ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԱՌԻԹ` ԱՄՓՈՓՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ


Ամփոփումների ու գնահատականների համար հարյուր օրն, իհարկե, կարճ ժամանակահատված է. առավել ևս` երբ խոսքը Հանրապետության նորընտիր նախագահի գործունեությանն է վերաբերում… Համենայն դեպս` Սերժ Սարգսյանն ինքը նման հնարավորությունն ընդամենը խորհրդանշական առիթ է համարում` արդեն կատարված աշխատանքներն ամփոփելու ու ևս մեկ անգամ մեր պետության զարգացման առաջնայնությունների օրակարգը նախանշելու համար: Վերջին հաշվով, նոր Նախագահի նախընտրական ծրագրերն առաջիկա հինգ տարիների անելիքների ուրվագծերն են, իսկ հարյուր օրը գոնե հարյուր շաբաթ էլ չէ, որ հիշողությունը ծանրաբեռնելու խնդիր առաջանա: Մանավանդ, որ նոր իշխանության գործունեությունը խիստ որոշակի ու նպատակային գործառույթներ ունի, և հրապարակայնությունն ապահովելու հարցում հակառակ ավանդական սահմանափակումների, ներկայում առավելագույնն է արվում: Անշուշտ, շատ ավելի լավ կլիներ` վերջին ամիսների գործընթացներն ամփոփելիս ստիպված չլինեինք վերհիշել փետրվարի 19-ին հաջորդած քաղաքական ցնցումների այն կարճատև, բայց վտանգավոր շրջանը, ինչը նորակազմ իշխանությունը թեպետ մեծ դժվարությամբ, բայց կարճ ժամանակահատվածում լիարժեքորեն կարողացավ հաղթահարել: Միայն այն հանգամանքը, որ ներկա իրավիճակը այլևս ոչ մի կերպ չի զուգորդվում հետմարտիմեկյան տագնապներին, արդեն իսկ հետընտրական շրջանում տեսանելի դարձող ճգնաժամը շրջանցելու ու դրա վտանգի հաղթահարման ապացույցն է: Դժվար չէ վերհիշել, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում կարևորված երկխոսության հեռանկարը, անկախ քաղաքական իրավիճակի պարտադրանքներից, հենց նորընտիր Նախագահը կյանքի կոչեց: Դեռևս մարտի 4-ին ստորագրված կոալիցիոն նոր հուշագիրը համագործակցության մեկնարկն ու ուժերը մեկտեղելու պատրաստակամության վկայությունն էր: Երկխոսության կայացումն ինքնին կարևոր քաղաքական ձեռքբերում համարելով` հարկ է նաև ընդգծել Հանրային խորհուրդ ստեղծելու կարևորությունը: Նախագահի ընտրություններին մասնակցած և հիմնական համարվող ուժերի գործունեության շրջանակն, անշուշտ, ամբողջական չէր լինի, եթե դեռևս կազմավորման փուլում գտնվող խորհրդի ծննդյամբ հնարավորություն չստեղծվեր լիարժեքորեն ընդարձակվելու համագործակցության աշխարհագրությունը: Արդեն իսկ ընդգրկուն դարձող շրջանակ` կոչված նպաստելու հասարակական կյանքի բոլոր խութերի վերացմանը: Ինչպես Սերժ Սարգսյանն էլի մեկ անգամ հավաստիացրեց հարյուրօրյա պաշտոնավարման առիթով. «Օր առաջ ուզում եմ լուծված տեսնել անարդարության, կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարի խնդիրները»: Խնդիրներ, որոնց հաղթահարմանը կարելի է հասնել հատկապես առավել խոցելի ոլորտներում արմատական և համատարած բարեփոխումների իրականացմամբ: Հարկային-մաքսային ոլորտներում տեղի ունեցող վերափոխումների արդյունքներն արդեն իսկ տպավորիչ են. ավելացել են մուտքերը, իսկ նշված մարմինների գործունեութ յունն անհամեմատ պարզ ու թափանցիկ է դարձել: Զուգահեռաբար գործնական քայլեր են կատարվում նաև փոքր ու միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: Պետության առջև ունեցած պարտավորությունների հարցում արմատացած անհամաչափությունն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կվերանա: Փոփոխությունը, բնականաբար, հօգուտ սահմանափակ եկամուտներ ապահովող կազմակերպությունների կլինի: Իսկ միայն այն փաստը, որ այլևս չկան արտոնյալներ, և, ինչպես ասում են, օրը ցերեկով մանրակրկիտ ստուգումներ են անցկացվում անգամ խոշոր և իրենք իրենց ամենազոր համարող գործարարներին պատկանող ձեռնարկություններում, ինքնին խոսուն է: Ակնհայտ է և հարկման, իսկ մինչ այդ էլ ապրանքների մաքսազերծման գործում նոր մոտեցումները կյանքի կոչելու շահագրգռվածությունը: Իսկ այն, որ երբեմնի արտոնյալներն ու նրանց մերձավորները օրինապաշտ պետք է դառնան ոչ միայն հարկեր ու մաքսեր վճարելիս, այլ, ասենք, նույնիսկ մեքենա վարելիս, նույնպես ակնհայտ է: Դժվար չէ նկատել, որ այսօր առավել, քան երբևէ, Պետավտոտեսչության տուգանային հրապարակն անասելիորեն ծանրաբեռնված է: Չի եղել մի շրջան, երբ այնտեղ կարելի լիներ տեսնել և° կարգազանց օլիգարխի, և° պատգամավորի ու նախարարի շրջապատի ներկայացուցիչների և, ինչու, չէ, նաև օրենքը խախտած շարքային քաղաքացիների` ամենատարբեր մակնիշների և արժողությամբ մեքենաներ: Կարճ ասած` օրենքների համաչափ և համատարած կիրառումը, կարծես, հանրային կյանքի անբաժանելի մասն է դառնում: Նոր իշխանության` անցնող ամիսների քաղաքականության առաջնայնությունները քննարկելիս չպետք է շրջանցել նաև Հայաստանը ֆինանսաբանկային կենտրոն դարձնելու ուղղությամբ արված քայլերը, ինչի գործնական հիմքերը դրվեցին Դիլիջանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ: Այս ծրագիրն իսկապես վաղուց էր շրջանառվում, սակայն թերևս հիմա է հասունացել այն բարենպաստությունը, երբ այն կարելի է վերջապես կյանքի կոչել: Կայունության ու տնտեսական առաջընթացի առկա միտումներն ու զարգացման նախադրյալները նման լավատեսության հույսեր ներշնչում են: Ժամանակին, երբ փորձ արվեց զարկ տալ երկիրը զբոսաշրջության և առողջարանային կենտրոն դարձնելու գործին, շատերը թերահատավորեն էին վերաբերվում: Այսօր արդեն, երբ նշված ոլորտում ներգրավված գործարարները որոշակի հաջողություններ են գրանցել, նոր իշխանությունը պարզապես չի կարող շրջանցել զարգացումը խթանելու ծրագրերը: Եվ անկախ նրանից, թե խոսքը հատկապես որ բնագավառին է վերաբերում, դժվար է չհամաձայնել Սերժ Սարգսյանի այն գնահատականին, որ որոշ դեպքերում դրական տեղաշարժը սպասվածից էլ արագ է արձանագրվել: Մնում է հուսալ, որ նոր իշխանության առաջին հարյուր օրը հասարակության յուրաքանչյուր անդամի համար լավատեսության շարունակականության ու ապագայի իրագործվելիք հույսերի հիմքերն իսկապես դրել է: