ՄԵԿ ԱՅԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՎՍ


 

Թվում էր, թե վերջնականապես լուծվել է խորհրդարանի նախագահի հարցը, և Հովիկ Աբրահամյանը նորից զբաղեցնելու է ԱԺ նախագահի պաշտոնը` այն համարելով իր համար անցողիկ մինչև նախագահական ընտրություններ: Սակայն ներիշխանական կուլիսներում քննարկվում է մեկ այլ թեկնածություն ևս` այս անգամ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ով համարվում է եվրոպական կրթություն ստացած առաջավոր գործիչ, ում անձն ընդունելի է շատերի համար: Վիգեն Սարգսյանի թեկնածությունը առաջարկվել է ինչպես երկրի նախագահի, այնպես էլ մի խումբ երիտասարդ հանրապետականների կողմից, ովքեր այսօր որոշակի խնդիրներ ունեն ավագ սերնդի հետ: Վ. Սարգսյանի թեկնածության հավանականությունը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ նա լինելով ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ, մինչև օրս ինքնաբացարկի դիմում չի գրել: Եթե, այնուամենայնիվ, Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ համաձայնություն ձևավորվի, ապա այս դեպքում գագիկ Ծառուկյանը կշարունակի պնդել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու օգտին: Հայտնի է, որ ԲՀԿ-ն չի կամենում Տիգրան Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում, մինչդեռ հենց որոշ եվրոպական կառույցներ նրա գործոնով են պայմանավորում Հայաստանում տնտեսության կարգավորման գործընթացները: