13-րդ Ոսկե ծիրանի առաջին ազդականչը


91 երկրից ներկայացված 900 հայտերից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են 135 ֆիլմեր: Ի նշանավորումն 2016-ի գլխավոր իրադարձության` ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի, փառատոնի հիմնադիր եռյակը` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» հանրածանոթ խորագրերին հավելել է ևս մեկը` «Հայկական կինո. արդի ժամանակները»:

Փառատոնային կինոպաստառին այս կարևոր առաքելության ջահակրի պատիվը վերապահվել է Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007) ֆիլմին: Նորանկախական 25 տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական լավագույն 17 ֆիլմերի ցուցադրությամբ հոբելյանական այս ծրագիրը համադրող կինոքննադատներն ակնկալում են ամբողջացնել անկախության բազմաբարդ շրջանի հայկական կինոյի պատմությունը, ընթացիկ կառուցողական քննարկումներով վեր հանել առկա խնդիրներն ու ճշգրտել զարգացման հեռանկարները:

- «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անկախության ծնունդ է,- ասում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,- փառատոնի շնորհիվ այս 13 տարիներին հնարավոր է եղել վերացնել գոյություն ունեցող բազմաթիվ սահմաններ: Լինելով ինքնուրույն, որոշակի իմաստով նաև սինթետիկ ստուգատես, «Ոսկե ծիրանը» ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը` խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն: Եվ չափազանց կարևոր էր կինոփառատոնի շրջանակում ունենալ «Հայկական կինո. արդի ժամանակները» խորագրով անվանակարգը, որն ամփոփում է 25-ամյա ազատ, անկախ Հայաստանի կինոարվեստը:

Երևանյան մշակութասեր հանրության համակրանքը վայելող «Ոսկե ծիրանն» իր հարակից նախաձեռնություններով իսկապես զգալի դերակատարություն ունեցավ թե´ հոգեվարք ապրող հայկական կինոյի վեր-ընձյուղման, թե´ կնճռոտ քաղաքական խնդիրների հաղթահարման տեսակետից: Մեր խղճուկ պետական գանձարանից շռայլորեն հատկացվող և մեկենասական պատկառելի միջոցներով փառատոնի կազմակերպիչները ճանաչելի դարձրեցին Հայաստանի մայրաքաղաքը համաշխարհային կինոքարտե զի վրա: Փառատոնային փոխշփումների ակտիվացումը նպաստեց հայկական արդի կինոարվեստի հանրաճանաչմանը միջազգային ասպարեզում: Ինչպես նաև` առանց դույզն-ինչ դժվարության վերահաստատեց բացառիկ մշակութային գանձերով հարուստ Հայաստանի զբոսաշրջային անկրկնելի գրավչությունը:

- Փառատոնի 13-րդ մեկնարկն է,- ինքնահատուկ անմիջականությամբ ասում է «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն, իր հեղինակային մի շարք ֆիլմերով նաև արտերկրում ճանաչված Հարություն Խաչատրյանը:- Կարող է թվալ, որ մարդիկ հոգնել են մեզնից, մենք` մեր աշխատանքից, մանավանդ այսպիսի դժվար մարտա-հրավերների ժամանակ և´ մեր երկրի, և´ ընդհանրապես աշխարհի համար… Մենք պետք է ցույց տանք, որ չենք թուլացել և պատրաստ ենք ամեն տեսակի մարտահրավերի:

13-րդ «Ոսկե ծիրանի» առաջին ազդականչի ներկայացուցչական լրագրահավաքում կազմակերպիչներն իրազեկեցին փառատոնային բովանդակության մի շարք ուշագրավ և դիտարժան նորամուծությունների մասին: Զորօրինակ, Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ համատեղ, հռչակավոր անգլիացու երկերի հենքով նկարահանված լավագույն կինոժապավենների ցուցադրությամբ, մտադիր են հարգանքի տուրք մատուցել Մեծն Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կներկայացվեն ֆրանսիական նորաստեղծ լավագույն ֆիլմերից 3-ը, այդ թվում և Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015) գեղարվեստական կինոնկարը: Դանիական կինոինստիտուտի և «Ոսկե ծիրանի» միջև ամրապնդվող համագործակցությամբ հայ կինոդիտողը կծանոթանա վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերին` Թոմաս Վինթերբերգի «Համայնք»-ի (2016) առաջատարությամբ: Առանձին ծրագրով, որը կմեկնարկի Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի» (2015) ֆիլմով, կներկայացվեն բասկ կինոռեժիսորների լավագույն 4 աշխատանքները:

Կազմակերպիչների հավաստմամբ, 13-րդ «Ոսկե ծիրանի» փառատոնի 8-օրյա հագեցած ռիթմում հավուր պատշաճի մեծարվելու են հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանները: Ի լրումն մեծարանքների, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի անվանական աստղերը: Ասենք, որ փառատոնի գերլարված ընթացքում աննահանջ խանդավառությամբ ներգրավվող «ծիրանամոլներին» հընթացս այլ գայթակղիչ կինոանակնկալներ էլ են մատուցվելու: Անդրանիկ լրագրահավաքի ընդհանուր տպավորութ յամբ` Երևանում կրկին հախուռն ու բազմերանգ «ծիրանահավաք» է լինելու:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ