Հանկարծամահ է եղել օդանավակայանի ժամանման սրահում
Օրերս մի ցավալի դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում. վաղ առավոտյան, ժամը 05.30-ի սահմաններում, ոստիկանության գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի ժամանման սրահում մի ուղևոր հանկարծամահ է եղել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի, 56-ամյա Հակոբ Կարապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նա ժամանման սրահում հանկարծամահ է եղել…
Ահա ճակատագրի այսպիսի անսպասելի շրջադարձ և տխուր հանգուցալուծում: Մարդը քանի՞ տարի չէր եղել հայրենիքում, ի՞նչ առիթով էր գալիս, քանի՞ օրով և ի՞նչ խոհեր էին նրան պաշարել ոտքը հայրենի հողի վրա դնելիս… Հայտնի է միայն, որ Հակոբը Հայաստան էր ժամանում Լոս Անջելեսից և մահկանացուն կնքեց իր վերջին հանգրվան հայրենիքում…
Իսկ ոստիկանությունից տեղեկացնում են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: