<Մենք կատարելագործման կարիք ունենք >


Հայության միասնականության, նախընտրական խնդիրների մասին է զրույցը` «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ: - Վերջերս Երևանում կայացավ Սփյուռքի կազմակերպությունների հավաքը: Վերջին շրջանում ամեն առիթով և անգամ անառիթ հաճախ ենք բարձրաձայնում ազգի միասնականության անհրաժեշտության մասին: Իսկ անհրաժեշտ երևույթի անհարկի հիշատակումներն արդյո՞ք դրա բացակայության հիվանդագին դրսևորումներից չեն: - Սփյուռքն ու Հայաստանը ազգային տարբեր իրողություններ են և ունեն տարբեր նպատակներ: Որպես պետական կառույց` Հայաստանն ունի դաշնային պարտավորութ յուններ իր գործընկեր երկրների հետ, որոնք բավական լուրջ խնդիրներ ունեն տարածաշրջանում` Ղարաբաղի հարցով և այլն: Սփյուռքը միավորվում է Հայ Դատի գաղափարի շուրջ: Մեղմ ասած` փոքր-ինչ լավատեսություն կարող է լինել, եթե ասեմ, որ նրանք պատրաստ են հենց վաղը վերադառնալ Արևմտյան Հայաստան և ստեղծել ևս մեկ հայկական պետություն: Հայ Դատի գաղափարը մեզ համար երբեմն խոչընդոտ է` հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով: Կա մի խնդիր, որում մենք` հայության հիշյալ երկու հատվածներս, տարբեր մոտեցումներ ունենք, ինչը բնական է: Նույնը` Ղարաբաղի խնդրում: Բայց աշխարհում ամբողջ հայության երեք թևերն ունեն ընդհանրական մեկ նպատակ` պահպանել հայությունը որպես երկրագնդային երևույթ, և` որպեսզի ամեն հատված կարողանա հասնել իր փոքր խնդիրների լուծմանը: Վերականգնել պատմական արդարությունը` արևմտահայության ջարդերի, վտարանդի դառնալու առումով, մեր պետականության ամրապնդումը, Ղարաբաղն էլ իր անկախությունը պահպանելու խնդիր ունի: - Ղարաբաղի հարցում վերջերս ինչ-որ միտում է նկատվում: Կարծես աշխարհը պատրաստվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Նկատի ունեմ Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությունը, Հայաստանի և Ղարաբաղի մասով այդ երկրի կառավարության որոշումները: - Եթե մենք նայեինք աշխարհին, ընդհանրապես պայքարը չէինք սկսի: Մենք պայքարը սկսել ենք, որովհետև այն մեզ շատ է պետք եղել. մենք ենք ձգտել անկախ լինել, մենք ենք ձգտել մեր ուժերի հնարավորության սահմանում վերականգնել պատմական արդարությունը: Այնպես որ` այդ հարցում շատ պետք էլ չէ աշխարհին ուշադրություն դարձնել: Խնդիրն այն է, թե որքանով են գերհզոր ուժերը բախվում այս տարածաշրջանում, և մենք ինչպես կարող ենք մեր օգտին օգտագործել այդ բախման արդյունքները: Օրինակի համար` քանի դեռ Ադրբեջանն ունի գազ ու նավթ, Ղարաբաղն իրեն չեն տա: Սա միանշանակ է, որովհետև այն լծակ է` Ադրբեջանին իրենց ենթակայության տակ, ստորադաս վիճակում պահելու համար: Բավական է` Ղարաբաղը տալ, և Ադրբեջանը կդադարի հնազանդ երկիր լինել ու կսկսի ինքնուրույն խաղեր խաղալ: Դրան կարող է միայն Ռուսաստանը ներազդել, քանի որ այնտեղ մոտ երկու-երկուսուկես միլիոն ադրբեջանցի է ապրում: Եվ եթե մի օր Ռուսաստանը որոշի նրանց իրենց հայրենիք վտարել, Ադրբեջանում հումանիտար ճգնաժամ կսկսվի, քանի որ անհնար կլինի այդքան մարդու տեղավորելն ու կերակրելը: Մասամբ նաև Թուրքիան, որտեղ նույնպես մեծ է Ադրբեջանից ներգաղթածների թիվը, և այդ պատճառով էլ Ադրբեջանում սոցիալական ներքին լարումները թույլ են, քանի որ ավելորդ աշխատուժն ու բնակչությունը երկրից դուրս են: Հետևաբար, մենք կասկածի տակ չպետք է դնենք Ղարաբաղի անկախությունը: Այս դիրքորոշումն իմ կարծիքով ըմբռնում են այն երկրները, որոնք նման եղանակով են հասել իրենց տարածքային ամբողջականությանը: Ուսումնասիրեք ԱՄՆ-ի պատմությունը, տեսեք ինչպես է նա 51 նահանգները ձեռք բերել: Երկրորդը` միասնության խնդիրն է: Կա միամիտ մոտեցում, որ եթե բոլորս նույն կերպ մտածենք, նույն արժեքներն ունենանք, նույն պատկերացումները, կլինենք միասնական: Ոչ, միասնականությունը կազմակերպչական, կառավարման խնդիր է, ոչ թե միևնույն ձևի սանրվելու, նույն կերպ մտածելու, նույն կրթությունը, նույն չափով պատմությունն իմանալու խնդիր է: Հարկավոր է մտածել, թե ինչպես տարբեր մարդկանց, տարբեր հայերի միավորել` նույն խնդրի լուծման համար: Կառույցներ են հարկավոր, որոնք կմիավորեն մեր ներուժը` գիտական, տեխնիկական, տեխնոլոգիական… Հայերը պատմականորեն դատապարտված են` լինել արտատարածքային ազգային միավորում` հրեաների, չինացիների նման, որոնք մեծ գաղութներ ունեն այլ երկրներում և բավական օգնում են Չինաստանի բիզնեսին: Դա է մեր ներուժը և այն պետք է օգտագործվի: Ամերիկահայը պետք է չասի` ես սկզբից ամերիկացի եմ, հետո` հայ, ֆրանսահայը չպետք է ասի` ես սկզբից ֆրանսիացի եմ, հետո` հայ… Ռուսահայության դերակատարումը Հայաստանի տնտեսության մեջ անգերազանցելի, անհամեմատելի է արևմտահայության դերակատարումից, թեպետ վերջիններս Ամերիկայում, Ֆրանսիայում, Լիբանանում և այլուր իրենց ունեցած կապիտալով շատ անգամ ավելի մեծ ներուժ ունեն: Բայց չգիտեմ ինչու` նրանք Հայաստանը շրջանցում են: Մեզ մոտ գալիս են նույն Ամերիկայից, նույն Ֆրանսիայից մեզ մոտ բիզնես անելու են գալիս ոչ հայերը: -Հայերը չեն գալիս, որովհետև գուցե հնուց եկող` վստահության պակա՞ս կա մեր պետության հանդեպ: - ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ ապահովագրում է Ամերիկայից այստեղ եկող բոլոր ներդրումները: Այստեղ ներդրում չանելու հայերի պատճառը մեր օրենքների վատ իմացությունն է, գուցե նաև վստահության պակասը: Ուրեմն, պետք է գան-գնան, ամեն տարի գան, շփվեն, հասկանան մեզ, մեզ փոխեն: Մենք կատարելագործման կարիք ունենք, թող գան մեզ կատարելագործեն: -Ի դեպ, վստահության առումով: Իհարկե տեղյակ եք, թե ՀՅԴ ԱՄՆ Կենտրոնական Կոմիտեն վերջերս ինչ հայտարարություն է արել, որն ամբողջովին հակասում էր կուսակցության Բյուրոյի քաղաքական ուղղությանը: Դա ՀՅԴ 100-ամյա պատմության մեջ աննախադեպ էր: Կատարվածն արդյո՞ք վստահության պակասի մասին չի խոսում: - Գուցե: Գուցե նաև ՀՅԴ-ը, որպես ձախակողմյան կուսակցություն դադարում է գոյատևել և դառնում է սովորական կուսակցություն, որտեղ այլակարծությունը շատ նորմալ երևույթ է: Ժամանակակից կուսակցություններում չի պահանջվում, որ բոլոր թևերը միասնական մտածեն: Գուցե ՀՅԴ _ն էլ է թևակոխում դեպի ժողովրդավարական, լիբերալ տիպի կուսակցություն: - Մոտենում է նախընտրական տարին: Իսկ ընտրությունների ժամանակահատվածում նկատելի է հասարակության որոշակի տարանջատում: Այդ երևույթը կարո՞ղ է բացասաբար ազդել միասնականության գաղափարի վրա: - Ոչ: Տարանջատման պատճառները կապ չունեն ազգային խնդիրների հետ: Լոկ տնտեսական, սոցիալական խնդիրներ են: Իշխանության գալը ոչ թե քաղաքական կուրսը փոխելու, այլ հարստությունը կամ ազդեցության ոլորտները վերադասավորելու կամ վերափոխելուն կարող է հանգեցնել: - Ցավոք, Հայաստանում տնտեսապես հզոր լինելու համար պետք է անպայման իշխանության մեջ լինել: Ազգի միասնությունը սոցիալ-քաղաքական ոլորտում չի: Եթե վաղը պատերազմ սկսվի, էլի կգտնվեն մարդիկ, որոնք կգնան կյանքը զոհելու` հանուն հայրենիքի: Դժբախտաբար, քաղաքական պայքարն ընթանում է ոչ այն առումով, թե ով է սոցիալ-տնտեսական զարգացման ավելի լավ տարբերակ առաջադրում, այլ իշխանության գալու խնդիր է դրվում: - Այսօր բոլոր կուսակցություններն ասում են, թե շատ կցանկանային, որ քաղաքական պայքարն ընթանար գաղափարախոսությունների միջև: Դուք Հայաստանում հնարավոր համարո՞ւմ եք գաղափարախոսությունների մրցակցությունը: - Ինձ թվում է, որ դա մեզանում հնարավոր չի: Գաղափարական լինելու համար պետք է բարեկեցիկ կյանք ունենանք, որ մեր կայացրած որոշումների մեջ տնտեսական գործոնն աննկատ ու աննշան լինի: - Այսինքն, համակարգի փոփոխությունը մեզանում հնարավոր չի՞: - Չէ: Հայերը շատ արագ չեն փոխվում: Եթե մեքենա են գնում, մի քանի տասնամյակ վերանորոգումով օգտագործում են, նույնը` կահույքը: Դա ազգի մենթալիտետից` աշխարհընկալումից է գալիս: Քանի դեռ բնակչության կեսն աղքատ է, նրա նախընտրությունը պայմանավորված կլինի տնտեսական խնդիրներով:

Զրույցը` Արթուր ԴՈԽՈԼՅԱՆԻ