Մոռացված ժամացույցի ահազանգը


 

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՄԱՐԻ _ իշխանուհի

ՆԱՆԵ _ նրա սպասուհին և ընկերուհին

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ

ՍԵԹԵՎԵԹԱՆՔ

ԿԱԽԱՐԴԱՆՔ

ԱՐԵԳ _ ասպետ

ՍԻՐԱԿ _ նրա համհարզն ու ընկերը

ՍԵՆ _ դեսպան

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Իշխանուհու սենյակ: Տիրուհին, որ կլինի 50-55 տարեկան, անհանգիստ ապրումների մեջ է: Քայլում է աջ ու ձախ, մի պահ կանգնում է, ապա մոտենում պատուհանին և նայում դուրս: Ներս է գալիս սպասուհին` Նանեն: Իշխանուհին անմիջապես դիմում է նրան:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Վահանը չեկա՞վ:

ՆԱՆԵ - Դեռ ոչ, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ- Ինչո՞ւ է այսքան ուշանում, Տե´ր Աստված:

ՆԱՆԵ - Չի ուշանում, տիկին. բավականին ճանապարհ է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ճիշտ է. բավականին ճանապարհ է: Գնալ-գալու համար մի ամբողջ... հավերժություն է պետք: Ժամանակն ինչո՞ւ է այսքան դանդաղ անցնում, Նանե:

ՆԱՆԵ - Որովհետև քո սիրտը շատ արագ է տրոփում, տիկին:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Իմ սիրտը այլևս չի դիմանում, Նանե: Որոշված է արդեն. այսօր կամ երբեք: (Պատյանից հանում է դաշույնը):

ՆԱՆԵ - (Վախեցած) Ի՞նչ ես ասում, տիկին:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Էլ չեմ դիմանում: Այլևս չեմ կարող: Եթե չօգնի ինձ այդ կախարդը, ինքնասպան կլինեմ:

ՆԱՆԵ - Վանի´ր չար մտքերը: Ինքնասպանությունը մեծագույն մեղք է: Կանիծվես: Դժոխքի բաժին կդառնաս:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ես հիմա էլ դժոխքում եմ: Ո՞վ ինձ անիծեց: Ո՞վ գցեց այս կրակների մեջ: Դու լսած կա՞ս, որ երբևէ եղած լինի նման դեպք: Ես արդեն հիսունն անց եմ: Պատկերացնո՞ւմ ես. հիսունն անց պառավը հանկարծ... Սա անեծքներից դաժանագույնն է: Խայտառակություն...

ՆԱՆԵ - Ամեն ինչ էլ պատահում է. սիրտը սիրո համար է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Սե՞ր: Սա սեր չէ, Նանե: Ծաղրուծանակ է: Չար դևերի խաղ: (Զգում է սրտի ծակոց և ձեռքը տանում կրծքին): Թե իմանաս` ո˜նց է բաբախում, ո˜նց է թպրտում... Կարծես տասնհինգ տարեկան լինի: Քսան: Քսանհինգ...

ՆԱՆԵ - Սրտի տարիքը երկրային ժամերով ու տարեցույցներով չի որոշվում: Նա ուրիշ ժամանակների տիրույթում է ապրում, և այլ է նրա ժամանակային հաշվարկը:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Բայց իմ մարմինը ա´յս ժամանակի մեջ է: Ու ողջ դժբախտությունն էլ այն է, որ խախտվել են ու չեն համընկնում իմ մարմնի ու սրտի, մարմնի ու հոգու ժամանակները...(Կարճատև դադարից հետո) Նա քանի՞ տարեկան կլինի, Նանե:

ՆԱՆԵ - Քսանհինգից ոչ ավել:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Իմ ո՞ր մեղքի համար... (Դաշույնը լայնքով սեղմում է կրծքին): Որոշված է. թող չտրվի ինձ երկնային հավերժությունը. թող իմ տեղը լինի հալված կուպրի ու թեժ կրակների մեջ, միայն թե մեկ օր, ընդամենը մեկ օր ես վայելեմ նրա սերը: Վայելեմ, ինչպես քսան, քսանհինգ տարեկան օրիորդ: Անհուն սիրով ու տարփանքով նետվեմ նրա գիրկը: Այրվեմ սիրո կրակների մեջ: Հալվեմ, դառնամ հրե աղջիկ: Ծով կարոտով նրան գրկեմ: Նրան տրվեմ, նրան տիրեմ... Ընդամենը մեկ օր, Նանե, ընդամենը մեկ օր... (Լսվում է ձիու խրխինջ: Իշխանուհին իսկույն վազում է դեպի պատուհանը): Վահանն է: Շտապի´ր: Շո´ւտ արա: (Սպասուհին վազելով գնում է: Տիրուհին խոսում է մտքում): Եթե չբերի նա այդ էլիքսիրը, որն ինձ կդարձնի քսան տարեկան, սա կլինի իմ վերջին առավոտը: (Անհանգիստ, անհամբեր այս ու այն կողմ է քայլում: Քիչ անց Նանեն վերադառնում է: Նրա տեսքից անմիջապես զգացվում է, որ ասելիքն ուրախ լուր է):

ՆԱՆԵ - (Ժպտալով) Տիրուհի...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Շո´ւտ ասա, Նանե: Էլ ուժ չմնաց:

ՆԱՆԵ - Դու գոհ կլինե՞ս, եթե երիտասարդությունը քեզ վերադարձվի ոչ թե մեկ օրով, այլ... ընդամենը կես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ես չեմ վարանի նույնիսկ ակնթարթ: Թող լինի այդպես. կես օրվա դիմաց տալիս եմ իմ ողջ մնացյալ կյանքը ու նաև… ամբողջ հավերժությունը:

ՆԱՆԵ - Իսկ եթե կիսվի այդ կեսն է՞լ, տիկի´ն:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Շատ-շատ կցավեմ սիրո ժամերի սղության համար, սակայն... ինչ արած:

ՆԱՆԵ - Իսկ եթե տրվի միմիայն... մի ժա՞մ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ես համբերություն էլ չունեմ, Նանե: Թեկուզ և` կե´ս ժամ:

ՆԱՆԵ - Լոկ մե´կ րոպե...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Նույնիսկ մեկ վայրկյան... Կմեռնեմ նրա շուրթերին գամված, կրծքին սեղմված: Մի՞թե կա ուրիշ այդպես գեղեցիկ, երանելի մահ...

ՆԱՆԵ - Գուցե և չկա, սակայն այս անգամ բախտը քո հանդեպ եղավ, իմ տիկին, անչափ բարեհաճ...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ուր որ է արդեն սիրտս կպայթի: Շո´ւտ արա, խոսի´ր:

ՆԱՆԵ - (Գրպանից փոքր սրվակ հանելով) Այս էլիքսիրը կվերադարձնի քո երիտասարդությունը ամբողջ... յոթ շաբաթ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Ուրախությունից միանգամից այլափոխվում է): Իսկապե՞ս, Նանե: Դու չե՞ս կատակում:

ՆԱՆԵ - Ինչպե՞ս կարող եմ, տիրուհի, անել այդքան չար կատակ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ես ճի՞շտ լսեցի. ամբողջ... յոթ… շաբա՞թ:

ՆԱՆԵ - Յոթ շաբաթ: Այո´:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ինձ նայիր, Նանե:

ՆԱՆԵ - Նայում եմ, տիկին:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Կատակով) Ճիշտ ասա, Նանե, ես դեռ... չե՞մ գժվել: Դեռ չե՞մ ցնորվել: (Զվարթորեն ծիծաղում են): Դե տուր, շուտ արա: (Սրվակը վերցնում է): Ամբողջ յոթ շաբաթ: Դա կարծես ամբողջ հավերժություն է... (Պատրաստվում է խմել էլիքսիրը): Ո˜վ երանություն... Ընդունի´ր, սեր իմ, քո գիրկն եմ գալիս:

Էլիքսիրը խմում է: Նանեն մեծ հայելին շրջում է նրա կողմը և աննկատ անհետանում:

Իշխանուհին կերպարանափոխվում է, երիտասարդանում:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Հենց հիմա կգնամ, առջևը կծնկեմ, սիրտս ոտքերի տակ կդնեմ ու կասեմ, որ ես բոլոր բջիջներով, մինչև արյանս վերջին կաթիլը սիրահարված եմ իրեն: Կասեմ` ես քոնն եմ և ուժ այլևս չունեմ, որ ծնկներս ուղղեմ: Բարձրացրո´ւ ինձ, կասեմ, աղերսում եմ: Դարձրու քոնը... (Մոտենում է դռանը, որ դուրս գա, բայց հանկարծ մի երիտասարդ աղջիկ ճանապարհը փակում է):

ԱՂՋԻԿ - (Խիստ տոնով) Սպասի´ր: Այդ ո՞ւր:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Նրա մոտ:

ԱՂՋԻԿ - Հե´տ դարձիր: Չե´մ թողնի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Զարմացած) Ինչո՞ւ:

ԱՂՋԻԿ - Որովհետև քեզ վայել չէ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Չեմ հասկանում:

ԱՂՋԻԿ - Ի՞նչ կա չհասկանալու: Քեզ նման օրիորդին վայել չէ, որ ծնկի: Աղերսել. դա´ էր պակաս:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Բայց իմ ոտքերը իրենք իրենց ծալվում են: Նրա մոտ են տանում: Ես չեմ դիմանում:

ԱՂՋԻԿ - Ես քեզ կօգնեմ: Դիմացիր մի քիչ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Բայց ո՞վ ես դու:

ԱՂՋԻԿ - Փորձիր հիշել: Մի ժամանակ մենք անբաժան էինք:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Եվ մի օր էլ ես քեզ լքեցի՞:

ԱՂՋԻԿ - Ո´չ, ես քեզ լքեցի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Եվ...

ԱՂՋԻԿ - Եվ այդ օրից ուզում ես ծնկներդ ծալել, աղերսել...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Մի´ երկարացրու, խնդրում եմ: Ես շտապում եմ:

ԱՂՋԻԿ - Ես քո Գոռոզությունն եմ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Թևաթափ: Զգալով, որ նրա դեմ անզոր է): Դու ինչո՞ւ եկար:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Ես ոչ թե եկա, այլ գլուխ բարձրացրի: Ես քո ներսում էի: Ես նույն քո անձն եմ: Ես Մարին եմ: Իշխանուհի Մարին:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Գոնե մեկ օր, մեկ ժամ ուշանայիր:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Ո´չ: Դա բացառված է: Այդպես չի լինում:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Բայց ես առանց նրա չեմ կարող: Հասկանո՞ւմ ես: (Փորձում է Գոռոզությանը մի կողմ հրել. խստությամբ): Ես պիտի գնա´մ:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - (Նրան հետ է հրում): Ո´չ: Չպիտի´ գնաս:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Փրկի´ր ինձ, Տեր Աստված: Օգնիր, որ հաղթեմ այս բռնակալին:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - Հասկացի´ր, օրիո´րդ, իշխանուհի Մարի´. վայել չէ քեզ, որ խոնարհվես, ինչ-որ մեկից սեր աղերսես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ախր նա ինչ-որ մեկը չէ: Նա իմ սրտի ասպետն է, հոգուս տիրակալը:

ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ - (Բարկությամբ) Ի˜նչ... Մեր խոսակցությունը արդեն ավարտվեց: Հիշի´ր, իշխանուհի, որ ես միշտ (ցույց է տալիս դռան կողմը) այստեղ եմ, մշտարթուն պահակի պես` դռան մոտ կանգնած և քեզ երբեք չպիտի´ թողնեմ, որ գնաս: (Դուրս է գալիս):

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Արտասվալից) Այս ի˜նչ դաժան կատակ է, Տեր: Հիմա ես ի՞նչ անեմ:

Հանկարծ զվարթ աղմուկով ու քրքիջով ներս են գալիս երեք գեղեցիկ աղջիկներ:

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ - Ի˜նչ ես սուգ ու շիվան անում: Դա ի՞նչ մի հարց է:

ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ - Քո այդ ասպետին ես ինքս կբերեմ քո ոտքը:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ծաղրո՞ւմ ես:

ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ - Կբերեմ` քթից բռնած, հետևիցս քարշ տալով: Կգա, առջևդ կծնկի և… (Հեգնանքով) «Իմ թագուհի´,- կասի,- ահա սիրտս...»: (Ներս եկած աղջիկները քրքջում են): Հը՞: Այդպես կուզե՞ս:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ասենք` ուզեցի:

ԵՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ - Ինչո՞ւ թերահավատորեն: Դու մեզ կասկածո՞ւմ ես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Դուք չասացիք, թե ովքեր եք:

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ - Ես այսպես էլ կարծում էի: (Մյուսներին) Սա մեզ իսպառ մոռացել է:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Իսկ եթե հիշեի՞...

ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ - Իսկ եթե հիշեիր, ինձ, օրինակ, կասեիր. «Տեսնո՞ւմ ես նրան` այն հպարտ ասպետին. գնա, հոգու հետ խաղա: Մի լավ ձեռք առ դրան»:

ԵՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ - Իսկ ինձ… «Այդ ասպետի հետ զվարճանալ եմ ուզում, բեր, հետևիցս քարշ տամ»,- կասեիր: (Ծիծաղ):

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ - Իսկ ինձ… «Ես ուզում եմ, որ ասպետն այն իմ ստրուկը լինի: Գնա,- կասեիր,- շղթայած ինձ մոտ բեր նրան»: (Ներս եկած աղջիկները դարձյալ քրքջում են):

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ճիշտ է, իսկապես մի ժամանակ ես տալիս էի նման հրամաններ, սակայն, մեղքս ինչ թաքցնեմ, արդեն վաղուց մոռացել եմ հրաման տալ աղջիկներին ձեզ պես նազուն, որոնց անգամ... չեմ էլ հիշում:

ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ - Ես Մարին եմ, իշխանուհի, Կախարդա˜նքը քո:

ԵՐԿՐՈՐԴ ԱՂՋԻԿ - Ես էլ: Մենք բոլորս էլ նույն Մարին ենք: Պարզապես ես (նազանքով) Հրապուրա˜նքն եմ քո:

ԵՐՐՈՐԴ ԱՂՋԻԿ - Ես էլ` քո անպարտ Սեթևեթա˜նքը:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Աղջիկների հետ հերթով ողջագուրվում է): Ա˜խ, սիամական իմ երկվորյակներ, ո˜նց եմ կարոտել...

(Շարունակելի)

ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ