Ապրում են, արարում, իսկ կարոտը չի մարում


Արտերկրում բնակություն հաստատած հայերից շատերն արդեն օտար չեն համարում իրենց տանիք տված երկիրը: Դա իրենց հյուրընկալ բնակավայրն է, Հայաստանն էլ` հայրենիքը, որի կարոտը մեղմվում է այստեղ մնացած ընկերների ու հարազատների հետ հաճախակի տեսակապով: Բացի այդ, իրենք էլ առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստան են գալիս, որի դռները միշտ բաց են հյուրեկների ու վերադարձողների առջև:

Այստեղ թե այլ ափերում նրանց հանդիպելիս այլևս չենք հարցնում` «Ինչո՞ւ մեկնեցիր»: Պատասխանը նույնն է ու յուրովի արդարացված: Չենք հարցնում նաև, թե ո՞նց են ապրում. ապրելակերպի լավն ու վատը վաղուց հարաբերական են դարձել: Անիմաստ է նաև «Վերադառնալո՞ւ ես» հարցը. չգիտեն ու չեն էլ կարող իմանալ: Պարզապես ուրախանում ես վաղեմի ծանոթ-ընկերներիդ հանդիպելով, իսկ նրանք իրենց կարոտը կուտակում են հրաժեշտի վերջին խոսքում.

- Կհանդիպենք Հայաստանում…

Միացյալ Նահանգներում, մասնավորապես Կալիֆոռնիայի նահանգի առանձին քաղաքներում այլևս չես զարմանում հայերեն լսելիս: Չես զարմանում նաև վաղեմի բարեկամիդ անակնկալ հեռախոսազանգից, թեև ինքդ չես տեղեկացրել այնտեղ գտնվելուդ մասին: Անչափ հաճելի անակնկալ էր գրչընկերոջս` նախկինում Հայաստանում, հիմա նաև Լոս-Անջելեսում ճանաչված լրագրող, «Համայնապատկեր» հայալեզու հանդեսի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆ-ԳՅՈՒՄՐԵՑՈՒ զանգը: Անակնկալ, որը, սակայն, չզարմացրեց, զի գիտեի, թե որքան լավատեղյակ է նա տեղի հայկական համայնքի անցուդարձից:

«Համայնապատկերի» ոչ այնքան ընդարձակ խմբագրատունն այնտեղ հաստատված հայ մտավորականների իրական հավաքատեղին է դարձել. գալիս են ամենատար բեր ժամերի` Սարոյի հետ ամենատարբեր հարցեր քննարկելու, նորությունները միմյանց հաղորդելու: Եվ հենց այդ անցուդարձով ընդմիջվող ու շարունակվող մեր զրույցներից մեկը որոշեցինք ձայնագրիչին պահ տալ:

- 1998 թ. նոյեմբերի 9-ին ոտք եմ դրել օվկիանոսից այս կողմ` Լոս-Անջելոս: Երբ եկա, այստեղ բազմաթիվ թերթեր, ամսագրեր կային, մեկը մյուսից լավ, հայկական, սփյուռքահայ կայացած մամուլ: Բայց ոնց որ իմ պատկերացրած «Համայնապատկերը» չկար: Իսկ ես մեծ ցանկություն ունեի գեղարվեստական հանդես հիմնել, որի ամեն համարը նվիրվի հայոց մեծերից մեկին, դառնա հայոց մեծերի պատկերասրահ: 1999-ի ապրիլին լույս տեսավ առաջին համարը` նվիրված Հովհաննես Շիրազին: Եվ Շիրազի օգնությամբ մեր ամսագիրը ճանապարհ ընկավ: Երեկ տպարանից բերեցի 69-րդ համարը, որը նվիրված է հայ բեմի երախտավոր Վարդուհի Վարդերեսյանին: Հաջորդը` 70-րդը, ուզում ենք նվիրել Շիրազի որդուն` Արա Շիրազին` նրա ծննդյան 75-ամյակին:

- Ինչո՞ւ «Համայնապատկեր»:

- Ուզեցի համայնքի մշակութային, գրական պատկերը ցույց տալ, որը չկար: Տարբեր ամսագրեր կան, որ մշակույթի բաժիններ ունեն: Կային նաև քաղաքական, հասարակական պարբերականներ: Սակայն լիարժեքորեն արվեստին ու արվեստագետներին ներկայացնող մամուլ չկար:

- Դու որոշել ու հաջողել ես, ու հիմա հանկարծ ցավով հասկացա, որ Հայաստանում այդպիսին չկա: «Համայնապատկեր» խմբագրությունը, փաստորեն, տեղաբնակ հայերի, մտավորականների, արվեստագետների հավաքատեղի է, օջախ:

- Ոչ միայն տեղաբնակները. Երևանից եկող մտավորականներն էլ են գալիս այստեղ:

- Ո՞նց ստեղծվեց այդ ավանդույթը:

- Ինքնաբերաբար:

- Նշածդ բազմաթիվ տարագիր լրատվամիջոցներից ոնց որ թե ոչ մեկը գոյություն չունի, «Համայնապատկերը» կա: Եվ, փառք Աստծո, որ կա: Ո՞վ է ձեր ընթերցողը:

- Մեր հիմնական ընթերցողը համայնքի միջին և ավագ սերնդի ներկայացուցիչներն են: Կան, իհարկե, երիտասարդներ էլ: Այս վերջին համարի մեջ 5-6 երիտասարդների եմ ներկայացրել: Շատերն ասում են, թե հայրենիքում իրենց ապրած տարիների կարոտն են առնում: Մեր ամսագրին կապվելու կարևոր գործոններից մեկը կարոտն է:

- Ամսագրին ծանոթ եմ. այն միայն նշանավորներին, ճանաչվածներին չէ, որ անդրադառնում է:

- Շապիկին բացառապես Հայոց մեծեր են, անվանի մարդիկ, ներսի էջերին` նրանց մասին պատմող նյութեր: Բայց, բնականաբար, ներկայացնում ենք նաև ճանաչում, արժանիքներ ունեցող մեր ժամանակակիցներին: Իսկ արժանավորները քիչ չեն:

- Այստեղ, փաստորեն, մարդիկ անտարբեր չեն հայ գրի, գրչության հանդեպ: Նկատի ունեմ օրերս այստեղ հիմնադրված և իր գոյությունն ազդարարած Ամերիկայի հայ գրողների միության ծնունդը: Դու այդ միության անդամներից ես: Որքանո՞վ էր հրատապ այդ միության ծնունդը. նկատի ունեմ, որ այսօր ընթերցողի դեֆիցիտ կա ամբողջ աշխարհում:

- Ստեղծագործողներ շատ կան: Ես դա գիտեմ նաև իմ փորձից, քանի որ «Համայնապատկերը» նաև գրական ամսագիր է: Այլ խնդիր է, որ ԱՄՆ-ում արդեն 3 այդպիսի միություն կա: Երևի դարձյալ մեր ազգային հակումներով է պայմանավորված: Երևի հիմնադիրները կփաստեն դրա նպատակահարմարությունը: Կարևորն այն է, որ նորաստեղծ` Ամերիկայի հայ գրողների միությունն ավելի կարող ուժեր է միավորում. մարդիկ-, ովքեր, իրոք, ստեղծագործում են:

- Արդյո՞ք դա էլ հերթական պառակտումը չի, որը հայի հոգեբանության մեջ գնալով ամրապնդվում է:

- Պառակտումներ կան, ցավոք:

- Ծանո՞թ եք միության ծրագրերին:

- Նախագահը ճանաչված բանաստեղծ Վազգեն Վանատուրն է: Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրենն էր Վանաձորում: Լավ ընկեր է, լավ մարդ, տաղանդավոր բանաստեղծ: Նրա շուրջը համախմբվեց ժողովուրդը, շատերն էլ մյուս գրողների միությունից միացան նրան: Կարող ուժ է: Կարևոր է, որ գրողները մի օջախ ունենան, որտեղ կկարողանան հավաքվել, իրենց ստեղծագործությունները ներկայացնել ու քննարկել: Միությունն արդեն իր մամուլն էլ ունի` «Վերնատուն» ամսագիրը,«Ծիր Կաթին» մանկական հանդեսը: Ծրագրել են նաև հեռուստաժամ ունենալ` «Վերնատուն» անունով:

«Վերնատուն» պարբերականի գլխավոր խմբագիրը բանաստեղծ Դավիթ Դանիելն է, «Ծիր Կաթինը» հրատարակում ու մանկան պես փայփայում է մանկագիր, երգերի և մանկական 20 գրքերի հեղինակ Ֆիրա Ակյանը: Ուզում ենք կամաց-կամաց աշխուժացնել գրական կյանքն այստեղ:

- Իբրև հայ մտավորական, ինչպե՞ս կներկայացնես ամերիկաբնակ հային:

- Ամերիկաբնակ հայի կերպարի ամենաբնորոշ դիմագիծը կարոտն է: Ես էլ եմ ամերիկաբնակ և ապրածս ամեն պահն այդ կարոտով է լցված. կարոտ` Հայաստանի, ծնողներիս գերեզմանի… ամեն ինչի հանդեպ:

- Լեզվապահպանության խնդրով, անշուշտ, նույնպես մտահոգ եք դու և մշակութաս-տեղծ մյուս բարեկամներդ:

- Լեզուն պահպանվում է, բայց խաթարվում է: Խմբագրություն այցելող երիտասարդներ կան, որոնց հետաքրքրությունն ինձ ուրախացնում է: Նրանք Ամերիկայում ծնված երիտասարդներ են, դժվարությամբ հայերեն են խոսում, բայց գալիս են հայկական պարբերականի խմբագրություն: Պապիկի, տատիկի հետ են գալիս: Գենը զորավոր է: Չպետք է թույլ տանք, որ ձուլման վտանգը պատուհասի մեր համայնքին, մոռացության մատնի մեր լեզուն: Ինչ վերաբերում է մեր ամսագրին, բաժանորդները գնալով ավելանում են: Տպաքանակը 3000 է, 1000 բաժանորդ ունենք` տարբեր նահանգներում, Բեյրութում, Հալեպում, Ֆրանսիայում, Լոնդոնում, Մեքսիկայում, Կանադայում: Իհարկե, նաև հայրենիք ենք ուղարկում:

Հրաժեշտի պահին Սարոն ասաց.

- Կհանդիպենք հայրենիքում:

Եվ դա սոսկ անորոշ ցանկություն չէր: Բոլոր արժանավորների հոբելյաններն արժանվույն նշող մեր գործընկերն իր ծննդյան հոբելյանը որոշել է հայրենի քում նշել: Այլ կերպ չէր էլ կարող լինել. տոնը լիարժեք չէր լինի:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ