Հարկ է հստակեցնել ընդերքին առնչվող հարցերը


Մինչև նոյեմբեր` ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, դեռևս երկուսուկես ամիս կա, և մեր քաղաքական գործիչները շարունակում են վիճել. Հայաստանի համար ավելի շահեկան է եվրոպակա՞ն, թե՞ ռուսաստանյան կողմնորոշումը:

Ռուսաստանը համարվում է մեր ռազմավարական գործընկերը, հսկայական է նրա ազդեցությունը մեր երկրում` թե´ տնտեսական, թե´ ռազմական առումով: Հանրության մեջ քիչ չեն նրանք, ովքեր Հայաստանի անվտանգությունն անվերապահորեն կապում են ՀՀ-ում Ռուսաստանի ռազմական ներկայության հետ: Այդպես մտածող մարդկանց խմբի համար նույնիսկ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակը կարող էր և չլիներ` առանց Ռուսաստանի գործուն աջակցության: Ընկալման այդօրինակ կարծրատիպերն, այնուամենայնիվ վերջին շրջանում սկսեցին երերալ, երբ ՌԴ-ն 1մլրդ դոլարի ժամանակակից սպառազինություն, այդ թվում նաև «Սմերչ» տեսակի հրթիռներ տրամադրեց Ադրբեջանին, իսկ վերջերս էլ ՌԴ նախագահ Պուտինն այցելեց Բաքու: «Էն սհաթի» հավատարիմները, որպես սփոփանք, նշում են, թե Պուտինը Բաքվում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը բացի քաղաքականից, լուծման այլ ճանապարհ չունի:

Ե՞Մ, թե՞ Ռուսաստան բանավեճում վերջինի կողմնակիցները որպես կռվան, Հայաստանի անվտանգության խնդրից զատ օգտագործում են Եվրոպայից ներմուծվող միասեռականության դրսևորումների ակտիվացումը: Վերջին օրերին ակտիվորեն սկսեցին քննարկել, այսպես կոչված, Գենդերային օրենքը, պնդելով, որ այն հակասում է մեր ազգային ինքնությանը: Հանրության շրջանակներում հասունանում է այդ օրենքը չեղյալ համարելու պահանջը: Անհրաժեշտության դեպքում օրենքը կարելի է և չեղյալ համարել, խնդիրը միայն դա չէ: Ե՞Մ, թե՞ Ռուսաստան բանավեճում ավելի խորքային խնդիրներ կան, առանց որոնց լուծման ու պարզաբանման հնարավոր չէ ճիշտ կողմնորոշվել: Բանավեճի հիմքում քաղաքակրթական խնդիր է առկա: Մնացածը, իհարկե նույնպես շատ կարևոր, բայց լուծվող խնդիրներ են: Կարևոր է հստակեցնել մեր ընդերքին առնչվող հարցերը: ԵՄ-ին ասոցացման համաձայնագրի տեքստը թեև հրապարակված չէ, բայց լուրեր են շրջանառվում, որ այնտեղ դրույթ կա, ըստ որի Հայաստանի ջուրը միայն Հայաստանինը չէ, այլ պատկանում է ամբողջ աշխարհին: Ինչպես հայտնի է` Հայաստանն ունի քաղցրահամ, այսինքն խմելու ջրի պաշար: Իսկ ջուրն աշխարհում այսօր ռազմավարական նշանակություն է ստանում:

Ջրին վերաբերող հարցն արդեն, մեղմ ասած, վիճելի է: Մենք պետք է աշխարհին ասենք` ինքներս ձեզ բաժին կհանենք մեր ջրից, բայց թույլ տվեք` ինքներս որոշենք, թե ինչ չափով և ինչ գնով. չէ՞ որ աշխարհն էլ իր բարիքներից մեզ անվարձահատույց բաժին չի հանում:

Ջրից բացի ունենք մեր ընդերքը նույնպես ինքնուրույն տնօրինելու խնդիր: Այն հարուստ է և որոշ ուսումնասիրությունների համաձայն, ճիշտ շահագործելու դեպքում մեզ կբավարարի մի ամբողջ հազարամյակ: Մինչդեռ այսօր անխնա շահագործվում է` հարստացնելով որոշ անհատների, իսկ պետությանը բաժին են հասնում չնչին ինչ-որ տոկոսներ: Այս և շատ այլ հարցեր պարզաբանման, հստակեցման կարիք ունեն` մինչև ասոցացման համաձայնագրի ստորագրումը կամ նախաստորագրումը:

Հանրապետության նախագահն ասել է` Հայաստանը կստորագրի ասոցացման համաձայնագիրը, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: Սրանով Հայաստանը, կարծես, նախապայման է դնում ԵՄ առջև: Ճիշտ կլիներ նաև համաձայնագրի սեղմ տարբերակը հանրային շահագրգիռ քննարկման ներկայացնել: Չէ՞ որ խոսքը երկրի հետագա ուղու ընտրության մասին է, ինչի ընտրության իրավունքը միայն հանրությանն է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ