Լուսավոր թախծի բանաստեղծը


 

Ջերմուկում գրեթե բոլորը ճանաչում ու սիրում են բանաստեղծ Վարդգես ԽԱՆՈՅԱՆԻՆ: Նա ծնվել է Եղեգնաձորի Շատին գյուղում, սակայն երկար տարիներ ապրում է առողջարանային այս գողտրիկ քաղաքում: Չորս բանաստեղծական ժողովածուների հեղինակ է` «Հրաշալի քաղաքացին», «Արևի ձայն», «Քաջերը մահ չունեն» և վերջերս հրատարակած «Թախծի ծառ»-ը, ուր ընդգծվում է նրա ջերմ սերը հայրենի բնության, հայրենիքի ու մարդկանց նկատմամբ:

Ծննդավայրը նրա համար իր ճակատագիրն է, որի քարափներն ու լեռները, Արփայի ափին գտնվող տնակն ամենամեծ հարստությունն են աշխարհում: Նրա բանաստեղծութ յուններում Վայոց ձորը, Եղեգիս գետը, հատկապես գեղատեսիլ Ջերմուկն ան-կրկնելի են բնության բոլոր եղանակներին, իսկ Գլաձորը` «անմար կրակարան» է, ուր միշտ շողում է բարի առավոտը` դպրության և խոհեմության ակունքներից:

«Սիրո ճյուղեր»-ում «բախտի բեռը շալակած» բանաստեղծը փնտրումների մեջ է, սակայն մոր նկատմամբ ունեցած սերն ամենազորեղն է.

Մայր իմ, մայր իմ, քո մատներից

Բույր էր գալիս ցորեն հացի,

Վառում էիր կրակը մեր

Ցոլքերի հետ լուսաբացի:

Խմոր էիր հունցում թեթև,

Փափուկ, փափուկ` ամպի նման,

Ոլորվում էր ծուխը բարակ

Մեր գյուղի հին ճամփի նման:

Այտերը քո թոնրաբոցից

Շիկնում էին ծաղիկ-ծաղիկ,

Ծերացել ես մայր իմ, հիմա

Մայրամուտն է քո խաղաղիկ:

Էլ չես վառում կրակը մեր

Ցոլքերի հետ լուսաբացի,

Սակայն էլի ես քո տեսքից

Բույր եմ առնում ցորեն հացի:

«Հայրենի արմատներ» խորագրում ջերմուկյան ջերմությունը, նաև հայրենի բնաշխարհի գնահատանքն ու անսահման սերն է փոխանցվում ընթերցողին:

Մամռած վանքի որմ ու քարին,

Լռությանը տրված գերի,

Խոսքն ու դեմքն են` սուրբ ու բարի,

Խորհրդավոր մեր պապերի...

(«Շատինվանքում»)

Բանաստեղծի մանկությունը լեռներից է գալիս, և նրա համար` Արփայի ափերի ժայռերը քարացած բառեր են: Որքան էլ նա ճաշակել է կյանքի ուրախությունները, այնուամե նայնիվ կյանքը «թախծի ծառ» է, անսահման կարոտ և կիսատ թողած սեր... «Ջերմուկ աշխարհ» պոեմում հինավուրց մի առասպել է, որտեղ մեծ իշխանի դստեր և հովվի ողբերգական սերն է: Սակայն բանաստեղծը հավատով է նայում ապագային.

Ավերվել են բերդեր քարե,

ավերվել են շեներ բազում,

Բայց ապրել է հայը էլի

այս լեռնային ավազանում:

Ծաղկաշխարհի բարձրիկ ափ,

Ջերմուկ` անուն հնադարյան,

դու հարևան արեգակին,

ամառանոց ու բուժարան...

Նրա բանաստեղծություններում թախիծը լուսավոր է, կյանքի ու մարդկանց նկատմամբ ունեցած սերն` իմաստուն:

Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ