ԱՍՊԵՏՆԵՐԸ


Տարբեր առիթներով համոզվում ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ջանք չի խնայում հայրենասեր սերունդ դաստիարակելու գործում£ Այս իրողության մեջ մեկ անգամ ևս համոզվեցինք` այցելելով Արմավիրի մարզի Արաքս գյուղը£ Արաքսի ափին, Մասիսի ոտքերի տակ փռված սահմանամերձ այս բնակավայրում լսվում է գետի էն ափից զռզռացող մոլլայի գայլականչը£ Գյուղի միջնակարգ դպրոցը մասնակցել էր «Հայ ասպետ» ԿԲՀ հեռուստախաղին և հաջողություններ գրանցելով` վաստակել էր հնգօրյա շրջագայություն` Հայաստանի պատմամշակութային վայրեր, որն իրականացվեց ՀՀ Պաշտպանության նախարարության հովանու ներքո£ Աշակերտներին նախագծի պատասխանատուներն ապահովել էին բոլոր անհրաժեշտություններով, որպեսզի շրջայցը ոչ միայն հետաքրքիր, այլ նաև ուսանելի լինի£ Ու հետո աշակերտ-ասպետներն անթաքույց հրճվանքով նկարագրում էին այն ապրումներն ու հուզումները, ոգեշնչումը, որ ստացել էին Նորավանքում, Սպիտակավորում, Նժդեհի շիրիմի մոտ, Տրդատում, Սևակի գյուղում և տասնյակ կիլոմետրեր հայոց ձորերն ու սարերը ոտքի տակ տալուց£ Ակտիվ հանգիստը լի է եղել մարզական, հոգևոր, մշակութային միջոցառումներով, իսկ վառված խարույկի շուրջ երեկոները` ավելի տպավորիչ£ Արաքսի միջնակարգ դպրոցը ներկայացնող ասպետների ղեկավար, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Ղազարյանն այդ ամենը խիստ դաստիարակչական է համարում ու կարևորում. - Շնորհիվ ՀՀ Պաշտպանության նախարարության և հեռուստախաղի կազմակերպիչների, դպրոցականները հնարավորություն ունեցան ճանաչել մեր հայրենիքը, սիրել իրենց մագլցած ժայռերը, քարով հավերժացած դարերի խորքը գնալ և... Արշավանքը բացի հաճելի ժամանակից, աշակերտներին հնարավորություն ընձեռեց շփվել Հայոց բանակի հետ, նրանք զորամասում տեսան ու տնտղեցին ռազմական գործի «պարագաները», իսկ զինվորական կյանքով ապրելն արդեն պարգև էր£ Մի քանի օրը մասնակիցներին շատ բան տվեց` նրանք սովորեցին վաղ արթնանալ, զինվորաբար նախաճաշել, «վերակարգի» մասնակցել, վազել, կոփվել... Մի լավ «չարչարվեցինք», բայց դրա համար անչափ շնորհակալ ենք բարյացակամ ու պատրաստակամ սպաներին, զինվորներին£ Եվ այդ հատուկ պայմաններում հայրենիքի մի անկյունում օրեր անցկացնելը շատ արդյունավետ ու նպատակային է աճող սերնդի հոգեբանական կերտվածքի գործում£

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ