Տոլստոյի հեռացող ստվերի ցոլքերը


Ինչ-որ չգրված օրենքով, ասես տարերայնորեն, ինքնաբուխ մեր մշակութային առօրյան խայտաբղետ բովանդակալից իմպուլսներով հոգևոր թմբիրից սթափեցնող հագեցվածություն է ստանում հատկապես աշնան ամիսներին: Ամառային հարաբերական հանգստից հետո վերսկսված բնականոն ստեղծագործական կյանքի ռիթմին անսովոր արագություն և իմաստ են հաղորդում, նախևառաջ, ավանդական դարձած «Արմմոնո»-ն ու «Հայֆեստ»-ը: Այս տարի դրանց բորբոքած աշխույժ հետաքրքրությանը հուժկու թափ հաղորդվեց նոր նախաձեռնված միջպետական նախագծերի անդրանիկ միջոցառումների կենսագործմամբ: Իր նշանակությամբ վերջիններիս շարքում ուրույն գրավչությամբ առանձնացավ «Տոնինո Գուերան և իր ընկերները»` XX դարի վերջին հումանիստի Հայաստան կատարած նոր այցելության պատվին կազմակերպված ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություններով, համերգային ելույթներով, «դարի լավագույն սցենարիստի» անցկացրած վարպետության դասընթացներով և ցուցահանդեսներով: Ազգային պատկերասրահի ցուցասրահներից մեկում Մարինա Ազիզյանի ներկայացրած երկու տասնյակ կոլաժները, լրացվելով Գուերայի քնարական աֆորիստիկ պոեզիայից քաղված պատառիկներով, միասնաբար ձևավորել էին «Տոնինո Գուերայի ֆանտաստիկ բառարանը»: Այցելուների գերակշռող մեծամասնության տպավորությամբ` Մարինա Ազիզյանի աշխատանքները բնորոշող վերնագիր-բառերից շատերն այնքան խորունկ բանաստեղծական բացատրություն էին ստացել Գուերայի պատկերավոր ենթատեքստերով, որ լրացնում-հարստացնում էին դրանցում մտահղացված, բայց ակնդետ զննումով նույնիսկ չընկալվող բովանդակությունը: «Երբ», «Դեղձի կորիզը», «Աղքատություն», «Տուն», «Բեղերով հրեշտակը», «Դատարկություն», «Մառախուղ» և այլ կոլաժներ հազիվ թե «բառարանային» ֆանտաստիկ արժեք ձեռք բերեին սեփական կոմպոզիցիոն սիմվոլիկայով: Բանաստեղծական հավելումներին անհամեմատ ներդաշնակում էին «Անտարբերություն»-ը, «Aria»-ն, «Ընծա»-ն, «Դիմանկար»-ը` թեմատիկային հարիր արտահայտչա միջոցներով, ցաքուցրիվ խորհրդանիշների իմաստալից հավաքականությամբ: Հայաստանյան առաջին տպավորություններն էին ամփոփ ներկայացնում 2007-ին արված Գուերայի 18 նկարները, որոնցում առկա էին մանկական պարզությունն ու իրականության` հրաշապատում հեքիաթներով խթանված երևակայական ընկալման անդրադարձը: Իր իսկ խոստովանությամբ, Գուերայի վրա մեր երկրի հետ առաջին ծանոթության օրերին ամենաուժգին ներգործությունն ունեցել է այբուբենի հուշարձանը` տրամադրելով խոհափիլիսոփայական ընդհանրացման մարդկության պատմության մեջ «այբուբեն» երևույթի անգնահատելի դերի իմաստավորման. «Այբուբենը ճշմարիտ, ամուր, մածուցիկ լուծույթ է, որն ամրացնում է ազգը: Եթե այն կորցնի իր նշանակությունը, ապա կվերածվի անհասկանալի խշխշոցի` անձրևի խշշոցի և շարժիչի դղրդոցի մեջ: Եվ այն ժողովուրդը, ազգը, որին նա պատկանել է` կդադարի գոյատևել»: Երանի թե «XX դարի վերջին հումանիստ» Տոնինո Գուերայի այս իմաստության տագնապահարույց լրջությունը հասու լիներ օտարամոլությամբ մեր ազգային ինքնատիպությունը բնավեր ոչնչացնող «գերժամանակակից» նորահայերի ստվարացող ամբոխին… Հանրահայտ արվեստագետի բազմապլան ունակությունների նորահայտ դրսևորումները եղան հայ արվեստասերների համար Տոլստոյի «Lanterno»-ները: Ազգային պատկերասրահի ցուցասրահում անսովոր շուրջպար բռնած այս հեքիաթային հորինվածքները հենց մուտքից իրենց վրա են սևեռում ուշադրությունդ: Անմիջապես չես կողմնորոշվում` վառարանային թիթեղի և գույնզգույն ապակիների տարաչափ զուգակցմամբ ստեղծված «Կոմսուհի», «Ամոթխածը», «Կլոր աչք», «Ձվաձև աչք», «Գաճաճուհի», «Ռազմիկ» և «Աղախին» անվանակոչված այս յուրատեսակ քանդակների կախարդանքը ինչո՞վ է պայմանավորված: Ներսից արձակվող աղոտ լույսերի խորհրդավորությա՞մբ, մանուկների աշխարհը իմաստավորող զարմանազան պատմությունների նորահնար հերոսների աննախադեպ մարմնավորման տպավորիչ փորձո՞վ, թե՞… Ուշի ուշով տնտղում ես «շուրջպարի մասնակիցներից» յուրաքանչյուրին և զգում նրանց կենդանություն պարգևած «տիկնիկագործի» բանաստեղծական աներևույթ ներկայությունը: Մի պահ նույնիսկ թվում է, թե ուր որ է հանդիստատեսը կլինես դրանց միասնությամբ ծնունդ առած մերօրյա հետաքրքրաշարժ պատմության: Նովելյան նախահիմք ունեն Տոլստոյի «լապտերները»: 2006-ի ամռանն էր: «Յասնայա Պոլյանայից» Տոնինո Գուերայի քայլերը, ինքնակամ ձգվելով Լև Տոլստոյի անցած վերջին ճանապարհով, հասցրեցին կայարանամերձ փոքրիկ թանգարան: Պաշարված մեծ գրողի մասին մտքերով` Գուերան նկատում է կայարանային հսկիչի գիշերային լապտերի գողտրիկ հմայքը. գուցե հենց դրանից արձակված լույսի ցոլքերո՞վ են ուղեկցվել Տոլստոյի կյանքի վերջին պահերը... Անմիջապես մտահղանում է օգտագործել այդ լապտերը որպես մոդել խոշորացվող և փոփոխվող կերպարների համար: Ձեռնարկելով իր քանդակ-լապտերներին` բանաստեղծական հարուստ ներաշխարհով արվեստագետը մի հեռահար նպատակով է առաջնորդվել` «Lanterno»-ներից ճառագող լույսով հիշեցնել այն ցոլքերի մասին, որոնք թեկուզ մի ակնթարթ կանգ են առել ռուս հանճարեղ գրողի հեռացող ստվերի վրա: