Ատելության ներքին զսպանակը


Հուլիսի 18-ին լրացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին 100 օրը: Ամենուրեք մի չգրված կանոն է գործում, որի համաձայն գործունեության առաջին 100 օրերին բոլորը ձեռնպահ են մնում` Նախագահի այս կամ այն քայլին գնահատական տալ: Դա տասնամյակներով ձևավորված էթիկա է, որ մեզանում, ավաղ, դեռ արմատավորված չէ: Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից գտնվել է ամեն կարգի քաղաքական ուժերի ու գործիչների, լրատվամիջոցների ու մեկնաբանների ուշադրության կիզակետում, ենթարկվել ամենասուր քննադատությունների, ամեն կարգի արդար ու անարդար հարձակումների, դատափետումների: Բոլորը, ասես, նոր Նախագահից ակնկալում էին կախարդական փայտիկի գործադրմամբ երկրի առջև ծառացած բազմաթիվ ու բազմապիսի խնդիրների ակնթարթային լուծումներ: Այդպես չի լինում: Նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում Նախագահը չէր կարող օրերի, ամիսների ընթացքում լուծում տալ հասարակությանը հուզող բոլոր խնդիրներին: Նա այդպիսի մոգություն չէր խոստացել և չէր էլ կարող խոստանալ: Ներկայացրել էր նախընտրական ծրագիր, որի կատարումը ոչ միայն հսկայական ջանքեր, այլև ժամանակ, քաղաքական կամք, նյութական ռեսուրսներ ու ազգային համախմբվածություն է պահանջում: Ի՞նչ հասցրեց անել Սերժ Սարգսյանն այս 3 ամիս ու մի քանի օրերի ընթացքում: Ամենագլխավորը` ձևավորեց նոր կառավարություն, ընդսմին` կոալիցիոն: Խորհրդարանում նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության ունեցած մանդատների քանակը հնարավորություն էր տալիս ձևավորելու գործնականում միակուսակցական կառավարություն, սակայն Սերժ Սարգսյանը չգնաց այդ ճանապարհով: Նախընտրական շրջանում նա խոստացել էր կառավարություն ձևավորել առավել լայն հիմքով, երկրում գործող քաղաքական ուժերի առավել ընդգրկուն մասնակցությամբ և այդպես էլ արեց: Հեռու ենք այն մտքից, թե իբր մեզանում բոլորը «հիացած» են նոր կառավարությամբ: Նրա կազմի առթիվ կան և չեն կարող չլինել որոշակի վերապահություններ, հիմնավոր կամ անհիմն տարակույսներ` կառավարության այս կամ այն անդամին տվյալ պաշտոնում նշանակելու նպատակահարմարության վերաբերյալ: Սակայն տարակուսողներն անգամ չեն կարող հերքել իրողությունը` մեր կադրային ռեզերվը սա° էր: Երկրորդ խնդիրը, որ հրատապորեն դեռ ծառացած է, երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումն է: Նախագահը պաշտոնն ստանձնեց մեզ համար չափազանց ծանր իրավիճակում` հասարակության երկփեղկվածության, թշնամանքի, ատելության մթնոլորտում: Նախագահի ընտրությունների արդյունքները համառորեն չընդունող ծայրահեղ ընդդիմադիր ուժերն ու նրանց ետևից գնացող հազարավոր մարդիկ ամեն ինչ անում էին և անում են` երկիրը բնականոն կյանքի վերադարձնելու ամեն ջանք խափանելու համար: Նախագահի լեգիտիմությունը չընդունողների ամեն կարգի սադրանքների, անպարկեշտ լեզվագարությունների, անպատասխանատու հայտարարությունների ու անհեթեթ մեղադրանքների վերջը չի երևում: Ընդդիմադիրները շարունակում են ներկայացնել իրենց հետ քաղաքական երկխոսություն սկսելու նախապայմաններ, փորձում են անվերջ շիկացնել հասարակական մթնոլորտը: Այժմ մատի փաթաթան են դարձվում մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ կալանավորված անձանց` որպես ենթադրյալ քաղբանտարկյալների, անհապաղ ազատ արձակելու, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ կազմակերպելու պահանջները: Կարո՞ղ է Սերժ Սարգսյանն ընդունել այդ նախապայմանները: Մեր կարծիքով` ոչ, որովհետև կալանավորվածներից յուրաքանչյուրի քաղբանտարկյալ կամ ոչ-քաղբանտարկյալ լինելու հանգամանքը կարող է պարզվել միմիայն դատական քննության արդյունքում: Միայն դատարանն է իրավասու պատասխանելու այն հարցին, թե տվյալ անձն իրականում ինչի համար է կալանավորված` անկախ այն հանգամանքից, թե մինչև կալանավորվելը եղե՞լ, թե՞ չի եղել քաղաքական գործիչ, զբաղվե՞լ, թե՞ չի զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իսկապես կատարե՞լ, թե՞ չի կատարել քրեական հանցագործություն, իսկապե՞ս ներքաշված է եղել պետական իշխանությունը բռնազավթելու չարամիտ ծրագրի մեջ, թե՞ չի եղել: Հենց նմանատիպ հարցերի պատասխանները որոնելու համար, իհարկե, ՀՀ նախագահի հավանությամբ մեր խորհրդարանը այժմ ձևավորել է մարտի 1-2-ի դեպքերը, դրանց նախորդած ու հաջորդած իրադարձությունների իրական ընթացքը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Ինչու՞ են ծայրահեղ ընդդիմադիրները մտացածին պատճառաբանություններով բոյկոտում հանձնաժողովի աշխատանքը, հասարակության մեջ կանխավ անվստահություն սերմանում Սամվել Նիկոյանի գլխավորած այդ օղակի գործունեության նկատմամբ: Եթե վախ չունեն ճշմարտության բացահայտումից, ինչու՞ են խուսափում հանձնաժողովի աշխատանքին մասնակցելուց, նրա հարցումներին պատասխանելուց: Ի՞նչ գույն են ստանալու այդ հանձնաժողովի գործունեությունն արդեն «էս գլխից» կասկածի տակ դնողները, եթե հանձնաժողովը և իրավապահ մարմինները անառարկելի փաստերով ապացուցեն, որ մեզանում, այո, եղել է դրսից հրահրված «գունավոր հեղափոխության» փորձ, եղել է իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով բռնազավթելու հստակ ծրագիր, և այդ ծրագիրն ունեցել է թե° իր մշակողները, թե° ֆինանսավորողները, թե° կազմակերպիչները: Բոլոր նրանք, ովքեր այսօր պահանջում են Նախագահի ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ, պետք է հստակորեն իմանան. քանի դեռ մարտի 1-2-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների բոլոր իրական մեղավորները չեն բացահայտվել և պատասխանատվության չեն ենթարկվել` արտահերթ ընտրությունների մասին ամեն մի խոսակցություն անիմաստ է: Ժողովուրդը ցանկացած նոր ընտրության կարող է և պետք է գնա միայն այն բանից հետո, երբ կիմանա` ո՞վ էր մեղավոր իր ապրած ցնցումի, իր տված զոհերի համար: Այլապես կարող է այնպես ստացվել, որ մարտի 1-2-ի դեպքերի իրական մեղավորները, արտահերթ ընտրությունների միջոցով բաղձալի մանդատների տիրանալով և անձեռնմխելիություն ստանալով, խույս տան իրենց կատարած չարագործության համար պատասխան տալուց: Այդպիսի բան չի կարելի թույլ տալ: Ահա, նաև այստեղի°ց է գալիս Սերժ Սարգսյանի հանդեպ ոմանց անսանձ ատելությունն ու շարունակվող թշնամանքը: Սակայն դա անցողիկ է: Ամենակարևորը` պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում ՀՀ 3-րդ Նախագահին հաջողվել է զգալիորեն լիցքաթափել մեր հասարակական մթնոլորտը, հաղթահարել իշխանությունների հանդեպ արհեստականորեն հրահրվող ատելությունը, անվստահությունն ու թշնամանքը: Կասկածից դուրս է, որ հասարական մթնոլորտի լիցքաթափման այս գործընթացը շարունակական է լինելու, մարդիկ աստիճանաբար ուշքի են գալու և վստահելու են մեր պետությանն ու օրենքներին:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ