Շնաճանճի խայթոցը` 41,7 միլիոն դոլար


Ամերիկյան Լեյքվիլ քաղաքի (Քոնեքտիքութ նահանգ) էլիտար դպրոցն այդքան գումար կվճարի իր նախկին աշակերտուհուն, ով համադասարանցիների հետ շրջագայել է Չինաստանում և գլխուղեղի բորբոքում (էնցեֆալիտ) ստացել շնաճանճի խայթոցից (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Միջադեպը կատարվել է` երբ Կարե Մանը դեռ 15 տարեկան էր, դպրոցի սան: Շրջագայությունը դպրոցն էր կազմակերպել, բայց հաճելի հուշերի փոխարեն վտանգվել էր աղջկա կյանքը: Վնասվել էր Կարեի գլխուղեղը` նրան զրկելով խոսելու ունակությունից:

Աշակերտուհու ծնողները դպրոցի ղեկավարությանը մեղադրել էին, որ նախազգուշական միջոցներ չէր ձեռնարկել, իսկ հետո պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել և ծնողերին ժամանակին չէին տեղեկացրել հիվանդության լրջության մասին: Ավելին, Կարեի ծնողները 60 հազար դոլար էին ծախսել` Չինաստանից նրան տուն տեղափոխելու համար:

Դժբախտ պատահարից 5 տարի է անցել, բայց աղջիկը մինչ օրս չի կարողանում խոսել: Եվ վերջերս կայացված դատավճիռն ավելի հիմնավոր է դառնում` ներառելով նաև դպրոցի անփութության ծանր հետևանքները:

Էլիտար կրթօջախն, իհարկե, ստիպված կլինի 41,7 միլիոնը վճարել, բայց արդյո՞ք աղջկա առողջությունը կվերականգնվի: