Երբ դու հասկանում ես ինքդ քեզ, հասկանում ես ողջ աշխարհը


Արման ՆՇԱՆՅԱՆ. օպերային երգիչ, դերասան

Երբ դու հասկանում ես ինքդ քեզ, հասկանում ես ողջ աշխարհը

 

Մեզ հետ զրույցում Արման Նշանյանը անկեղծացավ նաև հիմնական հարցերից դուրս.

«Իմ կարծիքով Հայաստանի մշակույթը ինչ-որ չափով անդունդ է ապրում, բայց այդպես է ամբողջ աշխարհում. իրական արվեստը փոխարինվում է էժան միջոցներով»:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Հաղթահարել դժվարությունները լուրջ արվեստը հասկանալու ճանապարհին, փորձել մինչև վերջ մնալ այդ գործում, ինչը այս օրերին այդքան էլ հեշտ չէ:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Չեմ պատկերացնում, որովհետև կդառնայի լրիվ այլ մարդ. սոցիալական վիճակը շատ է փոխում անձնավորությանը:

- Ձեր կյանքի որևէ զաղտնիք, կամ անցյալում այն չասվածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Գաղտնիքը գաղտնիք չէր լինի, եթե բացահայտեի: Եթե չասվածը ասված պետք է լիներ, ապա ասված կլիներ (ծիծաղում է):

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Ես` ինքս, քանի որ աշխարհը սկսվում և վերջանում է քեզնով: Երբ դու հասկանում ես ինքդ քեզ լիովին, ոչ թե քո էգոն, ոչ թե քո գիտակցությունը, այլ ենթագիտակ ցությունը, երբ դու հասկանում ես ինքդ քեզ, հասկանում ես ողջ աշխարհը:

- ՈրևԷ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:

- Այս պահին չեմ հիշում: Քանի որ չեմ սիրում մակերեսային պատասխաններ տալ, ավելի լավ է` չպատասխանեմ:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Երբ տատիկս ինձ աղոթել էր սովորեցնում: Ես այդ ժամանակ 4 կամ 5 տարեկան էի:

Նելլի ՀՈՎՅԱՆ

Արմեն ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. Ինչու՞ հենց ես

Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ Արմեն Իսկանդարյանն օժտված է բացառիկ ունակությամբ, որի շնորհիվ օգնում ու բժշկում է բազմաթիվ մարդկանց:

- Ես պայծառատես բուժակ եմ, գուշակություններով չեմ զբաղվում: Ջրով լի ափսեի միջոցով կարողանում եմ տեսնել մարդկանց հուզող խնդիրները, հիվանդություն ները, վախերն ու տագնապները` ըստ այդմ էլ փորձում եմ օգտակար լինել: Ամենից կարևորն այն է, որ ես դեղորայք, ներարկիչներ երբեք չեմ օգտագործում, որը շատ դեպքերում օգնելու փոխարեն վնասում է:

- Ե՞րբ հասկացաք, որ օժտված եք նման ունակություններով:

- Դպրոցի ավարտական դասարանում էի, երբ տատս մահից առաջ պատմեց իր երազի մասին: Ասաց, որ իրենից հետո Աստված այս շնորհը փոխանցել է ինձ, և ես պետք է նվիրվեմ մարդկանց բժշկմանը: Տատս օժտված էր բացառիկ ունակություններով: Նա ջրով լի ափսեի միջոցով կարողանում էր բացառիկ գուշակություններ անել, բժշկել հիվանդություններ:

- Ձեր աշխատանքի դիմաց վարձատրվո՞ւմ եք:

- Երբևէ որևիցե մեկից գումար չեմ պահանջել: Յուրաքանչյուր մարդ իր հնարավորությունների սահմաններում վճարում է:

- Բայց տևական ժամանակ գյուղում խոսում էին, որ Ձեր այցելուներից մեկը նույնիսկ մեքենա է նվիրել:

- Երկու տարի առաջ ինձ մոտ բերեցին տասնամյա մի երեխայի, ով արդեն մեկ տարուց ավելի չէր կարողանում խոսել: Մի քանի հանդիպումը բավական էր երեխային ապաքինելու համար: Երեխայի հայրն էլ իր երախտագիտությունը հայտնեց մեքենա նվիրելով: Մեքենան մեկ ամիս անց վաճառեցի և ստացված գումարը փոխանցեցի մանկատանը:

- Ամենից հաճախ ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

- Ես բուժում եմ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են միգրենը, էպիլեպսիան, երևանյան հիվանդությունը, շաքարային դիաբետը և այլն: Մարդիկ դիմում են ամենատարբեր խնդիրներով ու հիվանդություններով, որոնց արդյունավետ բուժման ուղիները ժամանակակից բժշկությանը հայտնի չեն:

- Ինքներդ Ձեզ պետք եղած ժամանակ կարողանու՞մ եք բուժել:

- Նման դեպքերում օգնության եմ կանչում միայն Աստծուն:

- Մարդկանց ախտորոշում եք միայն ջրով լի ափսեի միջոցո՞վ:

- Մարդիկ նստում են ջրով լի ափսեի առջև և պատմում իրենց խնդիրների, հիվանդությունների ու ցավերի մասին, վերջացնելուց հետո ափսեն տալիս են ինձ, որի միջոցով էլ հասկանում եմ, թե իրականում ինչ խնդիր ունի տվյալ մարդը, արդյո՞ք նա ամբողջությամբ անկեղծ էր, թե ոչ: Ըստ այդմ էլ ստանում է բուժումը:

- Ինչպե՞ս եք վերաբերվում գուշակություններին:

- Գուշակությունների տեսակները շատ բազմազան են: Այսօր առավել տարածվածներից է աստղագուշակությունը: Աստված մերժում է ցանկացած գուշակություն: Քննենք դրանց հետևանքները: Աստղագուշակներն ունեն այսպիսի սկզբունք` առաջարկում են, բայց չեն պարտադրում: Սա անհեթեթություն է, քանի որ բոլորն էլ կարող են ենթադրություններ անել: Գուշակությունների անհավանական լինելը կարելի է փաստել նրանով, որ այն աստղային համակարգը, որով իրենք առաջնորդվում են, վաղուց փոփոխված է: Աստղագուշակները նույնիսկ ճշտված քարտեզ չունեն: Իսկ ապագայի մասին գուշակությունները մերժելի են և անիրական, որովհետև բոլոր գուշակություններն Աստծո համար գարշելի են: Դրանք չի կարելի շփոթել մարգարեությունների հետ, որոնք Աստծո կողմից տրված հայտնություններ էին` մարդկանց հաղորդելու համար: Մեր կյանքը վստահել ենք Աստծուն և շարունակական ապաշխարության մեջ պիտի լինենք, ամեն պահի պետք է սպասենք Տիրոջ գալուստին: Ուստի, մեզ այլևս անհրաժեշտ չէ վաղվա օրվա գուշակությունը: Եթե կարելի է գուշակել այն, ապա պիտի ընդունենք ճակատագիրն իբրև իրողություն, որը գոյություն չունի: Մարդն ունի ազատ կամք և ինքն է տնօրինում իր ճակատագիրը:

- Ինչո՞վ են տարբերվում մարգարեությունն ու գուշակությունը:

- Մարգարեությունն ի վերուստ է տրվում` առանց մարդու ցանկության, իսկ գուշակությունը մարդն անում է իր ցանկությամբ: Մեկ այլ խնդիր էլ կա. մարդկանց այսօր չեն բավարարում ավետարանչական կամ այլ աղանդավորական կիսաճշմարիտ քարոզներն ու Աստծո արքայության մասին ուրախ-զվարթ գրքույկները: Մարդկանց հուզող հարցերին հիմնավոր պատասխաններ են պետք: Խորհրդային տարիներին մտավորականությանը հետևողականորեն անհավատ դարձրին` հեռու պահելով ճշմարիտ հոգևոր արժեքներից: Աստվածաշունչը հասկանալու համար պետք է ապաշխարած և խոնարհ հոգով կարդալ Սուրբ Հայրերի մեկնությունները: Սեփական մեկնությունները կարող են հպարտության գիրկը նետել մարդկանց և աղանդավոր դարձնել: Մինչդեռ ճշմարիտ հավատացյալը նորմալ, հայրենասեր, հոգով հանգիստ ու հավասարակշռված մարդն է: Այս ամենն արտաքուստ կարող է չերևալ:

- Մեզանում շատ տարածված է թուղթ ու գիր հասկացությունը: Ի՞նչ կասեք այդ մասին: 

- Աստծո հետ ապրող քրիստոնյայի վրա այդ բաները չեն ազդում: Թուղթ ու գիրն ազդում է, երբ մարդը հավատում է դրան: Ըստ էության այն հին կախարդական միջոցներից վերցված գրություն է կամ գունավոր թելերի կույտ... Մարդը դժվար է պատկերացնում հոգևոր աշխարհը, իսկ նյութական միջոցներով` ավելի լավ ու հստակ: Թուղթ ու գիր անողը պատվիրողին ասում է, թե այն որտեղ պիտի դնի: Եվ որևէ մեկի միջոցով զգուշորեն հայտնում է թուղթ ու գրի մասին, որի նպատակն Աստծո հանդեպ անվստահություն ստեղծելն է: Երբ մարդիկ զրկվում են Աստծո օրհնությունից, դառնում են անպաշտպան և դիվային դաշտի կողմից խոցելի, ուստի նրանց հետ կարող են դժբախտություններ, փորձություններ պատահել: 

- Անձի հավատքը դեր ունի՞ Ձեր աշխատանքում:

- «Աստծուն հավատու՞մ եք»` ահա առաջին հարցը, որ տալիս եմ: Եթե Աստծուն հավատում են, անհնար է, որ չբուժվեն, իսկ ես ընդամենը Աստծո կամքն եմ կատարում, իմ միջոցով ամեն ինչ անում է Աստված:

- Բայց չէ՞ որ եկեղեցին դեմ է այն ամենին ինչով Դուք և բազում այլ մարդիկ զբաղվում եք:

- Եթե եկեղեցի ասելով հասկանում եք միայն հոգևորականությանը, գուցե:

Ես հավատում եմ Աստծուն, գնում եմ եկեղեցի հաղորդակից լինում Աստծո պատգամներին, ապրում եմ ճշմարիտ ու մաքուր կյանքով: Իսկ յուրաքանչյուրիս ճիշտն ու սխալը որոշելու իրավունք ունի միայն Աստված:

- Ի՞նչ հարց կուղղեիք Աստծուն:

- Ինչո՞ւ հենց ես:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ