«Սուրճն ու ձվածեղը» նորից են թանկանում


Շաբաթն սկսվեց անհաճո լուրով. «Հայռուսգազարդից» տեղեկացրին, որ առաջիկա հունվարի 1-ից գազի սակագինը կրկին բարձրանալու է: Ճիշտ է, հանրությունը դեռ չէր հասցրել լիովին մարսել ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած թանկացման հետևանքները, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, «գազի մարդը» շտապեց հաղորդել գների հերթական բարձրացման մասին: Ըստ էության, Կարեն Կարապետյանը իրագործեց իր «խոստումը»… Դեռ նախորդ թանկացման ժամանակ ասվել էր, որ նոր սակագինն ընդամենը մի քանի ամիս է գործելու, և Նոր տարին դիմավորելու ենք նոր գներով: Ապրիլ ամսին ոլորտի պատասխանատուները հանրությանը հուսադրում էին, թե ամառային շրջանում երկնագույն վառելիք մեր բնակարաններում քիչ է օգտագործվում, և առաջացած գումարային տարբերությունն ընդամենը մի քանի հարյուր դրամ է կազմելու: Նրբորեն շրջանցվում էր գազով աշխատող տրանսպորտի շահագործման ինքնարժեքի բարձրացման խնդիրը, ինչից հետո գազալցակայաններում ստեղծված քաոսի հետևանքները մինչև հիմա չի հաջողվում շտկել: Ցանկացած վարորդ կհաստատի, որ ներկայում տարբեր լցակայաններում տարբեր գումարներ են գանձում նույն ծավալի վառելիքի համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ մի պահ փորձեց ինտենսիվորեն զսպել այդչափ անկանոն գնային քաղաքականությունը: Հետո մի քանի տնտեսվարողների տուգանելով` հարցը համարեց փակված, իսկ միասնական սակագնի սահմանումը` անլուծելի: Այս շրջանում, ինչպես կարելի էր սպասել, տրանսպորտային ուղեվարձի թանկացման խնդիրը մշտապես պատկան մարմինների օրակարգում է եղել: Լավության կարգով շարունակաբար մեզ հրամցվում է, թե դեռևս հաջողվում է թանկացումից խուսափել, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ վառելիքի գնի աննշան բարձրացումն անգամ այլևս ազատություն է տալու նաև փոխադրամիջոցների ուղեվարձին: Իսկ թե Կ. Կարապետյանն ինչու է այս` տեսանելի դարձող հեռանկարները հաճելի թանկացումներ համարում, դժվար է ասել: Հունվարի 1-ից գազի մեկ խորանարդ մետրի համար սահմանվելիք սակագինը դեռևս չի հրապարակվում, բայց հավանաբար «գազի մարդը» արդեն տեղյակ է, որ իր չափանիշներով այն շոշափելի չի լինելու: Կարելի է նաև ենթադրել, որ այստեղ խոսքը հավանաբար ներկայում վճարվող չափի կրկնապատկման, եռապատկման մասին չէ: Բայց մյուս կողմից էլ թեկուզ տասը, քսան դրամով բարձրացումը էապես հարվածելու է, ինչպես ասում են, միջին վիճակագրական ընտանիքի բյուջեին: Չէ՞ որ ձմեռային ամիսներին սպառողը միայն «սուրճ եփելով ու ձվածեղ պատրաստելով» չի պրծնի, և եթե ապրիլյան թանկացման արդյունքում մեր գրպաններն արդեն սկսեցին մի քանի հարյուր դրամով թեթևանալ, ապա ամենապարզ հաշվարկներով` այդ տարբերությունը հունվարի 1-ից կարող է 10-20 հազար դրամ կազմել: Սոցիալական լրջագույն խնդիր, որը ժողովրդի բարալիկ քսակի հաշվին չլուծելու համար դեռ ժամանակ կա: Հարկային մուտքերի զգալի աճը միգուցե կառավարությանը հնարավորություն ընձեռի հերթական սուբսիդիան տրամադրել և բնակարաններում սպառվող գազի գոնե ներկայիս գինն անփոփոխ թողնել: Ընդ որում, նշված «արտոնությունը» կարելի է միայն բնակիչ-բաժանորդների համար նախատեսել: Տնտեսվարող սուբյեկտները, որոնք ի դեպ խոշոր սպառողներ են, շնորհիվ ստացված եկամուտների, դեռ ինչ-որ տեղ կարող են փոխլրացնել սպառված խորանարդների ավելի բարձր գինը` նույնիսկ իրենց արտադրանքի գինը` չբարձրացնելով: Ինչ-որ հարմար լուծում կարելի է գտնել նաև փոխադրավարձերը անփոփոխ թողնելու հարցում: Բազմիցս է նշվել Հայաստան ներկրվելիք տրոլեյբուսների և ավտոբուսների նոր խմբաքանակի մասին: Եթե դրանք գոնե աշնանն արդեն Երևանում լինեն, արդեն իսկ հնարավոր կդառնա միկրոավտոբուսների բեռնաթափումն ու գազի բարձր գնի հետևանքների քաղաքակիրթ շրջանցումը: Այնպես որ, ինչքան էլ ցանկացած թանկացում, հակառակ Կարեն Կարապետյանի անհասկանալի պնդման, հաճելի չլինի, միևնույն է, դրա հետևանքները մեղմելու ելքեր կան: