ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ


ՀԱԿ-ը ՀՀՇ-ին էլ նախ ամորձատեց, ապա նաև գլխատեց: ՀԱԿ-ի նպատակային միջամտության հետևանքով ՀՀՇ-ն զրկվեց և° վերարտադրվելու, և° ինքնուրույն մտածելու ունակությունից: ԼՏՊ-ի նեոբոլշևիկ ակտիվիստներն իշխանափոխության իրենց ծրագիրն իրականացրեցին ՀՀՇ վարչությունում: Ծայրահեղական առաջնորդից սահմանազատվել ու անձի պաշտամունքը թոթափել ցանկացող հհշականները ձախողվեցին: Կուսակցությունը մնաց առանց նախագահի ու փոխնախագահի, առանց քաղաքական, կազմակերպական ու ֆինանսական հիմքի: Այստեղ էլ մարտնչող տգիտությունը, որ ամենուր մեծամասնություն է, քվեարկությամբ ոչնչացրեց գեներացիայի ու ինքնամաքրվելու ներուժը պահպանած փոքրամասնությանը: Իսկ Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի ուզածն ընդամենը այն էր, որ ՀՀՇ-ն նախ մասնակցի հերթական խորհրդարանական ընտրություններին, ապա դա անի հհշականներից կազմավորված համամասնական ընտրացանկով: Բնականաբար, սա թույլ տալ ԼՏՊ-ն չէր կարող, քանի որ կնշանակեր, թե արմատականները հրաժարվել են արտահերթ ընտրությունների գաղափարից: Սրա համար կան ուժեր, որ դեռ վճարում են: Ճիշտ է, դա կարող է տևել մինչև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա տարածաշրջանային այցը: Երևանում լինելու ընթացքում ԼՏՊ-ն ցանկանում է հրապարակային հանդիպում ունենալ նրա հետ` մարող քաղաքական համարումը վերականգնելու ու ֆինանսական խնդիրները տեղում լուծելու նկատառումներով: Սակայն չի բացառվում, որ տիկին պետքարտուղարը տարածաշրջանային այց է կատարում ճիշտ հակառակ նպատակով: Ամենայն հավանականությամբ նա վրացի, ուկրաինացի, մոլդավացի, ադրբեջանցի ու հայ «գործընկերներին» առարկայորեն բացատրելու է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Քոնդոլիզա Ռայսի «գունավոր հեղափոխությունների» ծրագիրը: Հետևաբար, քաղաքական առումով միանգամայն արդարացված կարելի է համարել Զուրաբյան-Քոքոբելյան արդեն մերժված առաջարկը, ըստ որի անիմաստ է ընտրության գնալ ՀԱԿ-ին մաս կազմող, բայց գոյություն չունեցող «կուսակցություններից» բաղկացած դաշինքով: Այս դեպքում, արդարև, ընտրացանկը կներառեր ամեն «էկզեմպլյարից» մեկական օրինակ, բայց նման յուրօրինակ «նոյյան տապանով» ոչ միայն 7 %-ի արգելանքը, այլ որևէ արդյունքի հասնել հնարավոր չի լինի: Արդեն բացահայտ է, որ բանը դրան չի էլ հասնելու և 2012-ին. երբ կազմավորվեն խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընտրացանկերը, ՀԱԿ-ին ոչ ոք այլևս չի էլ հիշելու: Խնդիրն այն է, որ ադրբեջանական վերջին դիվերսիայից հետո ՀԱԿ-ում պառակտման նոր նախադրյալներ են առաջացել: ԼՊՏ-ի կոչը` թե «պետք է պահանջել Արցախի հիմնախնդրի հնարավորինս շուտափույթ կարգավորում, այլապես զարգացումները կործանարար կլինեն Հայաստանի համար», բազմաթիվ հակականների շրջանում կասկածամտության նոր հիմքեր է առաջացրել և սրել է մինչ այս էլ եղած, բայց դեռ համագործակցությանը չխանգարող հակասությունները: Աշխարհաքաղաքական զարգացումների արտացոլումը ներհայաստանյան քաղաքական դաշտում, այսուամենայնիվ, չի խախտվի: Եթե ՀԱԿ-ը դուրս գա անգամ ներքաղաքական լուսանցքից, ապա աշխարհագրական ներկայացվածությունը դարձյալ կպահպանվի. այնպես որ` ոչ ռուսաֆիլները, ոչ էլ արևմտամետները առանձնակի անհանգստանալու պատճառներ չեն ունենա: Ռուսական կողմնորոշումը խիստ ընդհանրական գնահատականով կորդեգրի այն քաղաքական ուժը, որը կմնա կամ կհայտնվի իշխանության ղեկի մոտ: Սա օրվա իրողությունների գրեթե անխուսափելի թելադրանքն է, քանի որ գոնե ՕԵԿ-ին առայժմ իշխանության պատասխանատվությունն ստանձնելու հեռանկարը չի «սպառնում»: Իսկ արևմտամետության դրոշակակիրը դառնալու հեռանկարային ծրագրեր այսօր համատեղ մշակում են, որքան էլ տարօրինակ թվա, «Ժառանգությունը» ու «Սիվիլիդասը»: Պարզվում է` կանխատեսվող զարգացումների համատեքստում ԱՄՆ նախկին քաղաքացիներ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Վարդան Օսկանյանին այլ ընտրություն ուղղակի չի թողնվել: Ի դեպ. հավելենք նաև, որ յուրաքանչյուր նախկին ԱՄՆ քաղաքացի, ըստ անբեկանելիորեն գործող օրենքի, իր ամերիկյան քաղաքացիությունը կարող է վերականգնել առաջին իսկ դիմումի դեպքում:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ