ԳՈՒՑԵ ՇՐՋԱԴԱՐՁ ԱՐՁԱՆԱԳՐՎԻ


Սեպտեմբերի 9-ին Ուրուգվայի խորհրդարանում կազմակերպված Ուրուգվայ-Հայաստան հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ այդ երկրի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն ներկայացրել է իր տեսակետներն ու մոտեցումները, որոնք կարելի է դիտարկել որպես այդ երկրի պաշտոնական դիրքորոշում, քանզի այն հնչեցվել է պաշտոնական ամբիոնից և երկրի արտաքին քաղաքականությունը համակարգող նախարարի կողմից: ԵԼՈՒՅԹԸ չափազանց մեծ արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Լատինական Ամերիկայի երկրներում, որոնք ունեն հայկական համայնքներ և անտարբեր չեն Հայաստանի հետ գործակցության հարցերում: Հիշեցնենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջին պետությունն էր, որը ճանաչեց Օսմանյան կայսրությունում 1915-ին իրականացված Ցեղասպանությունն ու դատապարտեց այն` այսպիսով նախադրյալներ ստեղծելով 20-րդ դարասկզբի մեծագույն հանցագործություններից մեկի միջազգայ նացման համար: Այսօր էլ, ի տարբերություն ղարաբաղյան կարգավորման հանդեպ «սպառողական» և խուսափողական դիրքորոշումներ որդեգրողների, Ուրուգվայի կառավարությունը հնչեցնում է մի կարծիք, որը շատ կարճ ժամանակամիջոցում կարող է դառնալ այդ պետության պաշտոնական դիրքորոշումը: Բնականաբար, առաջին հերթին Ադրբեջանում արդեն մեծ աղմուկ է բարձրացել Լուիս Ալմագրոյի հայտարարության առթիվ. ադրբեջանական լրատվամիջոցները, կատարելով իշխանության հանձնարարությունը, հայտարարություններ տարածեցին, թե արտգործնախարարի ելույթը սխալ է թարգմանվել: Սակայն այսօր արդեն նրանք սուր քննադատության են ենթարկում այդ ելույթում հնչած մտքերը, դիմում քաղաքական և դիվանագիտական շանտաժի` պնդելով, թե նման դիրքորոշումը վնասում է բանակցային գործընթացներին: Ադրբեջանի և նրան աջակցող Թուրքիայի նմանատիպ հայտարարությունները տևական ժամանակ է` իրենց ազդեցություններն են թողնում հանրային կարծիքի վրա և խոչընդոտում խնդրի լուծմանը` միջազգայնորեն ընդունված նորմերի շրջանակներում, մասնավորաբար ազգերի ինքնորոշման իրավունքի սահմաններում: Սակայն ակներև է, որ Ուրուգվայը, որը վարում է ինքնուրույն քաղաքականություն, մտադիր չէ ենթարկվել այն կարծրատիպերին, որոնք անորոշություն ձևավորելով` քսան տարի առաջ իր անկախության մասին հայտարարած երկիրը պահում են յուրատեսակ պատանդի կարգավիճակում: Ուրուգվայի արտգործնախարարի ներկայացրած դիրքորոշումը չի կարող անտարբեր թողնել առաջին հերթին Լատինական Ամերիկայի երկրներին: Ավելին, այն արդեն երաշխիքն է, որ առաջիկայում կարող են գրանցվել լուրջ դիվանագիտական իրադարձություններ, որոնց արդյունքում Ուրուգվայը կարող է ճանաչել ԼՂՀ¬ն` դրդելով իր հարևան երկրներին ևս դիմելու նման քայլի: Այս օրերին հատկապես Սփյուռքի թերթերը մեծ ոգևորությամբ անդրադառնում են արտգործնախարարի արտասանած խոսքին, մեկնաբանում նրա ամեն մի պարբերություն: Եվ սա լոկ ազգային ռոմանտիզմի արտահայտություն չէ: Հատկապես Արևմուտքում ապրող մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են քաղաքական տարբեր գործընթացների խաչմերուկում, շատ լավ են հասկանում, թե ինչ արժեք և հետևանք կարող է ունենալ համաշխարհային քաղաքականության մեջ իր մեծ ազդեցությունները չունեցող, սակայն Լատինական Ամերիկայում առաջատար դիրք գրաված Ուրուգվայի դիրքորոշումը: Պատահական չէ, որ ադրբեջանական դիվանագիտական շրջանակներն արդեն երկու շաբաթ տքնաջան աշխատանքներ են կատարում, որոնց «պսակը» հանդիսացավ ՄԱԿ-ի գագաթնաժողովի օրակարգում նորից չարչրկված խնդրի ներմուծումը, որը վերաբերում է այսպես կոչված գրավյալ տարածքներին: Իր ելույթում արտգործնախարարը մասնավորաբար ասել էր. - Մենք խորապես քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հարցը և շարունակում ենք փնտրել բոլոր հատվածների համաձայնությամբ ընդունվելիք պետական դիրքորոշումը` խնդրի լուծման համար: Անձնապես հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է ու սերտորեն կապված է մնում Հայաստանի հետ իր հայ բնակչությամբ: Լավագույն ուղին կա´մ Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, կա´մ ապագայում Հայաստանի հետ միացումը: Այս մեկը շատ զորավոր սահմանում է, որ շատերին պիտի ցնցի այնպես, ինչպես մեր նախապես որդեգրած այլ որոշումներ և սահմանումներ, բայց վստա´հ եղեք մեր համոզմունքներին և մեր բարեկամությանը, որ հիմնված է սկզբունքների վրա: Եվ թող այդ բարեկամությունը այդ մակարդակին չմնա: Այս սեմինարն առաջին առիթն է, որ իմանանք` ինչ անել, ճարտարարվեստի, առևտրի, գիտության ոլորտներում ներդրումային ինչ դաշտեր ստեղծել Հայաստանի մեջ: Եվ թող ուրուգվահայ համայնքը շարունակի իր կապը երկու երկրների միջև որպես գործոն, որովհետև այդ համայնքը նաև Ուրուգվայի բարգավաճման գործոն է: Ուրեմն ժամանակն է, որ այդ համայնքն իր աշխատանքով նաև հարստացնի մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունները, ժամանակն է սկզբունքների ամրապնդման, գործի և ոչ թե խոսքի, որովհետև մեր փափագն է Հայաստանի հետ ունենալ զարգացող սերտ հարաբերություններ, որոնք օր-օրի ավելի պիտի բարգավաճեն (մեջբերումն արվել է Հայ Դատի գրասենյակի տարածած տեղեկանքից): Հենց այս էլ դարձել է ադրբեջանական կողմի զայրույթի և շփոթմունքի պատճառը: Տեսնելով, որ աշխարհն արդեն փոխում է իր վերաբերմունքը Ղարաբաղյան խնդրի հանդեպ` հուշելով նոր շրջադարձեր, Թուրքիան շտապել է խոսել այն մասին, որ մշտապես պաշտպանելով Ադրբեջանին, ինքը շուրջ 18 տարի փակ է պահում սահմանները` այսպիսով ունենալով քաղաքական և տնտեսական վնասներ: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Կիլիչն օրերս խոսելով իսրայելական խնդիրների մասին և ակնկալելով Ադրբեջանի աջակցությունը, ասել է. - Մենք միշտ էլ Ադրբեջանի կողքին ենք եղել: Արդեն 18 տարի է, ինչ մենք փակ ենք պահում սահմանը մեր հարևանի հետ: Եղբայրական Թուրքիայի խնդիրը պետք է լինի նաև Ադրբեջանինը: Ադրբեջանի կառավարությունը շատ լավ գիտի` ինչ է պետք անել: Կիլիչի այս հայտարարությունը Թուրքիայում ընկալել են որպես յուրատեսակ մեղադրանք Ադրբեջանի հասցեին, որի պատճառով Թուրքիան զրկվել է տարածաշրջանում իր ակնկալած ազդեցություններից: Չի բացառվում, ուրեմն, որ հանուն քաղաքական դիվիդենտների, Թուրքիան ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող նոր իրադարձություններից` այսպիսով անզոր լինելով կանխել ճանաչման այն գործընթացը, որը սկսվելով Ուրուգվայից` կարող է տարածվել ողջ Լատինական Ամերիկայում: Կարելի է ասել, որ Ուրուգվայն իսկապես բարենպաստ ժամանակ է ընտրել, որովհետև այս օրերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարություններ է արել Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու դեմ, իսկ Հիլարի Քլինթոնն էլ Ահմեդ Դավութօղլուին հորդորում է վերադառնալ հայ-թուրքական արձանագրություններին… Արձանագրություններն ու ԵՄ անդամակցության խնդիրը սերտակցված են իրար` ինչպես պետք է կռահել. հետևաբար չի բացառվում, որ Թուրքիայի վրա ճնշումներ կլինեն, իսկ ճնշումներից խուսափելու համար` Թուրքիան կորդեգրի չեզոքություն` Ղարաբաղի ճանաչման գործընթացներում և չի խոչընդոտի բոլոր այն երկրներին, ովքեր կդիմեն ճանաչման միջազգային սկզբունք ներին: Նշենք, որ Ադրբեջանն էլ իր հերթին օրերս «գաղտնազերծել» է կազանյան հանդիպման տապալման իր տեսադրույթը` ամեն ինչ բացատրելով նրանով, որ որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում տարածաշրջանում կտեղակայվեին ռուսական և ամերիկյան խաղաղարարները, որոնք այլևս դուրս չէին գա տարածաշրջանից… Ուրեմն, մենք ականատես ենք լինում բավական բարդ և հետաքրքիր գործընթացների, որոնց տրամաբանության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ