անկրկնելի կոլորիտը... Իմ առաջին ուսուցիչները Գյումրու քարտաշներն են եղել: Ժամերով կանգնել և հետևել եմ նրանց աշխատանքին, նրանցից սովորել նախշազարդի արվեստը: Տեսնելով իմ հետաքրքրությունը, նրանք ինձ սովորեցրել են իրենց հետ աշխատել: Շատ բան եմ սովորել նաև մորիցս` Ելիզավետա Ստեմպելից: Նա արվեստին նվիրված մարդ էր, թատրոնի առաջին տնօրենը: Գյումրին նկարիչների քաղաք է, երաժիշտների քաղաք, սակայն այստեղ քանդակագոր ծական լավ ավանդույթներ ևս կային ձևավորված. չմոռանանք, որ գյումրեցի է Սերգեյ Մերկուրովը: Ոչ ոք աշխարհում այնքան խորը չի զգում քարի մեջ թաքնված երաժշտությունն ու քնքշությունը, որքան` գյումրեցիները: Գյումրեցիները նաև հյուրասեր են, կամեցող: Հայրենական պատերազմի տարիներին մեր տանը փախստականներ էին ապրում, մենք մեր երեք սենյակից երկուսը նրանց էինք տրամադրել: Ապրում էինք մի ընտանիքի նման:

- Այդքան սիրելով Ձեր քաղաքն ու Հայաստանը, Դուք, այնուամենայնիվ, մեկնեցիք Մոսկվա: Արդյո՞ք կամենում էիք լինել մայրաքաղաքում, առավել մոտ մեծ արվեստագետ ներին:

- Հայաստանում էլ կային այդ մեծ արվեստագետները, Հայաստանը գավառ չէր և կարողանում էր տեսանելի լինել աշխարհին: Ես երբեք էլ մտադրություն չունեի հեռանալ իմ երկրից, բայց ինձ հրավիրեցին Կիև, ուր պետք է ստեղծվեր մի հսկայական հուշահամալիր: Մի քանի տարի տևեց այդ աշխատանքը: Ի վերջո մեր աշխատանքն արժանացավ Լենինյան մրցանակի: Արդեն Կիևը հարազատացել էր ինձ, այստեղ էր ընտանիքս: Կինս վաղ մահացավ` 1981-ին, երեխաներս դպրոցականներ էին: Ես նրանց հետ տեղափոխվեցի Մոսկվա: Սակայն երբեք հեռու չեմ եղել Հայաստանից, որդիներիս մեջ էլ դաստիարակել եմ սերը Հայաստանի հանդեպ: Նրանք նույնպես քանդակագործներ են: Ապրելով Մոսկվայում` նրանք հայ քանդակագործներ են, որովհետև նրանց ստեղծագործության մեջ Հայաստանն է: Մենք մեր ընտանիքով ազգային քանդակագործական ներկայացուցիչներ ենք: Եվ սա է մեր կարևոր ձեռքբերումը: Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի քանդակագործության բաժինն եմ ավարտել, իմ ուսուցիչներն են եղել Արա Սարգսյանը, Գրիգոր Ահարոնյանը, Կարո Մեծատուրյանը, Վռամշապուհ Շաքարյանը: Ես հիացած եմ Երվանդ Քոչարի Սասունցի Դավթով, Արտաշես Հովսեփյանի Ալեքսանդր Թամանյանով, Ղուկաս Չուբարյանի Մեսրոպ Մաշտոցով... Իմ բոլոր ստեղծագործությունների մեջ ես փորձել եմ շարունակել նրանց ձևավորած ավանդույթները, հավատարիմ լինել նրանց:

- Արվեստագետ լինել, նշանակում է քայլել դժվարին ճանապարհով, հաճախ կռիվ տալ ու պայքարել:

- Այո´, դժվար է արվեստի ճանապարհը: Արվեստագետն ամենախոցելի  և գերզգայուն մարդն է, բայց նաև` երջանիկ: Չեմ զղջում իմ ընտրության համար. ես իրականացրել եմ մորս երազանքը: Նա շատ էր ցանկանում, որ ես արվեստագետ դառնամ, շփվեմ գեղեցիկի հետ: Երբեք չեմ հոգնում.  դա իմ կյանքն է, իմ աշխարհը: Արվեստագետը երբեք չպետք է հոգնի. հոգնել` նշանակում է  ավարտվել, վերջանալ: Ես գտել եմ իմ մեծ ու անսահման երջանկությունը ստեղծագործության և աշխատանքի մեջ:

- Ապրելով Մոսկվայում, Դուք կապ պահպանու՞մ եք հայ կյանքի մաս կազմող կառույցների հետ, մոսկվաբնակ հայերի հետ:

- Ես սիրում եմ ժամերով փակվել արվեստանոցում և ստեղծագործել: Հաճախ հրավերներ եմ ստանում տարբեր քաղաքներից և մեկնում: Նշանակում է` ունեմ ժամանակի խնդիր: Բայց հնարավորության դեպքում մասնակցում եմ դեսպանատան կազմակերպած միջոցառումներին, լինում եմ կարևոր համերգներին: Հեռու չեմ իմ հայրենակիցներից, ունեմ լավ ընկերներ և մտերիմներ: Բայց ցավ եմ ապրում այն բանի համար, որ բոլորիս պակասում է միաբանության զգացումը: Ես այս համաժողովին սիրով եկա, որովհետև այն ուղղված է միաբանության հաստատմանը: Մենք հին, բայց փոքրաթիվ ժողովուրդ ենք` սփռված աշխարհի տարբեր քաղաքներում: Ուրեմն, իրավունք չունենք անմիաբան լինել, քանի որ հատկապես Հայաստանից դուրս ապրող ամեն մի հայ մի հայրենիք է ու մի երկիր: Մենք շատ կարևոր խնդիրներ ունենք լուծելու, այդ պատճառով էլ պիտի լինենք միասնական:

- Վարպետ, մեր զրույցի ավարտին ի՞նչ կասեք մեր ընթերցողին:

- Ասելու շատ բան կա: Բայց առաջին հերթին ուզում եմ ասել, որ պետք է սիրել Հայաստանն ու հոգ տանել, որպեսզի ազգային կոլորիտը չպակասի մեր ճարտարապետության մեջ: Լավ լինենք ու լավ պահենք երկիրը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ