ՀԱԿ-Ի ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ


 

Անտարակույս, ՀԱԿ-ի գործունեության քաղաքական գնահատականը դեռևս առջևում է, սակայն այսօր կարող ենք ասել, որ ՀԱԿ-ը բնավ էլ չդարձավ այն հզոր քաղաքական թիմը, որն ապրում էր երկրում բարեփոխումներ իրականացնելու նպատակներով: Գերխնդիրը խորհրդարանում խմբակցության ձևավորումն էր: Եվ այն հաջողվեց: Նաև ապահովվեց երկրի վարկանիշի բարձրացումը. Հայաստանում խորհրդարան եկան ընդդիմադիր ուժեր: Ուրիշ ոչինչ:

Քաղաքական առևտուրը կայացավ: Ուրեմն, «Օրինաց երկրի» օրինակը վարակիչ էր շատերի համար, ուրեմն` այսօր Հայաստանին անհրաժեշտ է որակապես նոր ընդդիմություն: Ի դեպ, անկախ հետընտրական զարգացումներից, վաղուց էր հասունացել նոր տիպի ընդդիմության ձևավորման հարցը:

Աշխարհը փոխվել է, առաջադիր են դարձել նոր սկզբունքներ և նոր պատկերացումներ, Հայաստանն էլ թևակոխել է քաղաքական զարգացումների նոր շրջափուլ: Հետևաբար, միայն նոր ընդդիմությամբ հնարավոր կլինի առաջխաղացումներ արձանագրել քաղաքական համակարգում:

Դեռևս ընտրություններից առաջ հասկանալի էր, որ Հայ ազգային կոնգրեսը լիովին փոխել է իր մարտավարությունն ու, հանուն խորհրդարանում մանդատներ ունենալու, կոշտ ընդդիմությունից անցում է կատարել դեպի «փոխզիջումային մրցակցի»: Արդյունքում ներքին հակասություններ ծագեցին ինչպես Կոնգրեսի ուժերի միջև, այնպես էլ այն հանրության շրջանում, որը կանգնած էր դաշինքի կողքին և պատրաստ էր հեղափոխական ցանկացած քայլի: Հանրության շրջանում ձևավորված դժգոհությունները, բարեփոխումների նկատմամբ ունեցած սպասումներն այն խորապատկերն էին, որի վրա քայլ առ քայլ «բարձրանում» էր ՀԱԿ-ն ու գոյավորում իր ընտրազանգվածը` արդեն 2011-ի սկզբներին ունենալով այն «կրիտիկական զանգվածը», որն անհրաժեշտ էր ցանկացած ծրագրի իրագործման համար: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա որոշ համախոհները, որոնց կարելի է «ռևանշիստներ» համարել, այլ խնդիրներ ու նպատակներ էին հետապնդում: Նրանց հետաքրքրում էր միայն ու միայն խորհրդարան գալու խնդիրը, հետևաբար սկիզբ առան բանակցությունները իշխանությունների հետ, որոնք տևական ժամանակ մատուցվեցին որպես ժողովրդավարական գործընթացներ: Իսկ աշխարհում ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը միշտ էլ ընդունելի է, միշտ էլ քաջալերվում է` եթե, իհարկե, ընդդիմությունը կառուցողական է և ունի ծրագրային-հայեցակարգային մոտեցումներ: Երկխոսության տապալումը ՀԱԿ-ը փորձեց վերագրել իշխանություններին, մինչդեռ ի սկզբանե պարզ էր, որ այդ երկխոսությունը ծխածածկույթ էր` թաքցնելու ընդդիմության իրական նպատակները: Նախընտրական արշավի նախօրյակին արդեն պարզ էր, որ ՀԱԿ-ին խոստումներ էին տրվել, որոնք բավարարում էին ընդդիմադիրների նվազագույն պահանջները: ՀԱԿ վերջին հանրահավաքն ապացուցեց, որ ընդդիմության առաջնորդի համար ընտրություններն, ըստ էության, ավարտվել են: Սակայն չէին ավարտվել Արամ Զ. Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, մյուսների համար: Ահա ինչու նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի ընդդիմությունը չկորցներ իր վարկանիշը, չվերածվեր սովորական խմբակի, որի ներկայությունն անհրաժեշտ էր` ընտրություններին ժողովրդավարական երանգներ հաղորդելու համար:

Հետընտրական զարգացումները, երբ ՀԱԿ-ից հեռացան «Հանրապետությունն» ու Լիբերալ կուսակցությունը` նույնպես սպասված էին: «Հանրապետությունն» ի սկզբանե չէր կամենում մաս կազմել ՀՀՇ-ի, որը ՀԱԿ-ի անթաքույց ողնաշարն է: Դեռևս համամասնական ցուցակը կազմելիս Արամ Զ. Սարգսյանն իր անհամաձայնություններն էր հայտնել, անգամ խնդրել իրեն չընդգրկել այդ ցուցակում: Բայց նրա հեռանալը կբացեր բոլոր խաղաթղթերը, ՀԱԿ-ը կկորցներ իր ընտրազանգվածի մի ահռելի հատված: Ընտրություններից հետո «Հանրապետության» առաջնորդն ընտրեց նոր մարտավարություն` այժմ կազմակերպելու համար արտախորհրդարանական ընդդիմությունը: Իսկ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած Լիբերալ կուսակցությունը, ըստ էության, ստեղծված էր միայն ՀՀՇ աջակցությամբ` իշխանության մեջ տեղ զբաղեցրած, ապա խորհրդարանական գործունեությամբ տապալված նախկին կոմունիստի և նախկին «լիբերալի» ամբիցիաներին հագուրդ տալու համար: Ակնհայտ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սրտով չէր այս մարդու հայտնությունը հարթակին, ուստի վերջինս երբեք ելույթներով հանդես չեկավ, այլ մնաց` լոկ թվաքանակ ապահովելու համար: Հովհաննես Հովհաննիսյանը մանդատ չստացավ: Եվ չէր էլ ստանալու, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը գիտեր մոտավոր այն տոկոսների չափը, որոնք բաժին էին ընկնելու ՀԱԿ-ին: Ուստի նա բողոքարկումների կոչեր չհնչեցրեց` գուցեև ուրախանալով, որ ՀԱԿ-ի խմբակցությունը ձերբազատված կլինի նման անձերից: Ու նա սատարեց այնպիսի մարդկանց, ովքեր խորհրդարանում կարող են որակ ստեղծել, հանդես գալ կիրառական նշանակություն ունեցող հայտարարություններով և առաջարկություններով: Որքան էլ Հրանտ Բագրատյանի անձն անընդունելի է մեր հասարակության համար, այնուհանդերձ նա կրողն է որոշակի տնտեսագիտական հայացքների, որոնք կարող են օգտակար լինել օրենսդիր աշխատանքում: Նիկոլ Փաշինյանն էլ ընդդիմադիր շարժման նոր հայեցակարգեր է ներկայացնում` աստիճանաբար վերածվելով ընդդիմության առաջնորդի: Իսկ այսօր արդեն ՀԱԿ-ից հեռացողները ոչ այնքան գաղափարական-հայեցակարգային տարաձայնություններ ունեցողներն են, այլ գլխավորապես մանդատներ չստացածները: Մի հանգամանք ևս արժե կարևորել: ՀԱԿ-ը միավորումից ցանկանում է վերածվել կուսակցության: Իսկ սա նշանակում է, որ մյուս բոլոր կուսակցությունները պետք է ներծծվեին Կոնգրեսի մեջ` դառնալով մեկ ամբողջություն: Սա գուցե ճիշտ է քաղաքագիտական ընկալումների տեսանկյունից, սակայն չի կարող ընդունելի լինել այն մանր կուսակցությունների համար, որոնք դարձել են ՀԱԿ անդամ: Նրանք զրկվում են ինքնուրույնությունից, ամբիցիաներից, միջազգային դրամաշնորհներից, առաջնորդ երևալու հավակնություններից: Հակասությունների պատճառների հիմքում այս էլ կա: Ավելին, վերածվելով մոնստր-կուսակցության` ՀԱԿ-ի նպատակն է ձերբազատվել ՀՀՇ ներկայությունից, մարդկանց միջից ջնջել վատ հիշողություններն այդ կուսակցության մասին: Սակայն գոնե առաջիկա քսան տարում դա հնարավոր չէ, քանի որ դափնիներ ստանալով պետության ու բանակի, Սահմանադրության, միջազգային դիվանագիտության ստեղծման ասպարեզներում, ՀՀՇ-ն, այնուհանդերձ, դեռևս պատասխանատվության մեծ բեռ ունի այն ամենի համար, ինչը կատարվեց երկրում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ