ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

Հարցին ի պատասխան


- Էսօր տանը հաց չունենք ուտելու:

- Ինչի դուք ամեն օր հաց եք ուտո՞ւմ...

***  

- Քեզ զգա` ինչպես քո տանը:

- Բայց ես տնիցս եմ փախչում...

***  

- Շա˜տ ես ինքնասիրահարված:

- Կարծում եմ` վատ ընտրություն չեմ արել:

***

- Երեխաներիդ միշտ գազանանոց ես տանում:

- Բա ի՞նչ անեմ, մարդկանց մոտ մնում` գազանություն են սովորում...

***  

- Երկիրը քարի, բրոնզի, երկաթի դարերով է անցել:

- Տեսնո՞ւմ ես, իսկ մարդու դար երբեք չի եղել:

***

- Ինչքա՞ն ես ուզում գիրանալ:

- Այնքան, որ ցուրտը ոսկորներիս չհասնի:

***  

- Մտավորականությունը կիսաքաղց է:

- Այդպես էլ պետք է լիներ. նրանք մտքո´վ պետք է սնվեն:

***  

- Այ հեր, դու կյանքում ինձ ի՞նչ ես տվել:

- Այ տղա, բա հայրանունդ ի՞նչ է...

***

- Դու երկու երեսանի ես:

- Ուրեմն ինձ երկու աշխատավարձ տվեք:

***

- Ժամանակը մեծ ուսուցիչ է:

- Ինչ օգուտ, երբ դու վատ աշակերտ ես: