Ինքնագիտակցումի ժամանակը ե՞րբ է գալու


Մարդկային պատմության բոլոր կեռմաններում իր մասին հիշեցնող հայը, չգիտես ինչու, դեռ չի կարողանում ձերբազատվել սեփական արժեքները անտեսելու թուլակամությունից£ Այսպես. վաղնջական ժամանակներից մեր արարումի առհավատչյա ազգային մշակույթն անգամ մեր իսկ ձեռքով ենք աղավաղում, երբեմն` կատարելությունը փոխարինելով օտարամոլության վայրիվերումներով£ Ընտանեկան անաղարտությանը համամարդկային չափանիշ դառնալու արժանի մեր հրաշալի ավանդույթներն անգամ հնոտի համարելով` տուրք ենք տալիս արևմտյան հորջորջվող անհասկանալի բարքերին£ Ունենք բարձրակարգ գիտնականներ, բայց նրանց գյուտերով ու հայտնագործություն ներով օտարներն են ոգևորվում£ Ո՞րն է առեղծվածը£ Ի՞նչն է մեզ ստիպում այդքան անհեռատես լինել` միայն պահի նեղմիտ շահախնդրությամբ «կշռելով» իրողությունը£ Զորօրինակ` գիտության բազմերախտ գործիչ Պարիս ՀԵՐՈՒՆՈՒ առաջարկներից մեկը` Երևանի Հանրապետության Հրապարակում արեգակնային ժամացույց տեղադրելու նպատակահարմարությունը£ Գաղափար, որը պետք է ոգևորեր քաղաքիս տերերին, երկրիս իշխանություններին£ Սակայն… օ¯, մարդկային թուլություն. այս պարագայում` անտաբերություն է անունդ… Իր բնագավառում տարբեր հայտնագործությունների հեղինակ ակադեմիկոսի տեղեկացմամբ. ¬ Ես դիմեցի կառավարությանը. 30.000 դոլարին համարժեք դրամ տրամադրեք, և ես արևի ժամացույց կսարքեմ հրապարակում£ Ես պատրաստել եմ երկու այդպիսի ժամացույց. մեկը մեր` Արագածի գիտական կենտրոնում, մյուսը` Երևանի ՌԳՀԻ¬ում£ Թափառաշրջիկներն ու խուժանները երկրորդը ամբողջովին ավերեցին£ Քարի մեջ դրված տառերը, թվերը, գծերը լատունից էին. բոլորը տարել են£ Գիտնականի նամակն, իհարկե, ձայն բարբառո հանապատի` քսվել է մոռացության քարերին£ Հարկավ, ցավալի է, բայց սա մեր վարքաբանության բաղկացուցիչ մասն է£ Կարող ենք առանց երկմտելու պղծել, թալանել ամենահազվագյուտ հուշարձանն անգամ, եթե դա թռցնելու այսրոպեական բնազդով է թելադրված£ Եվ ինչո՞վ ենք տարբերվում մեր օսմանցի հարևաններից… Կամ էլ, եթե եղածի հետ բարբարոսաբար չենք վարվում, ապա ստեղծվելիքին ենք նմանօրինակ ընդունելության արժանացնում£ Ամեն անգամ պետական այրերը խոսում են զբոսաշրջության զարգացման մասին£ Բարի°, բայց եթե քո երկրի գրավչությունները թարմացնել ու ավելացնել է պետք, էլ չասենք` նաև ժառանգել է պետք, ի՞նչ տրամաբանությամբ է անտեսվում ինքնատիպ նման առաջարկը£ Իսկ քանի՞ երկիր կարող են թվարկել, որտեղ այդպիսի յուրատիպ ժամացույցներ կան, որոնց բնօրրանն, ի դեպ, Հայաստանն է£ Բացի այդ, դա միաժամանակ հնագույն ժամանակների պատմամշակութային հուշարձանի նորօրյա վերածնում կլիներ£ Սպասում ենք` ինչ¬որ օտարերկրացի՞ հետաքրքվի ժամացույցով, որպեսզի հասկանանք դրա կարևորությունը£ Այդ ե՞րբ այսքան պարզունակ դարձավ մեր դատելակերպը. եթե լավը լինի` ուրիշներն էլ կնկատեն£ Ամբողջ Հայաստանում չկա՞ արդյոք մի բարերար, ով կկամենա սատար կանգնել բնության և գիտության ներդաշնակության խորհրդանիշ, ինքնատիպ ժամանականաչափի ստեղծմանը` հովանավորելով կառուցման ծախսերը£ Պարզապես տարօրինակ է. և° երկրի զարգացումն ու բարգավաճումը բարձրաձայն կարևորելու առիթը բաց չենք թողնում, և° անողոքաբար նպաստում ենք մեր տեսակը շարքայնացնելու օտարադիր ծրագրին£ Բյուրավոր տարիների պատմական փորձը բավարար չէ՞ր, որպեսզի կողմնորոշվեինք, թե իրականում մեզ ինչ է հարկավոր£ Երանի թե գիտենայինք` երբ կգա այդ ինքնագիտակցման ժամանակը£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ