Ադրբեջանցիներն ու թուրքերը նույն ժողովուրդը չեն


Սա նույնպես Ռասիմ Աղաևի համոզմունքն է: Ու, թերևս, հատկապես ա°յս պահին այս թեմայով նրա բարձրաձայնումները սոսկ քաղաքագետի օբյեկտիվությամբ չեն պայմանավորված. - Ժամանակին ադրբեջանա-թուրքական հարաբերությունների բանաձև էր առաջադրվում. մեկ ժողովուրդ` երկու պետություն: Այո, ադրբեջանցիներն ու թուրքերը մոտ են լեզվով ու պատմական արմատներով: Սակայն այժմ նրանք մեկ ժողովուրդ չեն: Նրանք երկու տարբեր և ինքնուրույն ժողովուրդներ են` իրարից խիստ տարբեր քաղաքական մշակույթի ավանդույթներով: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ թուրքերը կայսրական ժողովուրդ են, իսկ Ադրբեջանն այդպիսին չէ: Կարևոր է հիշել նաև, որ քաղաքականության մեջ հույզերը տեղ չունեն. այստեղ գլխավորն անձնական շահի, սթափ հաշվարկի սկզբունքն է: Այս ամենից զատ` մեր երկրում ընդունված է ռոմանտիկացնել (իդեալականացնել) ադրբեջանա-թուրքական հարաբերություննները: Օրինակ, 1918 թ. թուրքական բանակի մուտքը Բաքու` Ադրբեջանում գունավորում են որպես եղբայրական օգնություն: Ու անտեսվում է, որ եթե Թուրքիան անձնական շահ չունենար, իր երկրի զորքերը Բաքու չէին հասնի: Իսկ այդ շահը նույնն էր, մյուսներինը` Բաքվի նավթը, ինչի համար էլ այստեղ նետվեցին անգլիացիք, գերմանացիները, բոլշևիկներն ու թուրքերը: Ավաղ, մենք բոլորս դառնում ենք այն իրողության վկաները, որ Ադրբեջանին այդպես էլ չհաջողվեց տարանջատել երկու հասկացություններ. մեր երկու երկրների ժողովուրդների արմատների միասնականությունը և երկու պետությունների` Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական հարաբերությունները: