ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 34-39-ում) - Ես չգիտեմ անգամ ինչ ասել, կարծես հեքիաթ լինի... - Այո, հեքիաթ,-մեղմ արտասվելով տխուր ասաց մայրը: Լենան հասկացավ, որ եթե հենց հիմա ինչ-որ բան չասի, մայրը այլևս երբեք ոչինչ չի պատմի: Մոր ուշադրությունը շեղելու համար նա ասաց առաջին բանը, որ մտքով անցավ. - Մամ, իսկ նա քա՞ջ էր, կռվարար էր, ասում են` կովկասցիք կռվարար են: - Առանձնապես կռվարար չէր, իր գլխին տհաճություններ չէր փնտրում, բայց և դրանցից չէր խուսափում, մի բան պատմեմ` արցունքները սրբելով ասաց մայրը. - Ուրեմն ամառ էր, նա ինձ մոտ Կիև էր եկել, դե, լավ ժամանակ անցկացրինք, վերջին օրը, հիշում եմ, կիրակի էր, քաղաքում զբոսնելու դուրս եկանք: Շոգ օր էր, մտանք սրճարան պաղպաղակ ուտելու: Տարօրինակորեն սրճարանը կիսադատարկ էր, միայն ներս մտնելուց հետո հասկացա, թե բանն ինչումն էր: Սրճարանի կենտրոնում, չափազանց բարձր, զվարճանում էր վեց հոգուց բաղկացած ընկերախումբ: Տեսքից անգամ պարզ էր` դրանք պատկանում են մարդկանց այն տեսակին, ում մասին ասում են` երկու մետր հասակ, հարյուր կիլոգրամ քաշ ու միայն տհաճություններ: Եթե դրան էլ գումարենք նրանց սեղանների վրա դրված գինու դատարկված շշերի քանակը, ապա կհասկանաս, թե ինչքան անհանգստացա ու միանգամից փարվելով նրան խնդրեցի հեռանալ: Չէ, Մակո, ասաց նա... - Մակո, իսկ ինչու՞ Մակո,-զարմացավ Լենան: - Դե, Մարգարիտա անունը հայերի մոտ էլ է տարածված, նրանք էլ, ինչպես մենք, կրճատում են այն, ուղղակի մենք վերցնում ենք վերջին վանկը` Ռիտան, նրանք` առաջինը` Մարգոն, փաղաքշական ձևը` Մակո, այդպես նա անունս հայկականացնում էր, նրանք մի հնչյուն ունեն, որ մենք չունենք, վերջին կ-ն քնքույշ էր ասում, մի խոսքով նրա շուրթերին անունս շատ գեղեցիկ էր հնչում: Հա, խնդրանքիս ի պատասխան նա ասաց, որ մենք միայն այստեղ ենք պաղպաղակ ուտելու, ձայնը մետաղական երանգներ էր ստացել, տոնը` առարկություն չհանդուրժող, ստիպված ներս մտա: Հենց մտանք ներս, դրանցից մեկը, լկտի ժպիտը դեմքին, շրջվեց դեպի մեզ ու բերանը բացեց ինչ-որ բան ասելու համար, ուղեկիցս ոչինչ չասաց, ուղղակի թավ հոնքերի տակից իր սև աչքերով` մի խոժոռ հայացք նետեց նրա վրա, ու այդքանը բավական եղավ, որ սա լուռ շրջվի... - Մայրիկ,-գլուխը տարուբերելով հազիվ կարողացավ արտաբերել Լենան: - Մենք նստեցինք, քիչ անց մեզ մոտեցավ մատուցողուհին` վախվորած, լկտիների կողմը նայելով, շշնջաց. «Երիտասարդներ, դուք այնքան հաճելի զույգ եք, գուցե հեռանաք, այս խուլիգանները...», ասպետս չթողեց նա շարունակի, ժպիտը դեմքին հանգիստ ասաց. «Մի անհանգստացեք, մեզ պաղպաղակ բերեք», մատուցողուհին հեռացավ, քիչ անց կողքի սեղանից հայհոյանք լսվեց: «Էյ, անասուն, ախոռում չես, մի հայհոյիր...»,- սրճարանով մեկ հնչեց նրա բարկացած ձայնը: Սրճարանում լռություն տիրեց, բոլորը վախվորած մեզ էին նայում, ես սարսափից կորցրել էի խոսելու, շարժվելու ընդունակությունս: Լկտիները նույնպես շշմել էին, ականջներին չէին հավատում, որ ինչ-որ սև իրենց տարածքում հանդգնի...մի խոսքով, մի քանի րոպե հետո միայն ուշքի եկան ու «քո մերը» գոռալով գինու դատարկ շշերը ձեռքներին ոտքի կանգնեցին: Իմը ոտքի ցատկեց, աթոռը վերցնելով խփեց ամենամոտեցածի գլխին, հետո մյուսի...պատկերացնու՞մ ես, առաջինն ինքը նետվեց նրանց վրա: Միայնակ` ընդեմ վեցի: - Աստված իմ...,-վախեցած գլուխն օրորեց Լենան: - Փառք Աստծո, միլիցիան շուտ հասավ, հերոսիս լավ տրորել էին, բայց նա էլ տակը չէր մնացել, վեցից երկուսի դեմքը ամբողջովին արյան մեջ էր կորած, մյուսներինն էլ կապտուկներով էին ծածկված: Մի խոսքով, սկսեցին արձանագրություն կազմել, բոլորը վկայություն տվեցին մեր օգտին: Քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը կային, լկտիներին մի երեք տարով կնստեցնեին, բայց արի ու տես` խենթս համաձայն չէր: Նա մոտեցավ միլիցիոներների ավագին ու ասաց,- «Ընկեր կապիտան, այսօր ինձ համար երջանիկ օր է, ես այսօր շատ եմ երջանիկ և չէի ուզենա, որ ինչ-որ մեկի համար այսօր վատ լիներ, սրանք, անկասկած, մեղավոր են, բայց բավարարվենք այնքանով, որքան ես արեցի, եկեք ավելի չպատժենք, իսկ սրճարանին տված վնասը ես կփոխհատուցեմ» ու միլիցիոների ձեռքը խոթեց 25 ռուբլիանոց թղթադրամը: Խեղճ միլիցիոներն ապշահար նրան էր նայում.«Բայց ինչո՞ւ»,- միայն կարողացավ հարցնել նա: Ժպտալով այդ խելագարը պատասխանեց. «Ուղղակի չեմ ուզում, որ այս պայծառ օրն ինչ-որ մեկը դառնությամբ հիշի»: «Խելագար»,-միայն կարողացավ արտաբերել միլիցիոներն ու լկտիներին բաց թողեց: Մի խոսքով, երկու բաժին պաղպաղակի համար, որ պիտի արժենար մեկ ռուբլի, այդ օրը նա վճարեց իր բոլոր փողերը, հաջորդ օրն օդանավակայան հասնելու համար ստիպված ինձանից երեք ռուբլի խնդրեց... - Մայրիկ, բայց... բայց նա լավն է եղել, վայ ինչ լավը,-երեխայի նման թռվռալով գոչեց Լենան,-վերջ, գնում եմ մենաստան, մինչև նրա նման մեկը ինձ չսիրի, ես այնտեղից դուրս չեմ գա: (Շարունակելի)