Բաց նամակ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին


ՀՀ-ում բոլոր երկրների դեսպանատների պատասխանատուներին Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում` Ջավախքում սանձազերծված հերթական սադրանքի առիթով: Վրացական իշխանությունները Ջավախքի իրենց խամաճիկային «հայ» սպասավորների հետ պարբերաբար դավեր են նյութում ջավախքահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին` հայաթափեն Ջավախքը: Հայկական Ջավախքն այսօր կանգնած է հայաթափված Նախիջեւանի ճակատագրին արժանանալու ճանապարհին: Ժամանակին աշխարհի աչքի առաջ կատարվածն այսօր դառն իրողություն է: Հալածանքներ եւ հետապնդումներ են իրականացվում հատկապես Ջավախքի հայրենասիրական ուժերի նկատմամբ: Որոշ դեպքերում այս սադրանքներին նպաստեցին նաեւ ՀՀ իշխանությունները` մի շարք դեպքերում պատրաստակամորեն կատարելով Վրաստանի իշխանությունների խնդրանք-պատվերը: (Հիշենք` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ղեկավարներից Վահագն Չախալյանի հայաստանյան դատավարությունն ու նրա վտարումը ՀՀ-ից, նաեւ` Գուրգեն Շիրինյանի դանակահարումը Երեւանում` հայաստանաբնակ ջավախքահայերի օգտագործմամբ, որի հետեւում, ըստ ԶԼՄ-ների, կանգնած էր Ախալքալաքի ոստիկանա պետը: Հիշենք նաեւ` Արթուր Պողոսյանի նկատմամբ սադրանքը Ջավախքում, նրա կալանավորումն ու դատապարտումը` Ախալքալաքի դատախազի մասնակցությամբ): Չբավարարվելով հայորդիների ահաբեկմամբ ու դատավարություններով` հայ հորջորջվող կամակատարները լծվել են հայրենասեր ջավախքցիների ֆիզիկական ոչնչացման գործին, որն անմիջականորեն ղեկավարվում է վրացական հատուկ ջոկատայինների կողմից: Հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ իրականացված անիմաստ պայթյունը (ինչի հետեւանքով ո°չ տունն է տուժել, ո°չ էլ որեւէ մեկը) պատճառ է դարձել, որպեսզի անօրեն կերպով ոստիկանատուն տարվեն Գուրգեն Շիրինյանի «Միասնական Ջավախք» ԺԴ-ի բազմաթիվ անդամներ, խուզարկվել եւ ավերվել է կազմակերպության գրասենյակը, որից հետո ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական հագուստով անձանց հետ հարձակվել են Գուրգեն Շիրինյանի տան վրա, որի ժամանակ անհայտ պայմաններում մի ոստիկան է զոհվել: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը իր վճռական բողոքն է հայտնում եւ պահանջում է` 1. Վրաստանի իշխանություններից` դադարեցնել ջավախքահայ հայրենասեր ուժերի նպատակային հետապնդումները, ինչպես նաեւ` հայտնաբերել եւ պատժել սադրանքի իրական մեղավորներին, ովքեր պարբերաբար չարաշահում են իրենց պաշտոնական դիրքն ու իրավունքները: 2. Հայաստանի իշխանություններից` անհապաղ միջամտել Ջավախքի հայ բնակչության իրավունքները դիվանագիտական ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար: 3. Ջավախքահայերից` տեր կանգնել սեփական երկրամասին ու Ջավախքի ճակատագրով մտահոգ ջավախքահայերին, որոնց նկատմամբ կիրառվող սադրանքները կարող են գործածվել յուրաքանչյուր ջավախքահայի նկատմամբ: 4. Համայն հայությունից ու միջազգային հանրությունից` լուրջ ազդեցությամբ կասեցնել դեպքերի հետագա սրումը Ջավախքում: Մենք թույլ չենք տա, որ Վրաստանի իշխանությունները փորձեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի աղմկահարույց իրադարձությունների միջազգային քողի տակ «լուծել» Ջավախքի հարցը: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ