Ընդդեմ բազմակնության և անչափահասների հետ ամուսնություն


Գերմանիայում այսօր հրատապ է դարձել այս երևույթների դեմ պայքարը: Համենայն դեպս, երկրի արդարադատության նախարար Հայկո Մաասը տագնապ է հնչեցրել` պահանջելով բարեփոխել Ընտանիքի օրենսգիրքը: Նրան վրդովեցրել է այն փաստը, որ Գերմանիայի որոշ քաղաքացիներ մահմեդական երկրներում ամուսնանում են միանգամից մի քանի կնոջ, երբեմն էլ` անչափահաս աղջիկների հետ ու նրանց իրենց երկիր բերում: Ու այս հիմնախնդիրն ավելի է խորացել Եվրոպան պատուհասած միգրացիոն ճգնաժամի ֆոնին:

Ինչպես նշել է Vesti FM ռադիոկայանի եվրոպական թղթակիցը, Գերմանիայում մինչ այս էլ արգելված էր բազմակնությունն ու անչափահասների հետ ամուսնությունը: Եվ հիմնավոր էր արգվելված, ու այդ օրենքը խախտողներին մինչև 3 տարի բանտարկություն է սպառնում: Այսուհանդերձ, քիչ չեն այդ օրենքը շրջանցողները, որովհետև դատարանը ճանաչում է նման ամուսնությունները, եթե դրանք գրանցվում են այլ երկրներում, ուր դա թույլատրելի է: Ավելին, դեպքեր են եղել, երբ բազմակին ամուսնու մահից հետո նրա թոշակը բաժանվել է մի քանի օրինական կանանց միջև:

Ստացվում է, որ օրենքն ակամա խախտում են հենց երկրի իրավապահները: Bild թերթին տված հարցազրույցում նախարարն ինքն է ասել, որ շատ ներգաղթյալներ ազնվորեն խոստովանել են, որ իրենց հայրենիքում մի քանի կին են թողել: Նրանց տրվել է բնակվելու իրավունք, որն ինքնաբերաբար արտոնում է նաև նրանց կանանց մուտքը Գերմանիա: Խնդիրը, սակայն, այսքանով չի սահմանափակվում:

- Եկվորներից ոչ մեկն իրավունք չունի իր մշակութային արժեքները կամ կրոնական հայացքները վեր դասել մեր օրենքներից,- ընդվզում է Մաասան:- Այդ պատճառով նման ամուսնությունները ոչ պետք է գրանցվեն, ոչ էլ ճանաչվեն Գերմանիայում:

Օրենքի տեսանկյունից` նախարարը ճիշտ է. օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն` և´ Գերմանիայում ծնվածները, և´ վերջերս այնտեղ եկածները: Ճիշտը` ճիշտ է, սակայն իրավիճակն այլ բան է հուշում: Թողտվության հետևանքները միշտ չէ, որ ուղղելի են լինում:

Ի դեպ, այս իրավիճակից բխող մի անեկդոտ է տարածվել Գերմանիայում.

Մի տղամարդու ասում են, որ կինն իրեն մեղադրում է բազմակնության մեջ:

- Բայց իմ բոլոր կանայք գոհ են ինձանից. այդ ո՞ր մեկն է բողոքողը,- զայրանում է տղամարդը: