ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվեց համագործակցության համատե


Շաբաթասկզբին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղղությամբ ստորագրեցին համագործակցության հրաման: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է «2010 թվականը` Մայրենիի տարի» ծրագրով մայրենի լեզվի բաց դասեր անցկացնել զինծառայողների համար, զորամասերում կազմակերպել արևմտահայերենով և արևելահայերենով գրական-երաժշտական միջոցառումներ: Կապահովվի «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանող սփյուռքահայ պատանիների ու երիտասարդների մասնակցությունը ՀՀ ՊՆ և ՀԳՄ «Ցոլքեր» գրական մշակութային հանդեսի խմբագրակազմի իրականացրած ծրագրերին: Սփյուռքում հայապահպանության ասպարեզում մեծ ավանդ ունեցող գործիչները, կրթական գործի կազմակերպիչները և ուսուցիչները կպարգևատրվեն ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով: Համագործակցություն է նախատեսվում նաև «Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելությունների` «Արի տուն» (հունիս-հոկտեմբեր), «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրերի, «Շախմատի համահայկական պատանեկան օլիմպիադայի» այլ ծրագրերի իրականացման շրջանակներում: Երկու նախարարությունները համատեղ կիրականացնեն «Մեր հերոսները» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ ՊՆ ՀՀ սփյուռքի նախարարությանը կտրամադրի ազգային հերոս ազատամարտիկ ների վերաբերյալ տեղեկատվական նյութեր` Սփյուռքի կրթօջախներին և երիտասարդական կազմակերպություններին տարածելու նպատակով: Սփյուռքի հայկական համայնքներ առաքելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ Սփյուռքի նախարարությանը կտրամադրի նաև ռազմահայրենասիրական, կրթադաստիարակ չական բովանդակությամբ գրականություն, ձայնասկավառակներ և տեսասկավառակներ, կայքէջով և արբանյակային հեռուստաալիքներով կկազմակերպի հեռարձակումներ: Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Սփյուռքը մեծ դերակատարում է ունեցել Արցախյան ազատամարտի հաղթանակի գործում և այժմ ևս մեր Հայրենիքը հզոր է իր Սփյուռքով»: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մեծապես կարևորելով ՀՀ պաշտպանության նախարարի նման մոտեցումը, նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերը ռազմավարա կան մեծ նշանակություն ունեն, ուստի համագործակցաբար դրանց իրականացումն ավելի արդյունավետ և բազմաոլորտ կլինի»: Երկուստեք կարևորվեց այն հանգամանքը, որ համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն 2010 թվականով և պետք է ընդգրկի ավելի լայն ոլորտներ: