ՍԻՐԻԱՅՈՒՄ ԴԱԺԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՏԻՐՈՒՄ


Սիրիայում օրերս 1500-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել` կիրառված քիմիական զենքի պատճառով: Դամասկոսի շրջակայքում գտնվող գյուղերում այսպես կոչված ապստամբները, չկարողանալով դիմագրավել կառավարական զորքերի հզոր պաշտպանությունը, դիմել են միջազգայնորեն չթույլատրված զենքի կիրառմանը:

Արաբական հեռուստաընկերություններն արդեն քանի˜ օր ցուցադրում են սահմռկեցուցիչ տեսարաններ, ցավով ու զայրույթով ներկայացնում զոհվածներին: Ըստ էության, արդեն մի ամբողջական գյուղ է սպանդի ենթարկվել, կան նաև բազմաթիվ վիրավորներ: Այս ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարն արդեն հնչեցրել է տագնապ, պահանջել հետաքննություն սկսել, Սիրիա գործուղել միջազգային փորձագետների:

Երևանում գտնվող սիրիահայ համայնքի ներկայացուցիչներն իրենց զայրույթն են արտահայտում` ընդգծելով, որ այս ամենը տեղի է ունենում միջազգային կառույցների անտարբերության, մասնավորաբար ՄԱԿ-ի անգործության հետևանքով:

Արաքսի Մուսալին, օրինակ, ով Երևան է եկել Հալեպից, ասում է որ այդ տարածքում մեծ թվով մտերիմներ ու ծանոթներ ունի ինքը և այժմ սրտի տրոփյունով է սպասում նոր տեղեկությունների: Սիրիահայերից շատերն էլ մեծ ցանկություն ունեն, որպեսզի Հայաստանի կառավարությունը ևս հանդես գա հայտարարությամբ, դատապարտի Սիրիայում կատարվողը, քանի որ այսօր պաշարման մեջ են գտնվում մի քանի հազար հալեպահայեր: