ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԻԱՑՐԵՑ


Համաշխարհային օպերային աստղ, կոլորատուրային սոպրանո Հասմիկ Պապյանը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը օրերս «Արամ Խաչատրյան» դահլիճում հանդես եկան համաշխարհային օպերայի դասականներ Ջուզեպպե Վերդիի և Ռիխարդ Վագների 200-ամյակին նվիրված համերգով: Ինչպես նշեց մեզ հետ զրույցում աշխարհահռչակ երգչուհին, Երևանում ելույթն իր համար մեծ անակնկալ դարձավ, քանի որ նա Հայաստան ժամանել էր` ընտանիքով արձակուրդն անցկացնելու նպատակով:

- Մենք չենք կարող անմասն մնալ և պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք այս երկու մեծություններին Հայաստանում: Եվ մանավանդ որ այսպիսի նվագախումբ, տաղանդավոր երաժիշտներ և շատ լավ դիրիժոր ունենք,- նշեց Հասմիկ Պապյանը:

Նա խոստովանեց, որ համերգին նախորդած վերջին շաբաթը բավական ծանր էր, և հասցրել էր ընդամենը երեք փորձ անել նվագախմբի հետ: Իր հերթին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ այս համերգն իր համար կրկնակի նվեր էր: Դիրիժորը մեծ գոհունակություն հայտնեց Հասմիկ Պապյանի նման ականավոր երգչուհու հետ ելույթ ունենալու առթիվ:

Մինչ համերգը, ես առիթ ունեցա երկու անգամ ներկա գտնվել նշանավոր երգչուհու փորձերին և հմայվել ոչ միայն նրա բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև աշխատանքով: Այն տպավորությունն էր, թե բեմում ոչ թե աշխարհի մի շարք օպերային թատրոններ նվաճած երգչուհին էր, այլ շատ համեստ մի անձնավորություն, ով տքնաջան աշխատանք էր կատարում, յուրովի աջակցում դիրիժոր Էդվարդ Թոփչյանին, նվագախմբին:

- Ես առաջին անգամ եմ տեսնում նման աշխատանք: Պարզապես հաճելի է համագործակցել Հասմիկ Պապյանի հետ: Նա իր փորձով օգնում է մեզ, ոգեշնչում, --ասում է նվագախմբի արտիստ Արմեն Խաչատրյանը:

Ուրախանալով երգչուհու հայտնությամբ, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նրա համագործակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահի և նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը հարկ համարեց հիշեցնել երգչուհու անցած ճանապարհը.

- Հասմիկ Պապյանն աշխարհի ժամանակակից լավագույն սոպրանոներից է: Երգչուհին հայտնի է Ջուզեպե Վերդիի ու Ռիխարդ Վագների օպերաների կատարմամբ: Իր կարիերան սկսել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 1993 թվականին, մի քանի միջազգային մրցույթներում տարած հաղթանակներից հետո, նա հրավիրվել է Բոննի օպերային թատրոն, որտեղ կատարել է սոպրանոյի երկացանկի առաջատար պարտիաներ: Բոննում աշխատելու տարիներին Հասմիկ Պապյանը շրջագայել է նաև երկրի այլ քաղաքներով, եղել է Ֆրանսիայում և ԱՄՆ_ում: Երգչուհին ելույթ է ունեցել համաշխարհային ամենահայտնի բեմերում, այդ թվում` Վիեննայի պետական օպերայի, Լա Սկալայի և Մետրոպոլիտեն օպերայի բեմերում, մասնակցել է Բոլոնիայի, Թել Ավիվի, Սանտյագոյի, ինչպես նաև Սանտա Չեչիլիա Հռոմեական ակադեմիայի թատրոնների ներկայացումներին:

Խոստովանենք, նման աստղերի հայտնությամբ մենք այնքան էլ «երես չենք առել», ոչ միշտ ենք հնարավորություն ունեցել լսելու մեզ մոտ մեր նշանավոր հայրենակ ցուհուն, ով իր արվեստով շատերին է հմայել:

Կյանքում պարզ ու համեստ երգչուհին բեմում վերափոխվում է, դառնում անհասանելի և անմերձենալի…

Ուրեմն, երևանյան նրա ելույթն իսկապես տոն էր ու խնդություն: Համերգից հետո մենք երգչուհուն խնդրեցինք հարցազրույց տալ մեր թերթին: Խոստացավ: Ուրեմն, առաջիկայում նաև առիթ կունենանք զրուցելու մի երգչուհու հետ, ում առաջին բեմելի արձագանքն, ի դեպ, տպագրվել է հենց մեր թերթում…