ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ԴՌՆԵՐԸ


Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը Պետդումայի օրակարգում ներառել է մի օրինագիծ, որը նախատեսում է վերացնել առանց վիզա Ռուսաստան ժամանած օտարազգիներին աշխատանքի տեղավորվելու դյուրացված կարգը: Կոմունիստների կարծիքով` մերձակա երկրներից առանց վիզա Ռուսաստան գալու և աշխատանքի տեղավորվելու կարգը վնասում է Ռուսաստանի քաղաքացիների շահերին: Ըստ  օրինագծի` մերձակա երկրների օտար քաղաքացիներն ընդհանուր հիմունք ներով ստանալու են աշխատանքային վիզաներ, որպեսզի հնարավորություն ունենան աշխատանքային գործունեություն ծավալել Ռուսաստանի տարածքում: Բացառություն է արվում միայն Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների համար, քանի որ այդ երկրները Մաքսային միության անդամներ են: Նշվում է, որ օրինագծի դրույթներն առնչվելու են նաև ՌԴ-ի տարածքում ժամանակավորապես բնակվող օտար քաղաքացիներին:  Ընդ որում, ընդգծվում է, որ առաջարկվող ուղղումները չեն ազդի բարձր որակավորում ունեցող օտարազգի մասնագետների դրության վրա: Այս օրինագիծը վկայությունն է այն իրողության, որ Ռուսաստանն աստիճանաբար փակում է իր դռներն այն երկրների քաղաքացիների առջև, որոնք վերջին շրջանում մի շարք հարցերում այնքան էլ համակարծիք չեն այդ երկրի հետ և չեն կամենում վերածվել նրա խամաճիկների: