Անծանոթ աղջիկը` լույսը դեռ չբացված…


 

Միջանցիկ շքամուտքերի որոգայթների մասին մեր թերթը մի շարք անգամներ զգուշացրել է, երբ խարդախները չարաշահելով գնորդների վստահությունը` իրենց տրված պատկառելի գումարներով մտնում են միջանցիկ մուտքեր ունեցող շենքերի շքամուտքն ու դիմացի դռնից դուրս գալով` աննկատ հեռանում-ճողոպրում:

Օրերս համանման մի արարքի զոհն է դարձել տաքսի ծառայություններից մեկի վարորդ Ռաֆայել Հ.-ն:

Նա ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 04.00-ի սահմաններում, լույսը դեռ չբացված, մի անծանոթ աղջիկ Մաշտոցի պողոտայում կանգնեցրել է «Օպել Աստրա» մակնիշի իր տաքսի ավտոմեքենան և պատվիրել ուղևորվել Աշտարակ քաղաք: Այնտեղ հասնելուց հետո աղջիկը վարորդին խնդրել է որոշ ժամանակ սպասել:

Գործն ավարտելուց և վերադառնալուց հետո անծանոթուհին կրկին պատվիրել է ուղևորվել Երևան: Մաշտոցի պողոտա հասնելուց հետո նորից իջել է մեքենայից և մտնելով մոտակա շենքի շքամուտքը` վարորդին դարձյալ խնդրել է մի քանի րոպե սպասել: Իսկ երբ երկար սպասելուց հոգնած վարորդը մտել է շենք և տեսել, որ այն միջանցիկ մուտքեր ունի` հասկացել է, որ աղջիկը չվճարելով ուղևորավարձը` հակառակ մուտքից դիմել է փախուստի:

Տաքսու վարորդի գլխին չար խաղ խաղացած անծանոթուհուն հայտնաբերելու նպատակով ոստիկանները հետաքննություն են սկսել: