«ԵՍ ՈՒԹ ՏԱՐԻ ՆՈՐ ԴԵՐ ՉԵՄ ԽԱՂԱՑԵԼ»


ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ ժամանակակից հայ թատրոնի ամենանշանավոր անհատականություններից մեկն է: Բացառիկ շնորհների դերասան, ով, սակայն, վերջին տարիներին ապրում է ստեղծագործական անբացատրելի ամայության մեջ` հարազատ Սունդուկյանի անվան թատրոնում վերջին անգամ նոր դերով հանդես գալով... 2003 թվականին: Այս ընթացքում դերասանն, իհարկե, անգործ չի մնացել և նկարահանել է երկու ֆիլմ, որոնցից «Համլետն» արժանացել է միջազգային մի շարք մրցանակների: - Տարիներ առաջ, բավական զրկանքներ կրելով, անգամ վաճառելով սեփական բնակարանը, ամառանոցը, նկարահանեցիք «Համլետը»: Ի՞նչ ճակատագիր ունեցավ ֆիլմը, որը ներկայացվեց Նյու-Յորք-Մայամի-Լոս Անջելես միջազգային կինոփառատոնին: - Նյու-Յորքում այն արժանացավ «Լավագույն արտիստ», Լոս-Անջելեսում` «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին: Երբ օտար երկրում, որտեղ ոչ ոք չունես, արվեստդ ընդունում են ու քեզ գնահատում, կարևոր է: Ընդհանրապես, յուրաքանչյուր արտիստի կամ ռեժիսորի մեծ երազանքն է ձեռք մեկնել Շեքսպիրի գործերին, որովհետև Շեքսպիրը բոլոր ժամանակների չափանիշն է, իսկ Համլետն այն կերպարն է, որը համայն մարդկությունն է կրում իր մեջ: - «Համլետից» հետո դու նկարահանեցիր «Ավելորդը» ֆիլմը, որը ես դիտել եմ և, անկեղծ ասած, դահլիճից հեռացել եմ ցնցված` հայտնվելով բավական բարդ տրամադրությունների և զգացողությունների մեջ: Ինձ համար հեշտ չէր տեսնել էկրանին ծավալվող գործողությունները, այն բարդ հոգեբանական պոռթկումները, որոնք ուղեկցում էին քո հերոսին: - Սցենարի հեղինակը և գլխավոր դերակատարը ես եմ: Խաղարկային, գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ էր, որը նորություն էր իմ կյանքում: Գուցեև նորություն էր մեր կինոյում, որովհետև նման հերոսի առաջին անգամ էր էկրան բերում մեր կինեմատոգրաֆը: «Ավելորդի» պրեմիերան կայացավ Մոսկվայում: Ֆիլմում ընդգրկված ժամանակաշր ջանը 1992-1993 թթ. այն ծանր տարիներն էին, երբ շատերը փորձում էին գնալ իրենց երկիրը պաշտպանելու, հայրենիքի համար կռվելու, իսկ ոմանք այստեղ զբաղված էին օլիգարխությամբ ու պաշտոնի ձգտելով: Անձնապաշտության և տրյուիզմի բախումն էր իմ ֆիլմում, որն էլ բերում էր ողբերգական սևեռումների: - Ինչպե՞ս ընտրեցիր ֆիլմիդ հերոսին: - Երկար մտածելուց հետո ընտրեցի ֆիզիկոսի կերպարը: Ինչո՞ւ ֆիզիկոս, որովհետև Խորհրդային Միությունում կար ընդամենը երկու ֆիզիկայի ինստիտուտ` մեկը` Մոսկվայում, մյուսը` Երևանում: Այսինքն` հայ ժողովուրդն ունի պոտենցիալ մեծ հնարավորություններ: Ֆիլմում իմ հերոսը միակն է, որ ունի անուն` Հայկ, մյուսները երրորդ դեմքով են հանդես գալիս: Իմ հերոսը ներկայացված է որպես հայկյան ցեղի երևի թե վերջին շառավիղ: Իր տեսակով ու փիլիսոփայությամբ այնքան մեծ է ու այնքան հումանիստական, որ երբ անժառանգ մահանում է, այս աշխարհում իր տեսակի պակասն է զգացվում, և Տերը մարդկության հավասարակշռությունը, բարությունը պահպանելու համար Հայկի նման ևս մեկ հայի աշխարհ է ուղարկում: - Դու նկարահանվել ես մի շարք ֆիլմերում, քեզ հետ աշխատել են բեմադրիչներ նաև Հայաստանից դուրս, և Մուրադ Ջանիբեկյանի անունն այսօր ներկայացված է նաև արտասահմանյան մի շարք ֆիլմերում: Ոմանք մեր օրերում որպես գեղարվեստական կինոյի այլընտրանք` դիտարկում են սերիալային կինոն: Ի՞նչն է պատճառը, որ դու չես նկարահանվում սերիալներում: - Վեց գլխավոր դերերի հրավեր եմ ունեցել, որը մերժել եմ: Մերժել եմ` ունենալով իմ նախապայմանները: Նախ` մեր սերիալներն այն վիճակում չեն, որ գնաս-նկարահանվես: Մենք մոռանում ենք, որ կինոն, թատրոնը, հեռուստատեսությունը թամաշա են: Մեզ մոտ քիչ փողով, սեղանի շուրջը պպզած գողական խոսելով` ֆիլմի պատրանք են ստեղծում: Այն, ինչ անում են, հանգիստ կարելի է ռադիոբեմադրություն անվանել, որովհետև ոչ մի գործողություն տեղի չի ունենում: Ես ամեն դեպքում փորձում եմ ինչ-որ նշաձող պահել: Ինչ վերաբերում է սերիալներում նկարահանվող իմ արվեստակիցներին, ասեմ, որ նրանք չարչարվել, սովորել, տանջվել են, որ իրենց մասնագիտությամբ առաջ գնան, ոչ թե մատուցող կամ վարորդ աշխատեն… Բայց տխրեցնողն այն է, որ նկարահանումից հինգ րոպե առաջ են սցենարը կարդում, ամեն մի պատահական մարդ կարող է գալ ու պրոֆեսիոնալ դերասանի կողքին նկարահանվել: Արվեստը միակ կապն է կատարյալի հետ: Դա հավերժություն է: Ցավոք, մենք փորձում ենք այսօր ասել, խաղալ` ինչ պատահի: Կյանքի խուժանը պետք չէ բերել բեմ: Արվեստագետի ու սովորական մարդու տարբերությունն այն է, որ արվեստագետը սովորական կյանքից երևույթները, կերպարները պիտի ֆիլտրած բեմ կամ թատրոն հասցնի: Շեքսպիրի Համլետն ասում է. «Դերասաններ եմ տեսել, որ մի քանի ապուշ հանդիսատեսի ծիծաղեցնելու համար իրենք էլ են ծիծաղում»: Հիմա հասել ենք այդ վիճակին: Գուցե նրանք էլ պետք է մաղվեն, մաքրվեն, տեսնենք` տակն ինչ է մնում: - Գիտեմ, որ պատրաստվում ես խաղալ Օթելլո, անգամ Մոսկվայից հրավիրվել է ռուս անվանի բեմադրիչ Երյոմինը, ով շեքսպիրյան այս ստեղծագոր ծությունը բեմադրել է մի քանի անգամ և հիմա կամենում է աշխատանքներն իրականացնել քեզ հետ: Ինչո՞ւ ընտրեցիր Օթելլոյին: - Շեքսպիրի այս ստեղծագործությունը բոլոր ժամանակների մեծագույն ողբերգություններից մեկն է: Այն մարդկության մասին է, հավատի և մենակության ողբերգությունն է: Ես մենակ մարդ չեմ, հավատի կորուստներ էլ գրեթե չեմ ապրել, սակայն կամենում եմ պատկերել ժամանակակից աշխարհում մենակ մնացած մարդուն, ով բախվում է իրականությանը, այդ իրականության մեջ բնավորված ախտաբանական երևույթներին…Հիմա իսկապես շատերն ապրում են մենակության և չհասկացվածության ողբերգութ յունը: Ուրեմն, մարդը բոլոր ժամանակներում գրեթե նույն հոգեբանական խնդիրներն ունի: Ես կամենում եմ Օթելլոյի միջոցով հասնել այդ խնդիրների բացահայտումին: Բեմադրության ճակատագրի մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև դարձյալ մեր առջև հառնում են մի շարք խնդիրներ, մասնավորաբար ֆինանսականը, որոնք այսօր այնքան էլ հեշտ չէ լուծել: Հավատում եմ, սակայն, որ կգտնվեն հովանավորներ, ովքեր կկամենան, որպեսզի մեր ակադեմիական թատրոնի բեմ վերադառնա «Օթելլոն»: Մեր երկրում վերջին տարիներին հովանավորվել են մի շարք օպերային և բալետային բեմադրություններ. մշակութային այլ նախաձեռնություններ ևս գտել են իրենց հովանավորներին, ուրեմն կգտնվեն մարդիկ և կազմակերպություններ, ովքեր կկամենան Սունդուկյանի անվան թատրոնին ևս իրենց աջակցությունը հայտնել: Մանավանդ այս բեմադրությունը ևս ընդգրկվելու է թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրում: - Արվեստագետի համար ի՞նչ է երջանկությունը: - Երբ հայտնի իտալացի մեծ կատակերգակ Ալբերտո Սոլդին նկարահանվում էր իր երևի թե երկուհարյուրերորդ ֆիլմում, նրան հարցրել են, թե ինչի է ձգտում: Նա ասել է` փառքի: Բոլորն են դրան ձգտում, օրինակ` մեր Ֆրունզը: Փառքն ընկել էր նրա հետևից, իսկ ինքն ասում էր. «Ինձ չմոռանաս, ես կամ»: Բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտ Բախի մահվանից հարյուր տարի հետո միայն աշխարհը հասկացավ, թե ինչ է կորցրել: Երաժշտի գործն այնքանով է լավ, որ նրա նոտաները մի օր անպայման կնվագեն, իսկ դերասանը, եթե չխաղա, ցավոք, նոտաներ չունի, որ հետո հնչեն: - Իսկ ո՞րն է մարդկային երջանկության քո պատկերացումը: - Արվեստագետը մարդ է, միայն թե բոլորովին այլ հոգեկերտվածքով, հոգեբանական այլ շերտերով: Ինձ համար արվեստագետն ու մարդը երջանկության իրենց պատկերացումներով միաձույլ են: Իմ կյանքն արվեստն է, և արվեստն էլ իմ կյանքն է: Դրանք այնքան են փոխկապակցված, որ երբեմն մոռանում եմ, որ պետք է ապրել նաև անձնական երջանկության մասին պատկերացումներով… - Սիրելի Մուրադ, ուզում եմ հույս հայտնել, որ մոտ մեկ տասնամյակ նոր դեր չխաղալուց հետո` վերջապես դու կխաղաս այն դերը, որը քո երազանքներից մեկն է: - Ի տարբերություն այսպես ասած շարքային մահկանացուների, արվեստագետն ապրում է մշտական հույսերի մեջ` միշտ մտածելով, որ իրականություն կդառնան իր երազանքները: Ես էլ եմ ապրում այդ հույսով ու հավատով…