...2000 տարի անց


Որքան էլ ասվի, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կախված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, այնուամենայնիվ այս երկու խնդիրներն օրգանապես կապված են: Եվ բոլորովին էլ պատահական զուգադիպություն չէ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատելի արագացումը համընկավ հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումներին: Ղարաբաղյան հակամարտությունն անցած գրեթե տասը տարիների ընթացքում հնարավոր եղավ «սառեցրած» վիճակում պահել, քանի որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև այս հարցում ընդհանուր համաձայնություն չկար: Իսկ այսօր` հատկապես Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելուց և 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, ինչպես երևում է, աշխարհաքաղաքական տեղաշարժերը որոշակի արդյունքներ են արձանագրել: Եվ դրանց շարքում կարևորներից մեկն էլ այն է, որ հիշյալ կենտրոնները Հարավային Կովկասում ազդեցությունների, իրենց շահերը սպասարկողների հարցերում ինչ-ինչ համաձայնության են հանգել, և հակամարտության լուծումն, իրոք, արդեն յոթ սարի հետևում չէ: Թերևս, այդ է վկայում ամռանը Իտալիայում ութնյակի հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Ամերիկայի և Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն արագացնելու անհրաժեշտության մասին: Նկատենք` խիստ հազվադեպ է, երբ միջազգային հնչեղություն ստացած հակամարտության մասին համատեղ հայտարարությամբ հանդես են գալիս Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները: Այս պարագայում հնարավոր չէ նրանց հետ վիճել, ինչպես արվում էր Մինսկի խմբի եռանախագահների պարագայում: Հակամարտող կողմերին ուղղված` խնդիրը լուծելն արագացնելու մասին Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի կոչը, թերևս, պետք է ընդունել որպես միջազգային հանրության կողմից գործադրվող պարտադրանք: Այս հայտարարությանն ընդամենը երկու ամիս առաջ էր նախորդել Շվեյցարիայի մասնակցությամբ` Հայաստանի և Թուրքիայի կողմից ` «Ճանապարհային քարտեզի» ստորագրումը: Ե°վ «Ճանապարհային քարտեզի» ընդունումը, և° հայտնի արձանագրությունների ստորագրումը կատարվել են գիշերը, ինչի պատճառով էլ շրջանառության մեջ մտավ գիշերային դիվանագիտություն տերմինը: Այն, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումները տեղի են ունենում Միացյալ Նահանգների քավորությամբ, գրեթե կասկած չի հարուցում: Ընդհանրապես, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ի համար կարևոր է մասնավորապես այն պատճառով, որ վերջինս ջանում է Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Վաշինգտոնը միշտ է ցանկացել լուծել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցը, ինչպես նաև վերսկսել հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատահական չէր, որ 2000-ականի սկզբներին դեռ խոսվում էր Գոբլի ծրագրով առաջարկվող Մեղրու «միջանցք» ստեղծելու մասին: Այս խնդրում դիմադրության հանդիպելով, ԱՄՆ-ը փորձեց այլ կերպ սիրաշահել Հայաստանին` նրան տնտեսական օգնություն ցուցաբերելով: Միայն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին ցուցաբերած օժանդակությունը կազմում էր 235 մլն դոլար: ԱՄՆ-ի քաղաքականության մեջ Հայաստանի կարևոր տեղ զբաղեցնելը Ռուսաստանի ազդեցությունից վերջինիս դուրս բերելով չէ միայն պայմանավորված: Վաշինգտոնը օգտագործում է հայկական գործոնը` Թուրքիային զսպելու համար: Վերջինս գիտակցում է, որ իրեն հավերԺորեն չի հաջողվի խուսափել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելուց. այս տարի Թուրքիան դրանից, կարելի է ասել` մազապուրծ եղավ: Բայց Անկարայում հասկանում են, որ Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա Ապրիլքսանչորսյան ուղերձում կարտասանի ցեղասպանություն բառը, երբ դա անհրաժեշտ ընկալում կունենա ամերիկացի հասարակայնության բոլոր շրջանակներում: Իսկ այդ պահը կարծես այնքան էլ հեռու չէ, և հիմա Թուրքիան փորձում է լուծել իր խնդիրները Հայաստանի հետ. սահմանների ճանաչում, Ցեղասպանության հարց… Ղարաբաղյան խնդիրը, ըստ էության, Թուրքիայի համար ռազմավարական որևէ նշանակություն չունի: Նա պարզապես միշտ շահարկել է Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած հակամարտությունը` իրականում խուսափելով, հեռու մնալով ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշվելուց: Թուրքիան գիտակցում է, որ հակառակ դեպքում հակադրության մեջ կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլ նաև Միացյալ Նահանգների, Եվրամիության հետ: Անկարայի համար գաղտնիք չէ, որ ինչպես Ռուսաստանը, ԱՄՆ-ը նույնպես հայտարարել է, թե պատասխանատվություն է կրում Հարավային Կովկասի համար. նույնը նաև Եվրամիության պարագայում: Հասկանալի է, որ Հայաստանի, Արցախի անվտանգությունը բխում է նաև Իրանի շահերից: Միևնույն ժամանակ Թուրքիան չի կարող բացահայտորեն հայտարարել, թե ղարաբաղյան հակամարտությունն իրեն չի հետաքրքրում: Որքան էլ նա կողմնորոշված լինի դեպի Եվրամիություն, այնուամենայնիվ ասիական երկիր է, և թուրք հասարակության մեջ մեծ թիվ են կազմում ազգայնամոլները, ինչի հետ Թուրքիայի կառավարող շրջանակները չեն կարող հաշվի չնստել: Հենց այս հանգամանքով են պայմանավորված վերջին օրերին Անկարայից հնչող հայտարարությունները, թե Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի, մինչև Ղարաբաղից հայկական զորքերը հետ չքաշվեն: Ավելին, հայտնի արձանագրություններից ընդդիմության դժգոհությունը, թերևս, իշխանությունները կօգտագործեն օրենսդիր մարմնում դրանց վավերացումը ձգձգելու համար: Դժգոհ են նաև Հայաստանի ընդդիմադիրները: Սակայն, համատեղ հանդես գալու փոխարեն, նրանցից յուրաքանչյուրը, կարծես, փորձում է շահաբաժիններ կորզել հայ-թուրքական զարգացումներից: Լիբանանում ՀՅԴ-ն, Հնչակյանների և Ռամկավարների հետ միասին հայտարարությամբ հանդես եկավ. լավ առիթ էր` Սփյուռքում հաստատելու իր ազգահավաք կեցվածքը: Իսկ հայրենիքում մյուս կուսակցությունների հետ մրցակցության խնդիր կա` ո՞վ է ավելի հայրենասեր ու անձնազոհ… Անցած հինգշաբթի կուսակցապետերի հետ ունեցած քննարկումներում Հայաստանի նախագահը նշեց, որ նախաստորագրված արձանագրություններում ինքն էլ որոշ ռիսկեր տեսնում է: Ասել է թե` խնդրի քննարկումներն առավելագույնս սթափ, իրատեսական և հայաստանաշահ պետք է լինեն * * * Իսկ Արցախում այսօր, գրեթե 2000 տարի մոռացության փոշիներից հառնել է Տիգրանակերտ քաղաքն ու իր քարե լռությամբ ավելի շատ բան է ասում ու կարծես հիշեցնում է հազարամյակներ առաջվա իր փառքի գլխավոր նախապայմանը` երբ միակամ էր ազգն ու միասին էին դիմավորում մարտահրավերները… Արդյոք զուգադիպությո՞ւն է, որ Տիգրանակերտն արթնացավ հենց մեր օրերում…

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ