Էներգահամակարգն այնպես է խճճվել...


Տնտեսագետների կարծիքով` ցանկության դեպքում հոսանքի սակագինը կարելի էր նվազեցնել մինչև 10 դրամով, սակայն էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանի կարծիքով ներկա պայմաններում այն հնարավոր էր իջեցնել ամենաշատը 5 դրամով, իսկ 2,58 դրամն այն նվազագույն չափն էր, որից քիչ նվազեցնելն ուղղակի ամոթալի կլիներ: Ստացվում է, որ իրականում կան թաքնված խնդիրներ, որոնց համար պետք է բոլորս ազգովի վճարենք: Այսինքն, այն ինչ ներկայումս ունենք` դեռ «ծաղիկներն» են, իսկ ապագայում համակարգը շարունակվելու է քամել հասարակությանը` հարվածի տակ դնելով թե´ տնտեսական աճ ասվածն ընդհանրապես, թե´ երկրի զարգացումը` մասնավորապես: Համակարգում տեղի ունեցող անհասկանալի փոփոխությունների և դրանց ելքերի մասին է «Ավանգարդ»-ի զրույցը էներգետիկ-փորձագետ Էմիլ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասում է, որ այդքան է հնարավոր եղել իջեցնել հոսանքի սակագինը, քանի որ ատոմակայանը նախատեսվածից ավելի շատ է կանգնելու: Ձեր կարծիքով` դա ընդունելի՞ փաստարկ է:

- Ընդհանրապես ատոմակայանի կանգառը տևում է մոտավորապես 45 օր, բայց այս անգամ նախատեսվածից իրոք, ավելի երկար է կանգնելու, որի ազդեցությունն իրականում կա: Բայց ինձ համար անհասկանալի պատճառներով նվազեցրել են «Սևան-Հրազդան» կասկադի կողմից արտադրվող հոսանքի քանակը, որն էժան էլեկտրաէ ներգիայի նվազում է:

Միաժամանակ, կրկնակի չափով թանկացրել են «Որոտան» կասկադի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը, որը նախկին 7 դրամի փոխարեն ներկայումս 14 դրամով է էլեկտրաէներգիա արտադրում: Սա ուղղակի անթույլատրելի և անբացատրելի քայլ է, քանի որ այս նեղ պահին չէր կարելի նման որոշում կայացնել:

- Փաստորեն, կարելի է ասել, որ կրկին գործ ունենք անհասկանալի վերադասավորումների հետ, որից, ինչպես միշտ, տուժում է սովորական սպառողը:

- Հոսանքի սակագինն իրականում իջեցվել է ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար և ներկայացված փաստարկները հաշվի առնելով` կարելի է եզրակացնել, որ այն ցուցադրական քայլ էր: Անցյալ տարի մոտ 7 դրամով թանկացնելու մասին որոշում էր կայացվել և հիմա, երբ նայում ենք, իրականում ստացվում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 5 դրամով թանկանում է:

- Ստացվում է, որ մեկ տարի առաջ հասարակության ընդվզումն այսօր հանգիստ ձևով կամ նոր փաթեթավորմամբ մատուցվում է նույն այդ հասարակութ յանը: Բայց ինչու՞, օրինակ, հասարակությանը չի տեղեկացվում, որ «Որոտանի» կասկադի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը կրկնակի անգամ թանկացվել, կամ «Սևան-Հրազդան» կասկադի հզորությունները նվազեցվել են:

- Որևէ բացատրություն չկա այդ մասին, բայց ՀԾԿՀ-ն պարտավոր է դա արձանագրել և բացատրել, թե ինչո՞ւ է այդպես: Իրականում խնդիրն էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկայի մեջ է: Ճիշտ է, դրանք վերանայվում են, բայց մոտեցումը միշտ մնում է նույնը, որը ԶԼՄ-ներով քննարկելու հարց չի: Ընդհանուր առմամբ` կարելի է ասել, որ էներգահամակարգը նման գործողությունների արդյունքում այնպես է խճճվել, որ իրենք էլ չգիտեն` ինչ անեն: Օրինակ, վերցնենք Հրազդանի 5-րդ բլոկը. ի սկզբանե էլ պարզ էր, որ այդքան մեծ հզորություն ունեցող կայանը մեր համակարգում գործել չի կարող, բայց դրա կառուցման վրա ծախսվել է 370 մլն դոլար, և հիմա մենք` սպառողներս, սակագնի տեսքով ամեն տարի 40 մլն դոլար ենք վճարում` այդ գումարը փակելու համար: Սակայն զավեշտալին այն է, որ այդ բլոկը գրեթե չի աշխատում: Այն կարող է արտադրել մինչև 4-5 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, բայց արտադրում է 1 միլիարդից քիչ հոսանք: Այսինքն, այն աննպատակ կառուցված համակարգ է, որի ղեկավարությունը բավական բարձր աշխատավարձ է ստանում: Ստացվում է, որ այն ավելի շատ բեռ է համակարգի համար, որի դիմաց մենք պետք է ստիպված վճարենք: Օրինակները շատ են, բայց մոտեցումը սա է:

- Ասել է թե` համակարգն ընդհանրապես վատ է կառավարվում, որի պատճառով տուժում են սպառողնե՞րը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել` այս շիլաշփոթը վերացնելու համար:

- Իմ կարծիքով` հոսանքի սակագնի բարձր գնի մեղքը միայն ու միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է, որը կամ անտեղյակության, կամ փոխհամաձայնության պատճառով նման երևույթների դեմ չի պայքարում: Կարճ ասած` հանձնաժողովը ո´չ կարողություն ունի նման երևույթների դեմ պայքարելու, ոչ էլ` տրամադրվածություն:

- Կարո՞ղ ենք ասվածից եզրակացնել, որ հասարակությունը պետք է «համակերպվի» եղածի հետ և ավելի վատ սցենարների սպասի, քանի որ դեռ հայտնի չի, թե մեկ տարի հետո ինչ նոր անակնկալներ կմատուցի ՀԾԿՀ-ն:

- Հանձնաժողովը գործում է ոչ թե որպես հանձնաժողով, այլ որպես ադմինիստրատիվ կառույց, որից ամեն րոպե կարող են հոսանքի գնի բարձրացում պահանջել: Այդ է պատճառը, որ հանձնաժողովը փորձում է բոլոր հնարավոր ձևերով բավարարել վերևների պահանջը: Ի դեպ, գոյություն ունի կառավարության կողմից հաստատված ծրագիր, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև 2036 թ. հոսանքի սակագնի նվազեցման մասին ոչ խոսք կարող է լինել, ոչ էլ` տրամադրվածություն: Այսինքն, արդեն իսկ պարզ է, որ հոսանքի գինը պետք է անընդհատ բարձրանա: Ես ցավով եմ դա ասում, բայց մեր ղեկավարության մտքով անգամ չի անցնում, որ գոնե մի փոքր մտահոգություն ցուցաբերեն այդ հարցը վերանայելու համար: Ի դեպ, ՀՀ նախագահի կողմից հաստատվել է նաև ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգ, որի համաձայն մեր երկիրը պետք է էլեկտրաէներգիայի արտահանման կողմնորոշում ունեցող համակարգ ձևավորի: Հայաստանի համար նման որոշումը հիվանդագին երևակայության արդյունք է, քանի որ մեր երկիրը, չունենալով էլեկտրաէներգիայի արտադրության որևէ պաշար, չի կարող նման հայեցակարգով առաջ շարժվել:

- Խոսակցություններ կան առաջիկայում ԵԱՏՄ անդամ երկրներում միասնական էներգահամակարգ ձևավորելու մասին: Այս դեպքում ի՞նչ ճակատագրի կարժանանան այս և նման հայեցակարգերը, քանի որ դրանք կկորցնեն իրենց իմաստը:

- Թե ինչ կլինի ապագայում` դժվար է ասել, բայց պետք է նշել, որ գազի սակագնի հարցում Հայաստանը բավական արտոնյալ պայմաններում է գտնվում: Մինչդեռ էլեկտրաէներգիայի հաշվարկման մեթոդիկայի հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որ ինչքան պետք լինի ստանալ էլեկտրաէներգիայի սակագինը, այդքան կկարողանան «ստանալ»: Այս հարցը պետք է դիտարկել միայն մասնագիտական հարթությունում, բայց, ցավոք, այդ հանձնաժողովում մասնագիտական հարթություն չկա: Իմ կարծիքով` հոսանքի սակագնի աճը պայմանավորված է իմ նշած անհիմն և չպատճառաբանված վարկերով, ինչպես, օրինակ, Հրազդանի 5-րդ բլոկի դեպքում է:

- Ըստ Ձեզ, ո՞րն է ելքը, եթե իրականում այն կա:

- Կարծում եմ` ելքն այն կլինի, որ ՀԾԿՀ-ի եզրակացությունները մասնագիտացված հանձնաժողովների կողմից վերանայվեն և վավերացվեն: Հոսանքի սակագնի հաշվարկման ժամանակ մաշվածություն, կորուստներ և այլն ձևակերպումների տակ ինչ թիվ ուզում` գրում են: Բացի այդ, սահմանված չէ տնօրենների աշխատավարձի չափը և այլ ծախսեր նույնպես: Պետք է հասկանալ նաև, թե որքան գումար են ստանում հանձնաժողովի անդամները, քանի որ նրանց աշխատավարձը նույնպես գոյանում է սակագներից: Ասում են` դա կոմերցիոն գաղտնիք է, բայց եթե վաղը որոշում կայացվի, որ, դիցուք, ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը պետք է 1 միլիարդ դրամ լինի, դա պետք է ընդունվի՞, իսկ դրա սահմանները ո՞վ պետք է հստակեցնի: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծել: Ամփոփելով ասեմ, որ ներկայումս գործող մոտեցումների, հայեցակարգերի և ՀԾԿՀ-ի աշխատանքի արդյունքում մենք ամեն տարի կանգնելու ենք հոսանքի սակագնի ավելացման խնդրի առջև, ու քանի դեռ այս հարցերը չեն վերանայել` խնդիրները համակարգում շարունակելու են աճել:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ