Վերջնաժամկետ... կլինի՞ այն վերջինը


Երևանի փողոցների խցանումներն արդեն սովորական են: Արդեն սովորել ենք և արդեն չենք զարմանում: Չենք զարմանում, բայց նեղվում ենք: Որովհետև մեր օրվա, մեր ժամանակի տերը չենք: Առանց այն էլ երևանյան տրանսպորտից օգտվելիս բազում տհաճություններ ուղեկից են: Դրանց մեկն էլ է ավելացել` նստում ես տրանսպորտ ու չգիտես` երբ տեղ կհասնես: Դե գնա ու օրվադ կեսը, թանկ ժամանակիդ մեծ մասը տրանսպորտում անցկացրու: Հաճախ նույն ճանապարհը ոտքով ավելի արագ կանցնես, բայց ստիպված ես, մի ոտքի վրա կանգնած կամ երկտակված վիճակում, սպասումի անհատնում թվացող րոպեների ընթացքում նյարդերդ ես վատնում: Հիմա մեզ ասում են, թե էս ամենի վերջը եկել է: Շինարարական և կառուցապատման աշխատանքները իբրև թե ընթանում են ըստ ժամանակացույցի: Միաժամանակ ամբողջ քաղաքը քանդեցին, միաժամանակ էլ ուզում են ավարտել: Եվ դեռ ավելին, քաղաքապետի մի որոշմամբ կոնկրետացվել են շինարարական ծրագրերի ավարտման ժամկետները: Տրանսպորտային որոշ հանգույցներում վերգետնյա մասը` երթևեկելի մասը, սկսում է գործել: Որոշ օբյեկտներում դրան պետք է սպասել մինչև աշնան վերջը: Մինչև տարեվերջ, ըստ փոխքաղաքապետ Կարեն Դավթյանի, հիմնականում կավարտվեն Բարեկամություն-Կիևյան-Կասյան հատվածի վերակառուցման աշխատանքները: Մարդու հավատալը չի գալիս, բայց որ ասում են… Ասում են ու պինդ են ասում: Միևնույն է, դժվար է վստահություն տածելը անգամ շա¯տ-շա¯տ վստահեցնելու պարագայում: Դժվար է, որովհետև հաճախ խոսքը լսում ենք, գործը չենք տեսնում: Կամ տեսնում ենք ճիշտ հակառակը: Մի այլ փոխքաղաքապետ էլ օրեր առաջ վստահեցնում էր, թե շինհրապարակների կազմակերպման վերաբերյալ քաղաքապետարանի սահմանված կարգին անխտիր ենթակա են բոլորը: Այս թեմային վերաբերող մեկ այլ հրապարակման մեջ մենք արդեն կոնկրետ մատնանշել ենք չենթակայության կոնկրետ փաստեր, որոնք այսօր էլ փաստ համարվելու ուժը չեն կորցրել: Ի՞նչ է անում քաղաքապետարանը` կարգախախտումների և օրինազանցությունների ճանապարհը փակելու, եղածները կանխելու համար: Հանձնարարում է «ավելի հետևողական լինել…» և այլն: Լա¯վ միջոց է, խոսք չկա: Քաղաքային իշխանությունները երբևէ գոնե իրենց համար պարզե՞լ են, թե ինչ օգուտ են բերում գործին նման հանձնարարությունները: Մեզ այդ «օգուտը» պարզ է:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ