1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Որքան աշխարհն ավելի ու ավելի մեծ սարսափով է ամեն օր խոսում նոր ֆինանսատնտեսական ճգնաժամի անխուսափելիության մասին, այնքան հաստատուն ու հիմնավոր են դառնում Հայաստանի իշխանությունների հայտարարությունները` մեր տնտեսության ներկայիս վիճակի վերաբերյալ և ձեռնարկվելիք քայլերն` այդ ուղղությամբ: Անգամ տոնական օրերը չխանգարեցին հապճեպորեն երկրի տնտեսական կյանքը կարգավորելուն միտված Բարեփոխումների խորհուրդ ստեղծելուն: Առաջին հայացքից նման շտապողականությունը կարող է տպավորություն ստեղծել, թե վերջինիս գործունեությունը հատկապես նոր ֆինանսատնտեսական ճգնաժամը դիմակայելուն պետք է միտված լինի: Իսկ բարեփոխումների ենթատեքստում նաև մեծ է հավանականությունը, որ խորհրդի ծնունդն ավելի հեռահար նպատակներ է հետապնդում... Մանավանդ` խորհրդի ստեղծման առթիվ տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այն պետք է նպաստի գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող երևույթների վերացմանը: Անելիքը` պարզ, նպատակները տեսանելի են թվում: Սակայն, ինչպես հաճախ, քիչ չեն նաև թերահավատները, ովքեր միանգամից անվստահությամբ են վերաբերվում նոր¬նոր ստեղծվելիք կառույցի գործունեության արդյունավետությանը: Արդյունքներն, իհարկե, ապագայում կերևան, սակայն այն հանգամանքը, որ նորաստեղծ խորհրդի հիմնական գործառույթներից մեկը տնտեսական ոլորտը կարգավորող նոր իրավական ակտերի մշակումն է, կարող է և խոստումնալից լինել, եթե իսկապես հստակեցումներ արվեն: Մինչև հիմա ամենատարբեր բիզնեսներ կասեցնելու կամ լուծարելու գլխավոր շարժառիթներից մեկը եղել ու մնում է խրթին ու տարատեսակ «թակարդներով» հարուստ օրենսդրությունը: Հանգամանք, որ ճգնաժամի ալիքին հիասթափության ալիքն է հավելում` մանր ու միջին գործարարությամբ զբաղվողներին մղելով պարապուրդի: Այսինքն, ճգնաժամի նոր ալիքի դեմ յուրօրինակ հակագրոհ ձեռնարկելով` ոչ միայն ինքնապաշտպանության դիմելու հնարավորություն է ստեղծվում, այլ որոշակի պատրաստվածություն է ձեռք բերվում` ֆինանսատնտեսական աղետի հետևանքները հնարավորինս մեղմորեն կրելու: Մանավանդ` վերջին շրջանում արտարժույթի շուկայում ստեղծված կայունութ յունը, գյուղատնտեսական տարվա մասնակի հաջողությունները թույլ են տալիս ենթադրել, որ մեր երկրին կհաջողվի դիմակայել նոր ճգնաժամին: Ի դեպ, նման գնահատականներ ու կարծիքներ վերջին շրջանում բավական հաճախ են հնչում նաև մեր տնտեսությունն ուսումնասիրող միջազգային կառույցների կողմից: Բայց ահա մեր խոշոր գործարարների «ջանքերով» օրավուր ահագնացող գնաճն այդպես էլ չի հաջողվում կանխել: Նորաստեղծ խորհուրդը գուցե հենց դրանից էլ սկսի՞...