ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ 


 

Վաղը` մայիսի 24-ին, Լոնդոնի ֆոնդային բորսայում, վաճառքի է հանվելու Վրացական երկաթուղու բաժնետոմսերի 25 տոկոսը: Ըստ որոշ վրացական գործիչների, այդ մասը կամենում է գնել Միխեիլ Սահակաշվիլու քեռին, ով հանդես է գալիս օֆշորային գոտում գրանցված ինչ-որ ընկերության անունից: Սակայն հնարավոր է, որ 250 միլիոն դոլար արժեցող այս բաժնեմասի տեր դառնան ադրբեջանական կամ թուրքական որոշ ընկերություններ: Երկու պետությունն էլ կամենում են տարածաշրջանում տեր դառնալ երկաթուղային հանգույցների` միաժամանակ նպատակ ունենալով Հայաստանն ամբողջապես տանել խորը մեկուսացման և հարվածել նրա տնտեսության զարգացմանը:

Այս տխուր հեռանկարը բնավ էլ տեսական ոլորտից չէ: Այն հանգամանքը, որ տևական ժամանակ վրացական իշխանությունները հերքում էին բաժնեմասի վաճառքի մասին լուրերը, խոսում է այն մասին, որ Թբիլիսիի և Բաքվի միջև կարող են լինել ծածուկ պայմանավորվածություններ, որպիսիք միշտ էլ առկա են տարբեր ոլորտներում: Ժամանակին Վրաստանը, անտեսելով Հայաստանի շահը և համաձայնության գալով թուրքական ու ադրբեջանական իշխանությունների հետ, սկսեց կառուցել Կարս-Ախալքալաք երկաթուղին, իսկ հիմա էլ վաճառում է բաժնետոմսերի մի մասը…

Ժամանակ առաջ Վրաստանի վարչապետ Գիլաուրին հավաստիացնում էր, թե երկաթուղին պետական-ռազմավարական ընկերություն է, և դրա վաճառքը բացառվում է: Սակայն պարզվում է, որ երկրի վարչապետն էլ էր ստել` գուցե չկամենալով Հայաստանին իրազեկել այն վտանգների մասին, որոնք կարող են անխուսափելի լինել: Իհարկե, մեկ օրվա ընթացքում հազիվ թե Հայաստանը կարողանա փոխել իրավիճակը` որևէ գնորդի մղելով դեպի աճուրդ:

Այս ամենը հրամայական է դարձնում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման անհրաժեշտությունը: Այդ դեպքում Հայաստանը կախված չի լինի տարբեր անմաքուր խաղերից…