Ապուշությունը էլ ո՞նց է լինում


Օրերս համացանցում հայտնված հերթական տեսագրությունը նախ սարսափեցնում էր դիտորդներին, ապա նողկանք առաջացնում դրա հեղինակների ու «գլխավոր հերոսուհու» հանդեպ:

Իսկ տեսանյութը մտացածին չէր, այլ Վորոնեժի «Զավոդ» դիսկո-բարի հերթական սարսափազդու շոուն, որը կոչվում է «Մեծ խաղագումար»: Գիշերային ակումբում երիտասարդ աղջկա գլխին նավթ են լցնում և բոցավառում մազերը: Հետո սովորական մի լաթի կտորով մարում են կրակը:

Պարզվում է` աղջիկն ինքնակամ է ընդունել շոումենի առաջարկը և բեմ բարձրացել` վաստակելու այդ «մե˜ծ խաղագումարը»` 2 հազար ռուբլին:

- Մարդիկ դաժանություններ են ուզում: Գլուխ վառելը մեր շոուներից ամենավտանգավորը չէ,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը:

Վորոնեժցիները կատարվածը որակել են որպես «դեբիլիզմի վերջին աստիճան»: Իսկ գլխավոր հերոսուհին` Իրինան, կարծես, հաստատել է այդ կարծիքն` ասելով.

- Զգացողություններս անմոռանալի են. շատ տաք էր, երկար չմտածեցի: Սովորական զվարճանք էր: Իմ մազերը շատ կոշտ են. վառիր, որքան կուզես, նրանց համար միևնույն է:

Տեսանյութն անտարբեր չի թողել դատախազության և ոստիկանության աշխատակիցներին: Փաստի առթիվ կհարձաքննվեն հաստատության տերը և ցնցող կոնկուրսը վարողը: